Ընդամենը երկու բաղադրիչով պատրաստվող շատ համեղ պաղպաղակ կամ ավելի ճիշտ՝ սորբե, պատրաստելու համար ձեզ պետք է միայն օշարակ եւ միրգ, եւ անպայման՝ էլեկտրական կոտորակիչ՝ բլենդեր:
Օշարակը կարող է լինել ինչպես նախապես պատրաստվածվարդի, բալի, անանուխի, ռեհանի օշարակ , այնպես էլ պարզ շաքարաջուր: Եթե չունեք որեւէ օշարակ, պարզապես վերցրեք մեկ բաժակ շաքարավազ, լցրեք կաթսայի կամ ջազվեի մեջ, ավելացրեք կես բաժակից մի քիչ ավելի ջուր, դրեք թող եփվի, ապա թողեք սառչի:
Հատապտղային սորբեի համար պետք են տարբեր հատապտուղներ՝ 1,5-2 բաժակ եւ օշարակ՝ կես բաժակ: Հատապտուղները դրեք սառցախցիկ 1-2 ժամով, ապա լցերք բլենդերի մեջ, վրան ավելացրեք օշարակը եւ հարեք: Որքան հզոր լինի ձեր բլենդերը՝ այնքան արագ կմանրանա եւ միատարր զանգվածի կվերածվի ձեր պաղպաղակը: Պատրաստի սորբեն կարող եք մատուցել նույն պահին, կարող եք լցնել պլաստիկե ամանի մեջ, դնել սառցախցիկ եւ մատուցել մի քանի ժամից:
Մանգոյով սորբեի համար հարկավոր է մեկ մանգո՝ կեղեւը հանած, մանր կտրատած եւ կրկին մի քանի ժամով սառցախցիկը դրված, ինչպես նաեւ կես բաժակ օշարակ կամ 2 ճաշի գդալ մեղր: Կարող եք ավելացնել նաեւ մեկ ճաշի գդալ կոնյակ կամ ռոմ: Նորից հարում եք բլենդերով եւ մատուցում կամ լցնում պլաստիկե ամանի մեջ, դնում սառցախցիկ մի քանի ժամով, ապա նոր մատուցում:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում:
Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ