ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը
Հղում կատարելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությանը՝ այսօր լրատվամիջոցները տեղեկատվություն էին հրապարակել Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում Հայաստանի պետական սահմանից 2 կիլոմետր դեպի երկրի ներսն ընկած տարածքում իր մասնագիտական գործունեությունն իրականացնող միջազգային լրագրողի աշխատանքը խոչընդոտելու, զենքով նրան սպառնալու մասին։
Ըստ ՀՀ ՄԻՊ-ի և նրա հայտարարությունը հրապարակած ԶԼՄ-ների՝ դեպքը տեղի է ունեցել 2021թ. հունիսի 15-ին, երբ միջազգային լրագրողը մեկ այլ լրագրողի հետ լուսաբանման և լրագրողական այլ աշխատանքներ իրականացնելիս է եղել ՀՀ համապատասխան տարածքում՝ ադրբեջանական զինծառայողներից 100 մետր հեռավորության վրա, վերջիններս ագրեսիվ պահվածք են ցուցաբերել, լիցքավորել իրենց զենքերը և պահել լրագրողների ուղղությամբ՝ սպառնալով կրակել։
Անկանխատեսելի հետևանքներից խուսափելու նպատակով միջազգային լրագրողը դադարեցրել է աշխատանքը։ Ըստ առկա տվյալների՝ միջազգային լրատվամիջոցի լրագրողներն ունեցել են մամուլի ներկայացուցչի՝ ադրբեջանական զինծառայողների համար տեսանելի տարբերանշան և պահպանել են լրագրողական աշխատանքի կանոնները:
Կարդացեք նաև
Հրապարակումները ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազությունից ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու և քրեական գործ հարուցելու նպատակով։
Արդյունքում ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և ընդունվել վարույթ։
Նախաքննությամբ կպարզվեն հանցագործության բոլոր հանգամանքները։