Մեր տեղեկություններով, ՀՀ ոստիկանության ՔՈ ԳՎ կոռուպցիոն եւ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նյութեր են նախապատրաստվում՝ այս արտահերթ ընտրություններում ԲՀԿ-ի օգտին ձայներ հավաքելու համար ընտրակաշառք բաժանելու նոր գործով:
Արարատի մարզի Ազատաշեն համայնքի ղեկավար Սարգիս Ստեփանյանը, ըստ այդ տեղեկությունների, քարոզարշավի ընթացքում ԲՀԿ-ի օգտին քվեներ ապահովելու համար ընտրակաշառք բաժանելու նպատակով 300 հազար դրամ է տվել Արարատի մարզի հարեւան գյուղերից մեկի Հայանիստ համայնքի բնակիչ Գ. Մ.-ին: Բայց քանի որ վերջինիս չի հաջողվել խոստացած ձայներն ապահովել ու ընտրությունների արդյունքները գոհացուցիչ չեն եղել, ԲՀԿ-ն էլ չի հաղթահարել անցողիկ շեմը, Ստեփանյանը հունիսի 23-ին հետ է ստացել իր տված փողը:
Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը հարցին՝ դա ԲՀԿ-ի հրահանգո՞վ է եղել, թե՞ ինքնակամ է նա փորձել ԲՀԿ-ի օգտին ձայներ հավաքել՝ պատասխանեց. «Ինչ վերաբերում է այդ գործընթացներին, ապա կարող եմ միանգամայն վստահ ասել, որ մենք ոչ մի կապ չունենք եւ սկզբունքորեն դեմ ենք յուրաքանչյուր ճնշմանը եւ ընտրակաշառքներին: Կարծում եմ, պետք է սպասենք, հասկանանք, թե ինչ գործընթացներ են իրավապահներն իրականացնելու: Բայց դրա հետ մեկտեղ կրկնում եմ մենք ոչ մի կերպ ու ոչ մի կապ երբեք չենք ունեցել եւ չենք ունենա ընտրակաշառքի հետ: Ինչ վերաբերում է անմիջապես այդ գործին, ապա դժվարանում եմ ինչ-որ բան ասել: Ըստ երեւույթին, պետք է սպասել զարգացումներին: Բայց այն, որ մենք ոչ թե կապ չունենք, այստեղ կապ ունենալ-չունենալու խնդիրը չի, սկզբունքորեն դեմ ենք եւ դեմ ենք լինելու յուրաքանչյուր ընտրակաշառքքի կամ ճնշումներին»:
Հարցին՝ կոնկրետ այդ դեպքում համայնքապետն իր գրպանի՞ց է այդքան գումար տվել, արջի ծառայությո՞ւն է մատուցել՝ Աբովյանը պատասխանեց. «Իսկ ո՞վ է ձեզ ասել, որ գումար է հանել, կամ ինչոր բան է արել, եթե մինչեւ հիմա, ինչպես դուք ասում եք, նյութեր են նախապատրաստվում: Եկեք չշտապենք, ես հակված չեմ ընկնել սուտ եւ շինծու տեղեկատվական հոսքերի մեկնաբանություն տալով»:
Կարդացեք նաև
Աբովյանն ասաց, որ չգիտի անգամ Ազատաշեն համայնքի ղեկավարը ԲՀԿ-ամե՞տ է, թե՞ ոչ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ