Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա կաթողիկոսի ընտրութեան և օծման 26-րդ տարեդարձը նշւեց Ատրպատականի հայոց թեմում
Կիրակի 27 Յունիս 2021ին, Ատրպատականի հայոց թեմի եկեղեցիներում մատուցուած սուրբ եւ անմահ պատարագի ընթացքում հանդիսաւորապէս նշւեց Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Նորին Սուրբ օծութիւն Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի կաթողիկոսական ընտրութեան եւ օծման 26-րդ տարեդարձը, Հայրապետական յատուկ մաղթանքով։
Թաւրիզի Լիլաւա հայաշատ թաղամասի Սբ Սարգիս եկեղեցում այս առիթով հանդիսաւոր սուրբ պատարագ մատոյց եւ իր պատգամը տւեց Գերշ. Տ. Գրիգոր Ս. Արք. Չիֆթճեան, առաջնորդ Ատրպատականի հայոց թեմի։
Տէրունական աղօթքից՝ «Հայր Մեր»֊ից առաջ, նախագահութեամբ պատարագիչ առաջնորդ Սրբազան հօր, խորանի բեմում կատարւեց «Մաղթանք Հայրապետական»-ի արարողութիւնը: «Ուրախ լեր» շարականից յետոյ, որն կատարւեց Կոմիտաս երգչախմբի միջոցով, խմբավարութեամբ երաժիշտ Վարդան Վահրամեանի, Քարմէն Աբրահամեան ընթերցեց Պօղոս Առաքեալի նամակը: Խորանին սպասարկում էր Վարդան Սրկ. Տէր Մարտիրոսեանը, իսկ մոմակրութիւնը կատարում էին Էմելիա Աբրահամեանն ու Սելինա Ազիզեանը:
Կարդացեք նաև
Առաջնորդ Սրբազան հայրը աղօթքների եւ աւետարանական հատւածի ընթերցումը կատարեց եւ ապա տւեց իր պատգամը: Օրւայ աւետարանական հատւածը մեկնաբանելուց յետոյ անդրադարձաւ Սբ Աստւածամօր «Տփոյ գտման» տօնի խորհրդին եւ ապա վեր հանեց Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսական Սբ Աթոռի կարեւոր դերակատարութեան մեր ազգի կեանքում, որի ժամանակակից պատմութեան 26 տարիները եղան ու շարունակում են լինել աննախընթաց ներդրում՝ Արամ Ա. Կաթողիկոսի բազմաբեղուն գահակալութեամբ. «Արամ Ա. Կաթողիկոս անունը նշանակում է բաշխւող նւիրում ու անսպառ ծառայութիւն: Վեհափառը երբեք տարբերութիւն չի դնում իր իշխանութեան ներքեւ գտնւող թեմերում ապրող զաւակերի միջեւ, լինեն դրանք աղքատ թէ հարուստ, հանգամանաւոր թէ պարզ հաւատացեալներ: Նա բոլորիս սիրում է իր հայրական ջերմ սրտից բխած անկեղծ սիրով…»,- ասաց Սրբազանը:
Արարողութեան աւարտին երգչախումբը կատարեց «Կիլիկիա»-ն, որին միացաւ նաեւ ներկայ ժողովուրդը:
Ուրմիոյ Սբ Ստեփանոս եկեղեցում եւս, Սուրբ պատարագի ընթացքին տեղի ունեցաւ նոյն «Մաղթանք»-ը: Օրւայ պատարագիչ՝ Հոգեւոր հովիւ Արժ. Տ. Մարտիրոս Քհնյ. Ղուկասեանը կատարեց այն, մասնակցութեամբ Թադէ Կիս.Սրկ. Էլիասզադէի:
Ատրպատականի հայաշատ զոյգ քաղաքների եկեղեցիներում տեղի ունեցած սոյն արարողութիւնների ընթացքում հաւատացեալներ աղօթեցին Նորին Սրբութեան կենաց առողջութեան եւ բոլոր հիւանդների ապաքինման համար:
ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ ԱՏՐՊԱՏԱԿԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ