Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է հիշենք, որ այս տարածքում ջրի տերը մենք ենք, որովհետեւ բարձրավանդակում մենք ենք գտնվում». Կարինե Դանիելյանը՝ Թարթառ գետի հունը փոխելու մասին

Հունիս 27,2021 12:56

Որոշ տեղեկությունների համաձայն, Ադրբեջանը պատրաստվում է փոխել Թարթառ գետի հունը, ինչի հետեւանքով կջրազրկվի Արցախի Սարսանգի ջրամբարը։ Այս առնչությամբ մտահոգություն էր հայտնել նաեւ Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը՝ նշելով, որ այս պահին նման բան չկա, քանի որ գետի հունը փոխելու համար պետք է շատ մեծ աշխատանքներ տանեն, բայց չի բացառվում, որ Ադրբեջանը հետագայում գնա այդ քայլին:

Բնապահպան, բնապահպանության նախկին նախարար Կարինե Դանիելյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց՝ այս բոլոր գործընթացներում ամենախոցելի հարցերը ջրային ռեսուրսներն են. «Իհարկե չի կարելի թույլ տալ, որպեսզի նման բան պատահի: Պետք է քաղաքական, տնտեսական բոլոր հնարավորություններն օգտագործել՝ նման բան թույլ չտալու համար: Եթե ջրամբարի ջուրը պակասի, իրոք լուրջ խնդիրներ կառաջացնի: Ջրամբարի ջուրն օգտագործվում է ոռոգման նպատակով, նաեւ բնակավայրերի տեխնիկական օգտագործման համար է եւ այլն: Եվ դրա իրավունքը չունենք, որպեսզի թույլ տանք նման բան»:

Կարինե Դանիելյան

Ըստ Կարինե Դանիելյանի, բայց պետք է հիշենք, որ այս տարածքում ջրի տերը մենք ենք. «Որովհետեւ բարձրավանդակում մենք ենք գտնվում, եւ ջուրը մեզ մոտ է հավաքվում եւ մեր տարածքից է գնում հարեւաններին: Մենք այդ հնարավորությունը չենք օգտագործում: Եվ լավ է, որ չենք օգտագործում, որովհետեւ դա տգեղ երեւույթ է, բայց եթե շատ վատ վիճակում հայտնվենք՝ հիշենք, որ այդ հնարավորությունն ունենք: Եվ եթե փորձեն Թարթառ գետի հունը փոխեն, պետք է նայենք՝ ինչպես կարող ենք Ադրբեջանի ջրերին վնասենք քանակով: Բայց չեմ ցանկանում, որ այդ ճանապարհով գնանք, որովհետեւ էկոլոգիան այնքան նուրբ բան է, որ կարող է ուզենաս հարեւանիդ վնասել եւ հետադարձ հարվածն ինքդ ստանալ: Նույնը Ադրբեջանը՝ ուզենա մեզ վնասել եւ հենց իրենք լուրջ բնապահպանական խնդրի առաջ կանգնեն»:

Դավիթ Բաբայանը նաեւ մտահոգություն էր հայտնել, որ վերջին պատերազմից հետո խոցելի են նաեւ Հայաստանի ջրային ռեսուրսները, մասնավորապես՝ Սեւանա լիճը, եւ չի բացառվում, որ ջուրը թունավորեն:

Aravot.am-ը զրուցեց նաեւ բնապահպանական խնդիրներով զբաղվող այլ մասնագետների հետ: Մեր զրուցակիցները կարծիք հայտնեցին, որ նախ՝ մեր պետությունը պետք է լուծի ջրի կառավարման խնդիրը, որից էլ բխում են թե՛ անվտանգության հարցերը, թե՛ որակի ու քանակի:
Եթե Ադրբեջանը որոշի փոխել Թարթառ գետի հունը, ապա, նախքան այդ, մեր երկիրը պետք է ունենա մշակված սցենարներ, թե այդքան քանակի ջրից զրկվելու դեպքում ինչպե՞ս պետք է պահպանի մեր ունեցած ջուրը, որքան ջրամբարներ պետք է կառուցի, որպեսզի մեզ մոտ ձեւավորվող ջուրը արդյունավետ օգտագործվի, ջրի որակը բարձրացնի, որպեսզի ջուրը համապատասխանի սանիտարական նորմերին, ինչն այսօր, ըստ մեզ հետ զրույցում կարծիք հայտնած մասնագետների, լուրջ խնդիր է եւ օրեց օր մեր ջրերի որակն ընկնում է:  Ինչպես լուծի ջրի կառավարման խնդիրը եւ այլն: Ըստ նրանց, պետք է մեր ջրի ամենամեծ պաշարը՝ Սեւանա լիճը մաքրել կեղտաջրերից ու տեխնիկական ու գյուղատնտեսական թափոնաջրերից, որը նույնպես անվտանգային լուրջ հարց է:

Ինչ վերաբերում է ջուրը թունավորելուն, ըստ մեր զրուցակից բնապահպանների, դա ահաբեկչություն է եւ եթե նման բան Ադրբեջանն իրեն թույլ տա, ապա կհայտնվի միջազգային սկանդալի կիզակետում եւ  կմեկուսացվի՝ որպես ահաբեկչություն անող երկիր:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930