«Դինամո» մարզադահլիճում անցկացվեց Ջիու-ջիցուի Հայաստանի բաց առաջնությունը՝ նվիրված 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված Գարիկ Արեւիկյանի հիշատակին: Առաջնությանը մասնակցում էին տարբեր մարտարվեստներ ներկայացնող տարիքային խմբերի շուրջ 200 մարզիկներ:
Հայաստանի ջիու-ջիցուի եւ գրեփլինգի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Միրիբյանն ասաց, որ առաջնությունն անցկացվում է երկու ձեւաչափով՝ «Գի» եւ «Նո գի», այսինքն, կիմոնոյով եւ առանց կիմոնոյի, ջիու-ջիցուի միջազգային ֆեդերացիայի կանոններով, իսկ մենամարտերը սպասարկում են լիցենզավորված մրցավարները:
«Ուզում եմ ընդգծել, որ չնայած COVID 19-ի համավարակի հետ կապված գրեթե մեկ տարի տեւած սահմանափակումներին, հետաքրքրությունը մեծանում է ոչ միայն մեր մարզաձեւի, այլեւ մյուս մարտարվեստների նկատմամբ, քանի որ հայ ազգը տեսակով պայքարող է, մարտնչող է: Մենք դա զգում ենք տարբեր տարիքային խմբերում մարզվողների թվաքանակի աճով: Ջիու-ջիցուն եւ գրեփլինգը աշխարհում ամենից արագ զարգացող մարզաձեւերից են եւ չի բացառվում, որ ոչ հեռու ապագայում ընդգրկվեն օլիմպիական խաղերի ծրագիր»,-ասաց Ռուբեն Միրիբյանը:
Կարդացեք նաև
Պատասխանելով Aravot.am-ի հարցին՝ ֆեդերացիայի նախագահը նաեւ նշեց, որ Հայաստանի առաջնությունների արդյունքով ձեւավորում են տարբեր տարիքային խմբերի հավաքականներ եւ նախապատրաստվում միջազգային հեղինակավոր առաջնությունների ու մրցաշարերի: Ճիշտ է, վերջին շրջանում նույն համավարակի պատճառով որոշակի անորոշություն կա, իսկ նախապես նշված մրցումները կամ չեղարկվում են կամ ժամկետներն են փոխվում: Թերեւս, մասնակցության առումով համեմատաբար իրական են ներկայանում Միացյալ Արաբական Էմիրություններում նախանշված մրցաշարերը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ