Ըստ ավանդության` Ս. Աստվածածնի տուփը, որտեղ պահվել է Տիրամոր գլխանոցը, հայտնաբերել են երկու հույն իշխաններ, որոնք Երուսաղեմ ուխտի գնալիս Գալիլիայում մի հրեա կնոջ մոտ տեսնում են այդ տուփը, որի զորությամբ հիվանդներ էին բժշկվում: Տուփը փոխելով իր կրկնօրինակով՝ երիտասարդներն այն բերում են Կոստանդնուպոլիս և հանձնում պատրիարքին: Պատրիարքը տուփը զետեղում է Սուրբ Աստվածածին եկեղեցում և հաստատում Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը:
Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը մեր եկեղեցին 18-րդ դարից է սկսել տոնել՝ Սիմեոն Երևանցի կաթողիկոսի կարգադրությամբ:
Այսօր Արցախի Ճարտար քաղաքի Սուրբ Վարդան եկեղեցում հանդիսապետությամբ ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ։
Սրբազան հայրը քարոզի ընթացքում խոսել է ազգային միասնության մասին, այդ համատեքստում նշելով, որ աղոթքով է միաբանվում ազգը, և այդ միասնությունը նույնպես աղոթքով է հզորանում։
Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը ուրախությամբ նշել է, որ առաջին անգամ է Պատարագ մատուցում Սուրբ Վարդան եկեղեցում, ինչպես նաև խորին շնորհակալություն է հայտնել ռուսաստանաբնակ բարերար Վլադիմիր Ավագյանին` այսչափ կարևոր գործին լծվելու, հովանավորելու և եկեղեցին կառուցելու համար։
Պատարագիչն անդրադարձել է նաև տոնի խորհրդին, հավատացյալներին շնորհավորել և հորդորել, որ միշտ աղոթքների մեջ ապրեն։
Սուրբ Պատարագի վերջում հավատացյալներին մատաղ է բաժանվել։
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ