Չնայած Հարավկովկասյան երկաթուղու կողմից գնացքների երթևեկության անվտանգությունն ապահովելու համար մշտապես ձեռնարկվող միջոցառումներին՝ երկաթուղայինները սկսել են ավելի հաճախ բախվել վարորդների կողմից գծանցներում երթևեկության կանոնների խախտումների հետ:
Իսկ դա իր հերթին կարող է ՃՏՊ-ների պատճառ հանդիսանալ, որոնք իրական սպառնալիք են ներկայացնում ինչպես գնացքների, բեռների անվտանգության, այնպես էլ ուղևորների և ճանապարհային երթևեկության մասնակիցների կյանքի և առողջության համար:
Հունիսի 27-ին Արմավիրի մարզում տեղի ունեցավ հերթական միջադեպ: Ժամը 08:40-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհի 36-րդ կմ-ին՝ Զարթոնք գյուղի մոտակայքում գտնվող գծանցումում, բախվել են Երևան-Գյումրի ուղևորատար էլեկտրագնացքը, որում կար մոտ 100 ուղևոր, և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան:
Կարդացեք նաև
Հարկ է նշել, որ երկաթուղային գծանցումը, որտեղ տեղի է ունեցել բախումը, հագեցած է ազդանշանային համակարգով` նախազգուշական լուսային և ձայնային ազդանշաններով, առնվազն 300 մետր հեռավորությունից հստակ տեսանելի ճանապարհային նշաններով:
Բախումի հետևանքով ուշացել է 3 մարդատար գնացք: Վնասված են գծանցումի սարքավորումները, շարժակազմը, ճանապարհային նշանները:
2021-ի անցած ժամանակահատվածում երկաթուղում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը կրկնապատկվել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` կազմելով 9:
Երկաթուղին ևս մեկ անգամ վարորդներին հորդորում է հատկապես զգույշ և զգոն լինել գծանցներ հատելիս, ընթացքը շարունակել միայն համոզվելով, որ գծանցն ազատ է և գնացքը չի մոտենում: Հնարավոր վտանգի դեպքում գնացքը չի կարող անհապաղ կանգ առնել՝ արգելակման ուղին կարող է 500 մետրից մինչև 1 կմ կազմել:
«ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ՓԲԸ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԼՄ-ՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ