Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքագետ․ «Համերաշխություն անենք, որ ի՞նչ անենք, ինչի՞ շուրջ»․ «Հրապարակ»

Հունիս 26,2021 10:37

Ինչո՞ւ իր «հաղթանակի» հանրահավաքին Նիկոլ Փաշինյանը, որը 2018 թվականից շարժվում էր «կա միայն ՔՊ եւ ժողովուրդ» կարգախոսով, ողջ քարոզարշավին չագուճով ման գալուց հետո հանկարծ որոշեց համերաշխության ձեռք մեկնել քաղաքական ուժերին։ Այն էլ՝ 1-2-3-4 տոկոս հավաքած։

Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը եւս կարծում է, որ սա ձեւական է՝ Նիկոլ Փաշինյանը սա անում էր զուտ քարոզչական նպատակներով․ ուզում է ցույց տալ, թե իբր իր համար շատ կարեւոր են ներհասարակական համերաշխությունը, քաղաքական դաշտում համագործակցությունը։ «Չի կարող մարդը շաբաթներ շարունակ մուրճը ճոճելով՝ ասֆալտին փռելու կոչեր անել, թիմակիցների միջոցով ասել, որ «ժողովուրդը հաղթեց ինտելեկտուալ ապուշներին», եւ մի քանի ժամ անց էդպես համերաշխության ժեստեր անել։ Կարծում եմ, որ ձեւական է։ Առավել եւս, որ նրան որեւէ քաղաքական ուժի կարծիք չի հետաքրքրում, նա չի էլ լսելու։ Զուտ քարոզչական նպատակ կար»։ Նիկոլ Փաշինյանն Արմեն Բաղդասարյանին ինչ-որ առումով հիշեցնում է Սերժ Սարգսյանին, որը սովորություն ուներ իր մրցակիցներին անվանել «հաճախորդ», «դհոլ», «իդիոտ», հետո՝ մի քանի օր անց, նրանց պաշտոններ առաջարկել։

«Բայց այստեղ ուրիշ հարց էլ կա․ Սերժ Սարգսյանի դեպքում գոնե հասկանալի էր, թե նա ինչ է ուզում անել, երկիրն ինչ ուղղությամբ տանել։ Նիկոլ Փաշինյանի դեպքում անհասկանալի է, թե ոնց է պատկերացնում Ղարաբաղի ապագան, խաղաղության պայմանագիր ստորագրելո՞ւ է, թե՞ չի ստորագրելու։ Այսինքն՝ էդ հարցերի մասին նա ոչ մի բան չի ասում։ Ոչ մի բան չի ասում, թե այդ համերաշխությունն ինչի շուրջ է լինելու։ Ես չգիտեմ՝ այդ կուսակցությունների ներկայացուցիչները, որ գնում են իր հետ հանդիպման, այդ հարցը տալի՞ս են իրեն։ Եվ նա պատասխանո՞ւմ է։ Եթե կոնկրետ ծրագիր է ներկայացնում, էդ մարդիկ համաձա՞յն են էդ հարցերի շուրջ համագործակցել Նիկոլ Փաշինյանի հետ, թե՞ չէ։ Որովհետեւ ես վստահ եմ, որ եթե Նիկոլ Փաշինյանն ընտրություններից առաջ ազնվորեն ասեր, թե ինչ է պատրաստվում անել առաջիկայում, վստահ եմ, որ շատ ավելի քիչ ձայներ կստանար։ Եթե ազնվորեն ասեր, թե ինչպես է պատկերացնում Ղարաբաղի ապագան, խաղաղության համաձայնագիրը, ինչ զիջումների պիտի գնա եւ այլն։ Ու հիմա նա, փոխանակ ծրագրերն ասի, նախօրոք ասում է՝ համերաշխություն անենք։ Համերաշխություն անենք, որ ի՞նչ անենք, ինչի՞ շուրջ»,- հարցնում է քաղաքագետը։

Անուշ ԴԱՇՏԵՆՑ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930