Ծննդով Շուշիից Սլավա Սարգսյանի ընտանիքի մեծ մասը Արցախյան 44-օրյա պատերազմից հետո շարունակում է ապրել Ստեփանակերտում, իսկ ինքն իր կնոջ, 3-րդ կարգի հաշմանդամ փոքր տղայի և միակողմանի ծնողազուրկ թոռնիկի հետ միասին արդեն կես տարի է՝ բնակվում է Դիլիջանում։ Սկզբում ընտանիքը ապաստանել է Դիլիջանի մանկական առողջարանում, իսկ մի քանի շաբաթ առաջ տեղափոխվել է վարձով բնակարան։
Ասում է՝ Շուշիի իրենց տանից ոչինչ չեն վերցրել, որովհետև վստահ էին, որ կվերադառնան։ Միակ ունեցվածքը բեկորներից վնասված մեքենան է․
«Մեզ ասեցին հինգ օրով դուրս եկեք, հետո կվերադառնաք, բայց տեսանք ինչ եղավ։ Մեքենայով պատերազմի ընթացքում զինվորներին օգնել ենք՝ տղաս զինվորական պահեստում էր աշխատում։ Էս մեքենայից բան չէր մնացել, Երևանում են վերանորոգել։ Մենք Շուշիից հոկտեմբերի 30-ին ենք դուրս եկել, դրանից 3 օր անց Շուշին փակվել է»,- մեզ հետ զրույցում պատմել է Սարգսյանը։
Կարդացեք նաև
Սլավան պատմում է, որ Դիլիջանում իրենց լավ են նայում և մեծ հաճույքով այստեղ կապրեր․
«Մենք էլ չենք ուզում վերադառնալ Արցախ, էսքան պատերազմ տեսանք, էլ չենք ուզում հետ գնալ, թոռնիկս էլ է վախենում, ասում է ՝ դեդո, էնտեղ պատերազմ է։ Ես մեծ հաճույքով կմնամ և Դիլիջանում կապրեմ, եթե մեզ այստեղ փոքրիկ բնակարան տան, թեկուզ չվերանորոգած։ Ես այստեղ կապրեմ, իմ ձեռքով կսարքեմ։ Հայաստանը ես շատ եմ սիրում և միշտ էլ ցանկություն եղել է այստեղ ապրելու, բայց եթե էստեղ չտան Ստեփանակերտում տուն տան, պտի գնամ, ինչ անեմ, բայց դեռ ոչ մի հույս չունենք, որ տուն կունենանք։ Բոլորը խոսում են՝ ասում են կլինի տուն, բայց ո՞ւր է, վարձով ենք ապրում։ Գնացինք Արցախ, ասում են նոր շենքերը կկառուցվեն, էնտեղ ձեզ տուն կտանք, բայց ես դրան չեմ էլ հավատում։ Տղաս 3-րդ կարգի հաշմանդամ է, երեք անգամ փորձել է Արայիկ Հարությունյանին հանդիպել, բայց ոչ մի անգամ տեղում չի եղել»։
Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ