Փողոցային առևտուր իրականացնողների ու քաղաքապետարանի՝ տարիներով շարունակվող պայքարը դեռևս չի ավարտվել: Չնայած աշխատակիցների պարբերաբար զգուշացումներին, տուգանումներին՝ փողոցային առևտրով զբաղվող մարդիկ տարիների ընթացքում ավելանում են: Օրինակ՝ Երևանի Մաշտոցի պողոտայի ընդամենը մի հատվածում կարելի է հանդիպել փողոցային առևտրականներով զբաղվող 12 մարդկանց:
Պայքարը շարունակվում էր նաև երեկ, երբ Կենտրոն վարչական շրջանի թաղապետարանի աշխատակիցները փողոցից հեռացնում էին Մաշտոցի պողոտայի ամբողջ երկայնքով փողոցային առևտուր իրականացնող մարդկանց: Նրանք հավաքում էին առևտրականների մթերքներով լի և դատարկ արկղերը: Թվում էր՝ հարցը լուծված է, առևտրականները լացելով ու հուսահատ պետք է տուն գնային, բայց թաղապետարանի աշխատակիցների գնալուց 15 րոպե հետո Մաշտոցի պողոտան կրկին վերածվեց փողոցային առևտրի կենտրոնի:
Այսինքն՝ տարիներ շարունակ փողոցային առևտրով զբաղվող մարդկանց հետ քաղաքապետարանի պայքարը սա է. աշխատակիցները գալիս, հեռացնում են նրանց ավելի կոշտ կամ պակաս կոշտ մոտեցումներով, կարճ ժամանակ անց նրանք նորից վերադառնում են և սկսում փողոցում վաճառել իրենց ապրանքը:
Երևանի քաղաքապետարանից փորձեցինք հասկանալ՝ ի վերջո, քաղաքապետարանը մտածում կամ քննարկում է վերջնական տարբերակ այս պայքարին վերջ դնելու համար: Քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը մեր հարցին ի պատասխան՝ ասաց. «Քաղաքապետարանը հիմա որոշակի օրենքներում փոփոխության նախագիծ է մշակում, որը հնարավորություն կտա առևտրի և սպասարկումների վարչության աշխատակցին որպես տուգանքի վճարման երաշխիք առգրավել փողոցային ապօրինի առևտրի կետում վաճառվող ապրանքը, այն վերադարձնել այն դեպքում, երբ քաղաքացին կվճարի տուգանքը: Գործող օրենսդրությամբ վարչության աշխատակիցը տուգանում է փողոցային առևտրով զբաղվող անձանց, վերջինս չի վճարում, և հարցը դրանով փակվում է»,- ասաց նա: Այս տարբերակը, Կարապետյանի կարծիքով, կանխարգելիչ ազդեցություն կունենա փողոցային առևտրի դեմ պայքարում:
Կարդացեք նաև
Իսկ եթե քաղաքացին այդ դեպքում այլեւս հետ չվերցնի ապրանքը, փոխարենը այլ ապրանք բերի և վաճառի, Կարապետյանը նշեց՝ ինքն իր ապրանքը կկորցնի, ապրանքը կորցնելով՝ կկորցնի նաև գումարը, դա անվերջ չի կարող շարունակվել: «Բայց եթե մեր քաղաքացիները պատրաստ են դրան, ուրեմն իրենք ապօրինի ապրանք կբերեն փողոցում վաճառելու և կկորցնեն: Մենք ակնկալիք ունենք, որ դա արդյունավետ կերպով կաշխատի և կօգնի լուծել խնդիրը»:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում