«Ատելության խոսքը պարզապես բառեր չեն, հատկապես՝ եթե դա հնչում է իշխանական դիրքից հանդես եկող անձի կողմից, որը բոլոր հավաքների ժամանակ շրջապատված է հազարավոր ոստիկաններով»,-այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստից հետո, որտեղ ամփոփվեցին ԱԺ արտահերթ ընտրությունների վերջնական արդյունքները, ասաց «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը:
Սակայն, ըստ նրա, «Զարթոնք» կուսակցության դիմումը, որտեղ ներկայացվել էին ատելության խոսքի օրինակները՝ «համայնքի ղեկավարների գլուխները ջարդելու են, փռելու են ասֆալտին, վենդետա անելու են եւ այլն», ԿԸՀ-ն մերժել է: Մինչդեռ այդ արտահայտություններն ուղղակիորեն ազդեցություն են ունեցել ընտրությունների արդյունքներ վրա:
Արամ Վարդեւանյանն ասաց, որ Վարչական դատարանը բավարարել է «Հայաստան» դաշինքի դիմումը եւ ունեն փաստ, որ իշխանության կողմից չարաշահվել է վարչական ռեսուրսը:
«Առհասարակ, երբ ասում ենք, որ ընտրական գործընթացն անվավեր է, դուք մի նայեք զուտ մաթեմատիկական տվյալներով. սա մեկ ձայն այս կողմ, երկու ձայն այն կողմը չէ: Դրա համար էլ հենց օգտագործում էինք համակարգված խախտումներ եզրույթը»,- ասաց նա:
Կարդացեք նաև
Ըստ նրա, եղել են համակարգված խախտումներ. «Մեկ միլիոն 260 հազար մարդ է մասնակցել ընտրության, եւ 109 հազար անձի անձնագիրը չի աշխատել: 2017-ին այդ թիվը կազմել էր 230 հազար, 2018-ին՝ 130 հազար: Ես կարո՞ղ եմ կասկածել, որ իրականում, մասնագետի կողմից այդ պահին լրացվել է ոչ թե այն անձի տվյալները, որը լրացվել է մեկ այլ անձի տվյալ, կարո՞ղ եմ կասկածել, որ այդ անձանց անձնագրերը եղել են ոչ պատշաճ ի սկզբանե: Մեկ այլ հանգամանք՝ զինվորների քվեարկությունը: Զինվորական գրքույկով բազմաթիվ չարաշահումներ կարող են լինել: Ի սկզբանե զինվորների քվեարկության թիվը գաղտնի է»:
Ըստ նրա, եթե դիտարկում ենք անձնագրերի, զինվորների, շրջիկ քվեարկողների մեխանիզմի հնարավորության խնդիրները, խոսքը գնում է 200 հազարից ավելի քվեի մասին, որն ընտրությունների ելքն ամբողջությամբ փոխող թիվ է. «Այս հանգամանքներն ամբողջությամբ ներկայացվելու են Սահմանադրական դատարան»:
Արամ Վարդեւանյանի խոսքով, պատրաստվում են ՍԴ-ին ուղղված դիմումը ներկայացնել հնարավորինս սեղմ ժամկետներում՝ 5-օրյա ժամկետում:
«Սահմանադրական դատարանում վեճի լուծումից հետո նոր կքննարկենք մանդատների հարցը: Սահմանադրական դատարանում վեճի լուծումից հետո նոր կքննարկենք դա։ ՍԴ-ն կարող է ընդունել 3 տեսակ որոշում՝ ընտրության արդյունքները անվավեր ճանաչել, այն, ինչ բարձրաձայնել էինք ԿԸՀ-ում, որն ուներ ստրատեգիական նշանակություն, քանի որ հանուն արդարության որեւէ ակնկալիք չկա, այսպիսի դիմումները երբեւէ պատշաճ քննության առարկա չեն դարձել, ոչ էլ փոփոխություն են ենթադրել, միշտ Սահմանադրական դատարանն է որոշակի իրավիճակ փոխել։ Երկրորդ որոշումը, որ կարող է ընդունել՝ ընտրության արդյունքները անվավեր ճանաչել եւ նշանակել երկրորդ փուլ, երրորդը՝ ընտրության արդյունքները անվավեր ճանաչել եւ սահմանել մանդատների բաշխման նոր կարգ»,- ասաց պարոն Վարդեւանյանը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ