Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք այլ ժողովուրդ չունենք

Հունիս 27,2021 22:01

Իր «Վեպ-հիշողությունում» Անատոլի Ռիբակովը նկարագրում է Ստալինի երկխոսությունը ոմն Պոլիկարպովի հետ, որը որոշել էր առաջնորդին բողոքել սովետական գրողների հարբեցողության, այլասերվածության, եւ ընդհանրապես՝ գաղափարապես ոչ կոռեկտ վարքի վերաբերյալ: Այդ Պոլիկարպովը պարտավոր էր սույն գրողների հանդեպ իրականացնել գաղափարական վերահսկողություն: «Ընկեր Պոլիկարպովի համար այլ գրողներ ես չունեմ, իսկ ահա գրողների համար այլ Պոլիկարպով կգտնենք», – որոշեց Ստալինը, եւ հաջորդ օրը Պոլիկարպովը հայտնվեց Մանկավարժական ինստիտուտում՝ որպես ռեկտորի տեղակալ՝ տնտեսական գծով:

Համաձայնեք, որ այս երկխոսությունը շատ ցուցանելի է մեզ մոտ անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների համատեքստում, որոնց արդյունքում Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացավ «Պողպատե մանդատ»: Կարելի է երկար քննարկել նման քվեարկության պատճառները, խոսել խախտումների, վարչական լծակների, եւ հայկական ընտրական գործընթացի այլ հրաշքների մասին: Կարեւոր է հասկանալ մի բան՝ քվեարկածների մեծ մասն ուզո՛ւմ է այն ամենն, ինչի մասին խոսում է Փաշինյանը:

Այստեղ կարելի էր ավարտել՝ հիշելով հին հռոմեական ասացվածքը ժողովրդի ձայնի մասին: Խնդիրն այն է, որ մարդիկ, որոնք ծանրաբեռնված են գիտելիքներով, շատ լավ հասկանում են, թե հատկապես ինչի մասին է խոսում Փաշինյանը: Ընդգծված անիմաստ «Պողպատե մանդատ» բառակապակցության մեջ դժվար չէ տեսնել «Ստալին» անվան հետ նմանությունը (պողպատ- сталь), իսկ Օրենքի դիկտատուրա բառերը քերված են օրենքի դիկտատուրայի վերաբերյալ թեզիսներից, որից ակտիվորեն օգտվում էր Պուտինը՝ իր կառավարման ամենասկզբում: «Խորքային ժողովրդի» մասին ձեւակերպումը լկտիորեն «թխած է» Պուտինի աջակցության արմատների մասին Վլադիսլավ Սուրկովի ծրագրային հոդվածից:

Այս զուգադիպությունները միայն առաջին հայացքից են պատահական: Իրականում դրանք հիանալի կերպով նկարագրում են այն ուղղությունը, որը մեզ անամոթաբար խոստանում են: Եվ չեն ամաչում խոսքերը գործով ապացուցել: Ապացույցների համար հեռուն գնալ պետք չէ: Միհրան Հակոբյանի մեքենայի տակ պայթած նռնակը, Օձունի ծեծված գյուղապետը, կալանավորված Չարչյանը եւ լուրերն այն մասին, որ նիկոլական իշխանության հանդեպ ոչ բավարար լոյալություն դրսեւորող չինովնիկներին դուրս են մղում աշխատանքից, հրաշալի պատկերազարդում են ինչպես «Պողպատե մանդատի», այնպես էլ Օրենքի դիկտատուրայի իմաստային բովանդակությունը: Ընդգծեմ՝ այս ամենը տեղի ունեցավ հետընտրական առաջին երեք օրերի ընթացքում:

Ստացվում է, որ ժողովուրդը հենց դա՞ է ուզում: Պետք չի ինքնախաբեությամբ զբաղվել, այո, հենց դա: Պատիժ՝ առանց դատի: Ծեծ՝ ոչ բավարար հավատարմության համար: Թրի տակով անցնել: Եվ ահա՝ լիարժեք հասկանալու համար, որպեսզի չմնա ոչ մի թերասացություն, պետք է տալ վերջին եւ ամենակարեւոր հարցը՝ իսկ ո՞վ է այդ ամենի թիրախը: Այդ ո՞ւմ պետք է առանց դատուդատաստանի պատժեն, ծեծեն եւ թրի տակով անցկացնեն:

Ես ունեմ այդ հարցի պատասխանը: Բայց այն գրելն անիմաստ է: Իսկ դու, իմ իմաստուն ընթերցող, ուղղակի պարտավոր ես ինքդ պատասխանել այդ հարցին: Քեզ համար:

Ս. Յ.

Հ.Գ.- Եվ այո, ես վերադարձել եմ:

Ա․ «Առավոտը» վերականգնում է «30+» խորագիրը: Հիշեցնենք, որ դրանք երեսունն անց քաղաքացու մտորումներ են արդիական խնդիրների, ինչպես նաեւ հետաքրքիր գրքերի մասին: Նշենք նաեւ, որ հեղինակն աշխատում է IT ոլորտում, որեւէ կուսակցության անդամ չէ, որեւէ քաղաքական գործընթացում ներգրավված չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել