Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ինչպես հայտնի է, այս հետընտրական օրերին մի շարք քաղաքական ուժերի ղեկավարների հետ խորհրդակցությունների շարք է սկսել:
Թե Գագիկ Ծառուկյանը երբ է հանդիպելու, կամ առհասարակ, ընդունելո՞ւ է հրավերը՝ Aravot.am-ի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանն ասաց. «Ես տեղեկություն չունեմ հրավերի մասով, բայց կարող եմ ասել մի բան՝ մեր գնահատականները այս իշխանության գործունեության մասով ոչ մի փոփոխություն չեն ունեցել: Մենք ոչ մի հույսեր էլ չենք կապում, նպատակ էլ չունենք հույսեր կապենք այդ հանդիպումների հետ»:
Ճշտեցինք՝ ասում եք մեր գնահատականները չեն փոխվել, դուք տարբեր գնահատականներ եք տվել, ո՞րը նկատի ունեք՝ Աբովյանը պատասխանեց. «Մենք շատ հստակ գնահատական ենք տվել, որ այս իշխանությունը ի վիճակի չէ լուծել այն խնդիրները, որոնք առաջացել են մեր երկրի առջեւ: Չեմ հասկանում, ի՞նչ է նշանակում տարբեր գնահատականներ ենք հնչեցրել»:
Դիտարկմանը՝ 2020-ի հուլիսին Գագիկ Ծառուկյանը արմատական ընդդիմության դիրքերից էր հանդես գալիս, նախընտրական շեմին դուք առավելապես պասիվ էիք ու կոշտ քննադատությամբ հանդես չէիք գալիս, Արման Աբովյանն արձագանքեց. «Ոչ, սա շինծու կարծիք է, առավելապես ակտիվ էինք: Սակայն քանզի այս ընտրություններում հաղթեց ատելությունը եւ վախը, մենք ատելության եւ վախի տիրույթ չենք մտել, չենք մտնում եւ չենք էլ մտնելու: Միշտ եղել ենք եւ կմնանք, մեր նպատակները կլինեն այն, որ երկիրը զարգանա եւ բարգավաճի, ոչ թե ատելություն սերմանվի, կամ ինչ-որ վախեր լինեն»:
Կարդացեք նաև
Հարցին ԲՀԿ-ն միշտ կայուն ընտրազանգված է ունեցել, ի՞նչն է պատճառը, որ այսպիսի արդյունք եղավ, Աբովյանը պատասխանեց. «Մենք հիմա վերլուծում ենք ընտրությունների ընթացքը, բայց դրա հետ մեկտեղ կարող եմ ասել, որ իրականում շատ մեծ ազդեցություն է ունեցել ոչ թե ԲՀԿ-ի ընտրազանգվածը, այլ այն խայտառակ բարոյահոգեբանական իրավիճակը, որը տիրում էր երկրում եւ դեռ չունի միտում դեպի թուլացում»:
Հարցրեցինք՝ ԲՀԿ-ի գրանցած արդյունքն ընտրություններում կարո՞ղ է ուղիղ կապ ունենալ այն հանգամանքի հետ, որ Գեւորգ Պետրոսյանը, Նաիրա Զոհրաբյանը չկային նախընտրական ցուցակում, Աբովյանը պատասխանեց. «Չեմ կարծում, ոչ»:
Նա վստահեցրեց, որ ցուցակի մարդկանց խնդիրը չի. «Ուզում եմ ընդգծել, որ ԲՀԿ-ն առավել է գործելու, որովհետեւ մեզ համար խորհրդարանը թեեւ եղել է շատ կարեւոր, բայց մնում է ընդամենը հարթակներից մեկը, որտեղ մենք կարող էինք իրականացնել մեր նախագծերը: Սակայն եթե չկա ԱԺ-ում մեր ներկայությունը, դա դեռ չի նշանակում, որ մենք թուլացնելու ենք կամ թեթեւացնելու ենք մեր մասնակցությունը քաղաքական գործընթացներին ի բարօրություն եւ բարգավաճում մեր երկրի»:
Հարցին՝ այսինքն, ընդհատակ չեք անցնելու եւ չեք կորելու քաղաքական դաշտից՝ Աբովյանը պատասխանեց. «Չէ, թող հույսները կտրեն: Կարող եմ հիասթափեցնել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ