Լրահոս
Օրվա լրահոսը

Անհրաժեշտ է սկսել պայքարի նոր, ավելի համակարգված շրջան՝ նոր էջից․ «Փաստ»

Հունիս 26,2021 10:05

Համեմատությունը գուցե այնքան էլ տեղին չէ, սակայն ակնհայտ է, որ ինչպես անցյալ տարվա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումը, այնպես էլ հունիսի 20-ի ընտրությունների արդյունքները մեծ հաշվով շատերի համար շոկային էին ու անսպասելի։

Թվում էր, թե խայտառակ պարտությունից հետո, ամեն ոլորտում ձախողվելուց հետո այս իշխանություններն այլևս չպետք է հնարավորություն ունենային վերարտադրվելու համար, սակայն եղածը եղած է, և ունենք այն, ինչ ունենք։ Հիմա ընտրությունների արդյունքում բոլորովին նոր իրավիճակ է ստեղծվել, որի հետևանքով հանրային քաղաքական դաշտում նյարդերի դաժան պայքար է սկսվել։

Իսկ այսպիսի էմոցիոնալ իրավիճակում բոլորը չէ, որ ընդունակ են սթափ դատողություններ անել ու դուրս գալ ընկճախտից։ Մի կողմից էլ՝ հասկանալի է, որ իրադարձությունների այսպիսի շրջադարձային զարգացումների պայմաններում մարդկանց նյարդերը կարող են տեղի տալ։ Եվ դրա արդյունքում է, որ հասարակական-քաղաքական շրջանակների ու հանրության մեջ հակադիր տրամադրություններ են։

Իշխանություններն ու նրանց սատարողները չորս օր է՝ «քեֆ-ուրախության» մեջ են, չափազանց մեծ ոգևորություն են ապրում, կորցրել են իրականության զգացողությունը, և նրանց թվում է, թե ծովը ծնկներից է։ Սրան զուգահեռ՝ ընդդիմությանը սատարող այն շրջանակները, որոնք մեծ ակնկալիքներ ունեին ընտրություններից, չափազանց խոր հիասթափություն են ապրում։ Այս հատվածը հիմնականում հոռետեսական է տրամադրված ապագայի նկատմամբ՝ համարելով, թե այլևս ոչինչ հնարավոր չէ փոխել։ Դրանով է պայմանավորված, որ, կարծես, նոր թրենդ են դարձել քաղաքականությունից դուրս գալու, սոցցանցերից առժամանակ հեռանալու մտադրությունները։ Մյուս կողմից էլ՝ գուցե բնական է հանրության մի զգալի հատվածի շրջանում ապատիայի մեծացման միտումները։ Հետընտրական դեպրեսիայի ողջ պատկերը ամբողջանում է հուսահատության ահռելի ալիքով։

Իսկ հուսահատությունը շատ վտանգավոր երևույթների պատճառ կարող է դառնալ, ինչպես, օրինակ՝ զանգվածային արտագաղթն ու հզոր Հայաստան ունենալու պայքարից հրաժարվելու և ստորացված վիճակին համակերպվելու երևույթները։ Ուշագրավ է, սակայն, որ նման տրամադրություններ առավելապես բնորոշ են, ինչպես ասում են, շարքերին, քանզի ընդդիմության ղեկավարները, ինչպես երևում է նրանց հրապարակային ելույթներից, ո՛չ հուսահատված են, ո՛չ էլ կոտրված: Անակնկալի եկած՝ այո, բայց ոչ կոտրված ու հուսահատված: Ավելին, նրանք այս օրերին քանիցս նշել են, որ հարկավոր է եզրակացություններ անել ու սկսել պայքարի նոր փուլ: Դժվար է չհամաձայնել նման մոտեցման հետ: Այո, այս պահին ընդդիմությանը որոշակի դադար է անհրաժեշտ, բայց շատ կարճ դադար, ընդամենը 1-2 շաբաթ, որից հետո քաղաքական ուժերի ներկայացուցիչները և հանրությունը պետք է իրենց մեջ ուժ գտնեն սթափվելու, էմոցիոնալ վիճակից դուրս գալու և ըմբռնելու համար, որ միայն ընտրություններով կյանքը չի ավարտվում, նույնիսկ ընդհակառակը, անհրաժեշտ է սկսել պայքարի նոր, ավելի համակարգված շրջան, նոր էջից։

 

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930