Իրանցիների այցելությունը Հայաստան և COVID-19 ի դեմ անվճար պատվաստումը գնալով ավելի կազմակերպված բնույթ է ստանում։
Իրանական տուրիստական գործակալությունների կայքէջերում հաճախ կարելի է հանդիպել գովազդների՝ դեպի Հայաստան շրջայց կազմակերպելու և պատվաստում ստանալու համար։ Իրանի Իսլամական Հանրապետությունը COVID-19 ի պատվաստանյութ ապահովելու մեծ դժվարություն ունի և առայժմ չի կարողանում բավարարել երկրի կարիքները։ Իրանի հարևան երկրներից միայն Հայաստանում է, որ զբոսաշրջիկներն անվճար, ապահով և առանց հերթագրման պատվաստում են ստանում։
Իրանցիները պատվաստում ստանալու համար Հայաստան են գալիս օդային և ցամաքային ճանապարհներով։ Փորձագետների կարծիքով պատվաստման խիստ կարիք ունեցող իրանցու համար ավելի լավ է կարճ ժամանակով ճամփորդել Հայաստան, քան Իրանի սև շուկայից գնել COVID-19 ի պատվաստանյութ, որն անգամներ ավելի թանկ է։ https://farsi.alarabiya.net/-ի հաղորդման համաձայն, մաքսանենգ ճանապարհով Իրան հասած պատվաստանյութերն արժեն 1000-2400 ԱՄՆ $ (թանկ է ամերիկյան Ֆայզերը)․ այն դեպքում, որ հազար դոլարով կարելի է ցամաքային ճանապարհով Երևան հասնել և վստահելի պատվաստում ստանալ։
Կարդացեք նաև
Վերջին օրերում Իրանում հաճախակի է քննարկվում կորոնավիրուսի դեմ պատվաստման հարցերը, պատվաստանյութերի ներմուծումը, տեղական արտադրանքը և պակասորդի պատճառները։ Իրանի Իսլամական պետության առաջնորդ պրն Խամենեին օրերս հանդիսավոր կերպով պատվաստվեց տեղական պատվաստանյութով, որպեսզի տեղական արտադրանքի հանդեպ վստահություն ներշնչի հասարակությանը։
Փորձագետների կարծիքով տեղական արտադրանքը ռուսական և կուբայական համագործակցության արդյունք է։ Իրանի կառավարության որոշումով տեղական պատվաստանյութը հանվելու է վաճառքի, բայց պարզվում է՝ գինը միջազգային շուկայից թանկ է լինելու։ Իրանի սննդի և դեղորայքի վարչության պետ Ջահանփուրն, իր թվիթերյան էջում անդրադառնալով այդ հարցերին և գնի բարձր լինելուն՝ անզգուշորեն վիրավորել է նաև քաղաքացիներին։
Այստեղ է, որ սոցիալական ցանցերում քննադատության տարափ տեղաց կառավարության պաշտոնյայի դեմ և որպես COVID-19 ի դեմ պայքարի դրական օրինակ հիշատակվեց նաև Հայաստանի Հանրապետության անունը։ Իմ ֆեյսբուքյան իրանցի ընկերներից մեկը իր էջում գրում է․ «Ուղեկցող հիվանդություններ ունեցող մեր քաղաքացիները մեծ դժվարություններ ունեն․ մեր երկրում պատվաստման տեմպը դանդաղ է և ես որպես Թավրիզի բնակիչ նկատում եմ, որ մեծ թվով քաղաքացիներ ցամաքային ճամփորդության տանջանքը կրելով մեկնում են Հայաստան՝ պատվաստում ստանալու համար։ Սա Իրանի ժողովրդի համար պատվաբեր չէ, իսկ պետական պաշտոնյան էլ մյուս կողմից վիրավորում է քաղաքացու զգացմունքները»։
COVID-19 ի դեմ պատվաստում ստանալու նպատակով դեպի Հայաստան կազմակերպվող շրջագայությունների համար ընդարձակ նյութ է հրապարակել նաև բրիտանական «Ինդիպենդենտի» պարսկերեն հավելվածը և Հայաստանի ու Իրանի վերաբերյալ պատվաստվելու, պատվաստանյութերի տեսականու և պաշարների մասին համեմատություններ է կատարել։
Տիգրան ԴԱՎՈՒԴՅԱՆ