Լրահոս
Օրվա լրահոսը

Հատված՝ «Ռեքվիեմ» պոեմից

Հունիս 26,2021 11:10

Quid sit futurum cras 

Գիշե՛ր:

Ինչ-որ մեկը ցանել է մի պտղունց փոշի՝

Տարտարոսի խավարից էլ սև,

Եվ լուսինն, իբրև արծաթափայլ կոճակ,

Կարել է երկնքի շապիկին թեթև:

Ինչ-որ մեկը կռթնել է իր խոհերի վրա՝

Գիշերն ի լույս ծամծմելով հուշեր,

Եվ դեղնասև մի ճառագայթ հալվել է պատուհանին նրա՝

Նվագելով սրինգ ու դյութելով սրտեր:

Ինչ-որ մեկը շրջվել է երկար ճանապարհից առաջ՝

Հրաժեշտի հայացք ծեփելով իր տան պատերին տուֆ,

Եվ սպասում է նրան մարդագող մի հեղեղ,

Որն արդեն լափել է երկրապարփակ երկինքը մով:

Եվ դժնատես մի Գուժկան, իբրև մաքուր ոսկոր,

Իբրև մարդակարոտ մի կախաղան,

Արդ ցցվել է իմ քաղաքի կոկորդում կոր՝

Կիսածածուկ նզովելով վաղվա ներկան:

Վաղվա ներկան՝ ընդմիշտ անցյալ մի ժամանակ,

Ընդմիշտ հեռու երջանկություն,

Հեռից սիրվող հեռու մի կյանք՝

Մեր ապառնի ժամանակում:

Շղթայակապ իր ոտքերով և ողբերով հազարաձայն,

Եվ դժնդակ՝ հավերժական թափոր որպես,

Ընդմիշտ անցյալ իր ընթացքով մեր ապագան

Ընդմիշտ ներկա ժամանակով սգում է մեզ:

***

Ես գիտեմ, աշխարհում ապրում է մի քույր,

Նա երազ է, ցնորք է ու հուր,

Նա այցելում է լոկ խենթության ժամին,

Երբ գժվել ես արդեն ու պարպել ես դառնության գինին:

Նա գալիս է հիվանդ հանճարների համար,

Իր հետ բերելով Հարդագողի փոշին,

Եվ թողնում է թաքուն մի քնշություն՝

Կապտաշշուկ քո ցանկության շուրթին:

Եվ ցանկությունն՝ իբրև հարալեզ շուն,

Լիզում է մարմինդ՝ հազար անգամ մեռած.

Վե՛ր կաց, լսո՞ւմ ես, քեզ խաչել են արդեն՝

Թաքնախորհուրդ քո ծնունդից առաջ:

Եվ թողել են քեզ թոքախտավոր մի սիրտ՝

Վերջին կյանքի վրա՝ վերջին անգամ թառած,

Եվ թեղել են նրանք անմխիթար մի վիշտ՝

Պարականոն երգեր երկնելու համար:

Պարականոն մարդիկ, պարականոն Աստված,

Եվ մեկ կյանքով ապրած բյուր-բյուրավոր մեռել..

Նրանք եկան արեգնափայլ շավիղներով անբիծ

Ու հեռացան հանկարծ՝ կարծես չեն էլ եղել:

Նրանք տարան լացակումած աչքեր՝

Հրաժեշտից առաջ զառանցելով երկիր,

Եվ ոչ երբեք ասված, պատահական մի բառ

Իջավ նրանց խոնավ շիրիմներին:

Վե՛ր կաց, լսո՞ւմ ես:

Այնտեղ` ակնախտիտ հովիտներից անդին,

Եվ վիշապաձայն ջրվեժներից հեռու,

Աննյութեղեն, անրջագեղ մի կին

Ահա քամել է քո բաժակի մեջ հրաժեշտի գինին:

Եվ գիշերը ճերմակ, ճերմակ ուրու որպես,

Մեզ կպատմի երբեք չասված խորհուրդը՝ երբեք չասված բառի,

Եվ խումհարից կարմիր իմ աչքերը կարմիր

Կարտասվեն կարմիր երկիրը Նաիրի:

Մենք կննջենք երկար՝ անուրջների գրկում,

Եվ կպարպենք ցվերջ հոգեհացի գինին,

Ես կննջեմ կնոջ սուրբ ուսերի վրա՝

Երբեք չասված բառը շշնջալու ժամին:

Եվ նա՝ հավաքելով իր տխրության փեշերը մառ,

Եվ ցփնելով իր արյունը մամռոտ քարին,

Կհեռանա՝ ինձ թողնելով հազարամյա կարոտը կեռ

Եվ մենավոր ուռիների լացը վերջին:

Նա կդառնա հոգեհմա մի առասպել՝

Տաղերի մեջ ցավեցնելով բանաստեղծի մաքուր հոգին,

Եվ քամիներն՝ աստանդական ու խելագար,

Ինձ շշուկներ կպարգևեն հավերժական սիրո մասին:

Եվ գիշերվա մութ աչքերում մթագալար ամեն ճրագ,

Հույսի յուղով մխախառն ամեն մի լույս

Ինձ կտանի իմ ճամփեքով երկնաճրագ,

Ինձ կտանի իմ ճամփեքով իմ սիրուհու:

Ես կգնամ՝ կանչին հլու, խարխափելով խոժոռ քարեր,

Ես կգժվեմ կարոտականչ տագնապներից իմ սիրուհու,

Ես կբեկվեմ՝ արարելով աստղապատար առասպելներ,

Ես կթեքվեմ՝ խնկարկելով ոտնահետքը իմ տիրուհու:

Ես՝ ուխտավոր, ես՝առանց տուն,

Ասեղնափայլ  քուրձը հագիս,

Իբրև ուրու մի դառնատես՝

Արդ սգում եմ երկիրը Նաիրի:

Երկիրն իմ՝ եղերամայր,

Երկիրն իմ՝ եղեգնափող.

Ես գիտեմ, աշխարհում ապրում է մի քույր,

Նա երազ է, նա ցնորք է ու հուր:

 

Սմբատ ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930