Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ Ֆրանսիայի դեսպանատնից միջնորդվեց վերցնել «Ն եւ Ն» ՍՊԸ-ի նամակը, Նաիրի Հունանյանը տեղեկացրեց, որ նամակը ինքը ստորագրել է ոչ որպես գլխավոր խմբագիր»

Հունիս 26,2021 13:00

20 տարի առաջ՝ 2001թ. հունիսին որ դատական գործընթացների մասին էր գրում «Առավոտը»

Հունիսի 1-ի առավոտը հերթական անգամ բացվեց ՀՀ քրեական նոր օրենսգրքի հնարավոր ընդունման մասին խոսակցություններով, որի մասին խոսվում էր ավելի քան չորս տարի։ Իշխանությունները բոլոր հնարավոր միջոցներով ձգձգում էին դրա ընդունումը։

ՀՀ քրեական նոր օրենսգրքի երկու մասերը (ընդհանուր եւ հատուկ) օրենսդիր մարմնի կողմից քննարկվել եւ առաջին ընթերցումով ընդունվել են դեռեւս 1998թ. ապրիլի 22-ին, որից հետո միայն իշխանություններին հայտնի արհեստավարժ աճպարարության շնորհիվ ընդհանուր եւ հատուկ մասերն իրարից անջատվել էին՝ ընդհանուր մասը երրորդ ընթերցումով եւ ամբողջությամբ ընդունվել է 1999թ. փետրվարի 1-ին, իսկ հատուկ մասը մնացել է առաջին ընթերցման մակարդակին։

Վիկտոր Դալլաքյանի եւ ութ այլ պատգամավորների կողմից 2001թ. հունվարից շրջանառության մեջ դրվեց մեկ այլ նախագիծ, որն այդ ժամանակվա իրավաբանների գնահատականների՝ երկվորյակների տպավորություն են թողնում։ Վ. Դալլաքյանի եւ մյուսների նախագծում ուշագրավ էր «խաղաղության եւ մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ» բաժինը:

Կրթության եւ գիտության նախկին նախարար Աշոտ Բլեյանի նկատմամբ դատական գործընթացները շարունակվում էին, եւ ի պաշտպանություն նրան՝ Փարիզից «Բլեյանի պաշտպանության կոմիտեի» նախագահ Տիգրան Ճիյթրճեանը գրել էր. «Մեղադրող կողմին ի նպաստ ոչ մէկ վկայ յայտնուեցաւ. ընդհակառակն, վկաներ եկած են դատարանին բացատրելու, թէ դատախազութեան կողմէ ի՛նչ ճնշումներու ենթարկուած են (մինչեւ իսկ ֆիզիքական)։ Նիստին ընթացքին մարդկային իրաւունքներու պաշտպանութեան միջազգային զանազան կազմակերպութիւններ (Հելսինքի Դաշինքը, FIDH, Amnesy International) եւ Ֆրանսիայի Հայ Փաստաբաններու եւ Իրաւաբաններու Ընկերակցութիւնը (AFAJA) իրենց լուրջ մտահոգութիւնը յայտնած են, ընդգծելով հարցին զուտ քաղաքական բնոյթը»:

Հաջորդ օրը` հունիսի երկուսին կլոր սեղան էր կազմակերպել Աշոտ Բլեյանի պաշտպան Ռոբերտ Գրիգորյանը, որը ներկայացրեց առաջին ատյանում, վերաքննիչ դատարաններում ընթացած քրգործի դատաքննությունները, նախաքննության մարմնի գործունեությունը, որի հիմքում, ըստ փաստաբան Ռ. Գրիգորյանի, դրվել են մեղադրանքներ, որոնք հիմնավորված չեն։ Ըստ փաստաբանի, «հափշտակության» դրվագն, օրինակ, «հաստատվեց» նրանով, որ Ա. Բլեյանին մեղավոր ճանաչեցին «հափշտակություն կատարելու փորձի» մեջ (նախկինում՝ առավել խոշոր չափերի հափշտակություն կատարելու մեջ)։ Փաստաբանի կարծիքով, վերաորակումը փաստորեն քայլ էր փրկելու մեղադրանքը: Ինքս եմ լուսաբանել այդ կլոր սեղանը եւ նշել. «Հետաքրքիր մի իրավիճակ էր ստեղծվել «թղթի դրվագով», երբ «Նոր դպրոցի» եւ «Սուսաննա» կազմակերպությունների միջեւ պայմանագիր է կնքվել։ Դպրոցական դասագրքերը տպագրվել են, հանձնվել երեխաներին, իսկ պայմանագրային կողմը թուղթը չի ուղարկել։ Սակայն իր պարտականությունները չկատարող պայմանագրային կողմի մեղքի բաժինն էլ է տրվել Ա. Բլեյանին»:

Քսան տարի առաջ OPT-ի ստեղծագործական խումբը փետրվարի 25-ից մարտի 2-ը գտնվելով Հայաստանում, հանդիպեց ԱՄԿ հիմնադիր Ստեփան Զատիկյանի մերձավորագույն շրջապատի հետ, այդ թվում եւ քաղբանտարկյալ Վազգեն Կարախանյանի հետ: Հունիսի 2-ին հարցազրույցս Վազգեն Կարախանյանի հետ էր: Երբ նրան հարցրել էի հանդիպման մասին, Կարախանյանը պատասխանել էր. «Ինչպես է դա եղել» հաղորդաշարի ստեղծագործական խումբը հրավիրել էր Ստ. Զատիկյանի, Հակոբ Ստեփանյանի մտերիմ ընկերներին, հարազատներին, այդ թվում եւ ինձ՝ որպես Ազգային միացյալ կուսակցության (ԱՄԿ) հնագույն անդամի։ Նրանց մասնավորապես հետաքրքրում էր Զատիկյանի անձը, ԱՄԿ գաղափարախոսությունը եւ, իհարկե, 1977թ. Մոսկվայի մետրոյի հայտնի պայթյունը։ Մեր զրույցը տեւեց մոտ մեկ ժամ։ Ինչպես գիտեք, հաղորդումը ցուցադրվեց OPT-ով, իսկ վերջերս էլ՝ Հանրային հեռուստատեսությամբ, «չմոնտաժված» տարբերակը։ Այնտեղից դուրս էր մնացել քաղկալանավոր Ռազմիկ Մարկոսյանի հետ հարցազրույցը, հայաստանյան վարկածների կարճ ձեւակերպումները։ Ինձնից թողել էին այն հատվածը, որտեղ խոսք է գնում, թե այդ ժամանակ ՊԱԿ-ը ինչպես է հետապնդել ինձ եւ իմ ընտանիքին» («ՄԱՀՎԱՆ ԴԱՏԱՎՃԻՌՆ ԱՎԵԼԻ ՎԱՂ ԷՐ»):

Շարունակվում էր «Հոկտեմբերի 27»-ի գործով դատաքննությունը: Հունիսի 5-ին տեղեկացնում ենք. «Հոկտեմբերի 27» քրգործի դատաքննությունը երեկ շարունակվեց Կ. Դեմիրճյանի իրավահաջորդների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Աշոտ Սարգսյանի միջնորդությունների քննարկմամբ։

Եթե հիշում եք, փաստաբանը միջնորդել էր արդարադատության նախարարությունից «Հորիզոն» տեղեկատու-վերլուծական կենտրոնի հիմնադրմանն ու գործունեությանն առնչվող փաստաթղթերը, «Ն եւ Ն» ՍՊԸ-ի փաստաթղթերը, վերջինիս նամակը՝ Ֆրանսիայի դեսպանատնից, Կենտրոնական բանկից՝ «Ն եւ Ն» ՍՊԸ-ի առկա շարժը, պետական եկամուտների նախարարությունից էլ՝ վերոնշյալ ՍՊԸ-ի հարկային պարտականությունների կատարման հետ կապված թղթերը։

Ի դեպ, գունավոր տիպեր (6 մլն դրամ արժողությամբ), ըստ գործում առկա տվյալների, պատվիրվել է «Տիգրան Մեծ» հրատարակչությունում եւ փաստաբանը միջնորդել էր նաեւ, թե «Տիգրան Մեծում» այդպիսի պատվեր եղե՞լ է, թե՞ ոչ։ ՊԵՆ-ից պահանջվել էր նաեւ (ձեւակերպումների) մաքսային հիմքերը։ Բոլոր միջնորդություններն ըստ էության բավարարվեցին։ Մեղադրող կողմը՝ Հակոբ Մարտիրոսյանը միջնորդության բավարարմանը կողմ լինելով շեշտեց. «Ցանկացած միջնորդության, որը կվերաբերի ամբաստանյալի բարոյական կերպարի լուսաբանմանը, մենք դեմ չենք լինի»։ «Ն եւ Ն» ՍՊԸ-ի հետ կապված առարկությամբ հանդես եկած ամբաստանյալ Ն. Հունանյանն ասաց, որ ՍՊԸ-ն չի աշխատել եւ «ցուցում» տվեց, թե «ռեգիստրից հարցում արեք. գործունեություն ծավալե՞լ է»։ Ընդհանրապես, նա գտնում էր, թե «Ն եւ Ն» ՍՊԸ-ի փաստաթղթերով չարժե ծանրաբեռնել գործը, ավելին՝ «վախեցրեց», թե ինքն էլ՝ «կես տոննա թղթեր կան տանը», կմիջնորդի, դրանք էլ կցել գործին. «Եթե մեր տան բազկաթոռի վրա կալանք է դրվել, ապա կարելի է դրա ծագմանն առնչվող փաստաթղթերն էլ վերցնել»,- շարունակեց նա։ Ի դեպ, երբ Ֆրանսիայի դեսպանատնից միջնորդվեց վերցնել «Ն եւ Ն» ՍՊԸ-ի նամակը (մասնավորապես ուղղված Ռընե Մելդոնյանին), ամբաստանյալը տեղեկացրեց, որ նամակը ինքը ստորագրել է ոչ որպես գլխավոր խմբագիր, այլ «Ն եւ Ն» ՍՊԸ-ի ծրագրի տնօրեն եւ որ նման բովանդակության նամակներ ուղարկվել են Սիրիայի, Չինաստանի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի դեսպանատների («ՀՆԳՅԱԿԸ» ԲԵԿՈՒՄ ԿՄՏՑՆԻ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ»):

Հունիսի 29-ին տպագրվեց Սամվել Բաբայանի հոր նամակը ՀՀ նախագահին եւ ՀՀ Ազգային ժողովին: Նամակում ասվում էր. «Իմ որդիների՝ Սամվել Բաբայանի եւ Կարեն Բաբայանի, իմ դուստրերի, ինչպես նաեւ իմ ընտանիքի մյուս անդամների ու հարազատների նկատմամբ ԼՂՀ իրավապահ մարմինների կողմից համառորեն ու աննահանջ շարունակվում են ապօրինի գործողությունները: Վերջերս էլ Մարտունու շրջդատարանը անհիմն որոշում կայացրեց այդ շրջանի Մսմնա գյուղում գտնվող իմ հայրական տան վերաբերյալ: Առանց հիմնավոր փաստարկների, պարզապես քմահաճորեն, բռնագրավում են իմ հոր՝ Մադաթ Արշակի Բաբայանի տունը, որը զոհվել է 1941 թվականին Մեծ հայրենականում՝ թողնելով 5 որբուկ: Ես նրա մինուճար տղան եմ եւ գյուղի այդ տունը ինձ վրա է գրանցված: 1990-ին որդիներիս՝ Սամվել եւ Կարեն Բաբայանների նախաձեռնությամբ եւ օգնությամբ տունը ենթարկվել է վերանորոգման, որին կցվել է օժանդակ շինություն: Բացի այդ, Մսմնա գյուղում, որդուս՝ Սամվելի նախաձեռնությամբ կառուցվել է 8 բնակելի տուն՝ վերաբնակների համար: Մարտի 22-ի դեպքից հետո, որը վերագրեցին իմ որդուն, կալանքի տակ դրեցին նաեւ իմ պապական օջախը: Օրերս մեզ կանչեցին Մարտունու շրջանային դատարան, որտեղ սույն հարցով ժամը 10-ին դատական նիստ էր նշանակված: Դատախազ Հ. Այվազյանը բարեհաճեց դատարան ներկայանալ ժամը 12-ին, եւ հետո, ի պատասխան ներկաների զարմանքի, արհամարհանքով շպրտեց՝ «Կարող էի չգալ նաեւ, իմ գլխի տերը ես եմ»:

Արցախյան պատերազմում անհետ կորածների թեման օրակարգում էր: «Առավոտը» հունիսի 30-ին գրում է. «Մեր Հայոց երկրի անբաժանելի մի մաս Արցախը, երբ ադրբեջանցիների կողմից գտնվում էր հալածանքների ու ավերածությունների մեջ, հայ ժողովրդի որդիները օգնության հասան՝ ազատագրելով այն։ Արցախ օգնության գնաց եւ իմ որդին՝ Ֆելիքսը, որն ընդգրկվեց «Արաբո» ջոկատում։ Մարտակերտի շրջանի Հասան-ղայա գյուղի ազատագրման մարտերի ժամանակ «Արաբո» ջոկատի 78 ազատամարտիկներ 1992թ. հունիսի 29-ին շրջափակման մեջ ընկան։ Նրանք մինչեւ օրս համարվում են անհայտ կորածներ։ Այս լուրն իմանալուն պես մենք՝ ծնողներով, հարազատներով դիմեցինք մեր երկրի ղեկավարներին, որ մի օր տուն վերադարձնեն մեր զավակներին։ Հույսներս չկտրելով սպասում ենք տարիներ շարունակ։ 2001թ. հունիսի 29-ին լրանում է մեր որդիների անհայտ կորչելու 9 տարին։ Գիտենք, որ մեր որդիները ողջ են եւ կգա մի երջանիկ օր, որ տուն կվերադառնան «Արաբո» ջոկատի 78 ազատամարտիկները։ Հայ ժողովուրդը տոնակատարություններով նշելու է քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակը։ Խնդրում ենք ձեզ ձեր հավատքով, ձեր խղճով, ձեր աջակցությամբ տուն վերադարձրեք մեր որդիներին (Մաքսիմ Գալստյան, «Անհայտ կորածների 9 տարին»):

Նույն օրվա «Ազատագրված տարածքների օրինականացումը այլընտրանք չունի» հրապարաակմամբ միջազգային իրավունքի, Արցախյան հիմնահարցի կարգավորման խնդրին ենք անդրադառնում. «Բոլորն էլ գտնում են, որ հարցի հանգուցալուծումը պետք է տեղի ունենա հետեւողական քայլերով՝ իրավական դաշտում։ Միաժամանակ մեծամասնության կարծիքը հանգում է ներկայիս իրավիճակի երկարատեւ ձգձգման, այսինքն, իրավիճակի սառեցման օգտին։ Սակայն ազատագրված տարածքների իրավական ամրագրման բացակայության պատճառով մենք անմիջապես հայտնվում ենք իրավական դաշտից դուրս եւ հակասում ենք ինքներս մեզ։ Այդ պարզ դատողությունը պահանջում է գործողությունների ճշգրտում։ Եվ քանի որ Արցախյան հիմնահարցի արդար կարգավորման իրավական եղանակը այլընտրանք չունի, ապա ճշգրտումը անհրաժեշտ է կատարել ի վնաս հարցի սառեցման։ Ընդ որում, իրավական դաշտում անելիքները կարող են տեղի ունենալ ՄԱԿ-ի, միջազգային իրավունքի ենթակաների կամ հիմնահարցի պատճառ դարձած երկրի կողմից։ Սակայն, չնայած Ադրբեջանից անկախ Արցախի գոյության իրավունքը բխում է մի շարք միջազգային իրավունքների նորմերից, Արցախյան հիմնահարցի պարագայում համապատասխան քայլեր չեն կատարվում ոչ ՄԱԿ-ի, ոչ հայոց պետության եւ ոչ էլ միջազգային իրավունքի մյուս ենթակաների կողմից։ Այդպիսի իրավիճակը ձեռնտու է մեծ տերություններին, քանի որ լարվածության գոտիները նրանք հեշտությամբ կարողանում են օգտագործել իրենց զավթողական նպատակները իրականացնելու ժամանակ»:

Պատրաստեց
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԸ

Լուսանկարը՝ հեղինակի

«Առավոտ» օրաթերթ
25.06.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930