Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ես մշտապես առաջ եմ նայում եւ ոչ երբեք՝ հետ»

Հունիս 26,2021 12:30

Հարցազրույց կոմպոզիտոր Գայանե Կեսոյանի հետ

– Օրերս Հայաստանի կոմպոզիտորների միության դահլիճում կայացավ ձեր ստեղծագործական երեկոն։ Վերջին 30 տարիների ընթացքում դա երրորդն էր։ Ստացվում է՝ յուրաքանչյուր 10 տարին մեկ ներկայանում եք նման ձեւաչափով…

– Այդպես է ստացվում։ 1997թ. ներկայացրել եմ միայն երգարվեստի ժանրի ստեղծագործություններ, 2008-ին՝ կամերային, իսկ հիմա՝ հոգեւոր, գործիքային եւ հայրենասիրական երգեր։

– 1980-ականներին ներկայանում էիք միայն երգերով, համենայնդեպս, արվեստասերները ձեզ ընկալում էին իբրեւ զուտ էստրադային ժանրում ստեղծագործող կոմպոզիտորի։

– Ձեր դիտարկմանը թույլ տվեք մասամբ համաձայնել։ Այդ տարիներին ռադիոյում գործում էր գեղարվեստական խորհուրդ, որը մեկը մյուսի հետեւից ֆոնդ էր ընդունում իմ ստեղծագործությունները, այդ թվում՝ եւ կամերային։ Այո, մեծամասամբ ձայնագրում էի երգեր։ Օրինակ՝ 1987թ. Իտալիայում կայացած երիտասարդության եւ ուսանողների համաշխարհային փառատոնը փակվեց իմ երգով՝ «You and me», որն ըստ էության խաղաղության կոչ էր աշխարհի ժողովուրդներին։ Նույն թվականին Մոսկվայի Սյունազարդ դահլիճում կենտրոնական հեռուստատեսությամբ անցկացված «Նոր անուններ» համամիութենական մրցույթում երգչուհի Մարինե Գրիգորյանին հաղթանակ բերեց «Դու իմ կյանքում» երգս։ Այդ մրցույթին երգչուհին ներկայացել էր Մարտին Վարդազարյանի եւ Արամ Սաթյանի ստեղծագործություններով եւս։ Կարելի է երգարվեստի ժանրում ստեղծագործություններիս հաղթարշավը շարունակել, իհարկե՝ շնորհիվ դրանք մատուցող բարձրարվեստ երգիչների։

– Դուք այդ տարիներին Հանրային ռադիոյի Կենտրոնական հեռուստատեսության համար տրվող հաղորդումների ավագ երաժշտական խմբագրի պաշտոնում էիք։ Հասկանալի է, որ դա հնարավորություն էր ներկայանալ Ռուսաստանում, եւ ոչ միայն։ Մյուս կողմից՝ հավանաբար ժամանակի առումով այն սահմանափակում էր երաժշտարվեստի այլ ոլորտներին ձեր անդրադարձը։

– Նման բան կա։ Եվ հենց դա էր պատճառը, որ 8 տարի աշխատելուց հետո ես հեռացա ռադիոյից եւ, ուղիղ ասած՝ որոշեցի զբաղվել ինձնով։ Ընդ որում, շատ էի սիրում աշխատանքս եւ երկար ներքին վայրիվերումներից հետո ու նման որոշում կայացնելուց առաջ ինքս սեփական անձիս ուղղած հարցիս պատասխանը գտա, թե որն է իմ առաքելությունն այս կյանքում՝ իհարկե, ստեղծագործել, ստեղծագործել, ստեղծագործել։

– Հիշեցրիք ձեր «You and me» երգը։ Այն տարիներին ձեր եւ ձեր գործընկերների բախտը միանշանակ բերել էր. համագործակցում էիք երգարվեստի ոլորտի իրական աստղերի հետ, նշյալ երգի կատարողն էլ Էլվինա Մակարյանն էր…

– Համաձայն եմ։ Այդ տարիներին երգերս ուշադրության էին արժանանում եւ Հայաստանի, եւ Ռուսաստանի մեծանուն արվեստագետների կողմից։ Կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական ջազ նվագախմբի ու մեներգիչների մատուցմամբ իմ մի քանի երգ հնչել է ոչ միայն ԽՍՀՄ-ում, այլեւ մաեստրո Օրբելյանի նվագախմբի՝ արեւմտյան երկրներում շրջագայությունների ժամանակ։ Ռուսաստանում էլ մասշտաբային նախագծեր իրականացնող հանրահայտ Բորիս Կրասնովը լսելով ռուսերեն տեքստերով իմ որոշ երգերը, անակնկալ մատուցեց. «Կրասնով- դիզայն» ստուդիան թողարկեց երգերիս CD-ն։

– Տասնամյակներ անց եղավ մի շրջան, որ դուք երկար տարիներ ապրում եւ ստեղծագործում էիք Մոսկվայում…

– Նման շրջան եղել է, բայց ընդհատումներով։ Դա 2009-2013թթ. ընկած տարիներն էին։ Մոսկվայում ներկայացել եմ հիմնականում երգչախմբային եւ գործիքային ստեղծագործություններով, հայաստանցի եւ ռուս երաժիշտների մեկնաբանմամբ։ Ընդ որում, համերգները կայացել են Չայկովսկու անվան կոնսերվատորիայի դահլիճում, Մոսկվայի Սյունազարդ դահլիճում, Պատմության թանգարանում, Մոսկվայի կոմպոզիտորների միության դահլիճում եւ այլ հեղինակավոր սրահներում։ Միայն 2013թ. ունեցել եմ 6 համերգ, որոնք կազմակերպել են ռուսաստանյան պրոդյուսերական կենտրոնները, այդ թվում՝ Բելկանտոն, նաեւ այլ կազմակերպություններ, օրինակ՝ կաթողիկե եկեղեցու «Բարության արվեստ» ֆոնդը եւ այլն։

– 1980-ականների վերջերին, թե 90-ականների սկզբներին լուրեր էին պտտվում, որ ամերիկյան «Բարսեղյան ստուդիոն» թողարկել է բանաստեղծուհի Լյուդմիլա Գավրյուշինայի խոսքերով ձեր երգերի CD-ն, որտեղ նշված չեն հեղինակների անունները։ Հետաքրքիր է՝ այդ ժամանակ դուք պաշտպանեցի՞ք ձեր հեղինակային իրավունքը։

– Միանգամից ասեմ՝ ոչ։ Գուցե տարօրինակ հնչի, բայց ինձ համար կարեւոր էր, որ մեզ համար այդ դժվար տարիներին Հայաստանից արտագաղթած հայերը այնտեղ լսում էին երգերս։ Մի բան էլ. ես մշտապես առաջ եմ նայում եւ ոչ երբեք՝ հետ։ Կարելի՞ է ձեր թույլտվությամբ վերադառնալ մեր օրեր (ժպտում է)։ Այսօր էլ ստեղծագործություններիս կատարողների առումով բախտս բերել է։ 9 երկից բաղկացած «Նվիրում» երգչախմբային շարքի 2 ստեղծագործություն, այն էլ ակապելլա՝ «Հարսանեկան» եւ «Օրհներգ», հնչեցրեց Ռոբերտ Մլքեյանի ղեկավարած Հայաստանի պետական կամերային երգչախումբը, 2018-ին Երեւանի քաղաքապետարանի կազմակերպած եւ անցկացրած հանրապետական մրցույթում «Երեւան» երգս արժանացավ առաջին մրցանակի եւ այլն։

– Թեեւ նշեցիք, որ հետ նայել չեք սիրում, բայց տասնամյակներ առաջ ասում էին, որ Էլվինա Մակարյանի ձայնագրությունը ներկայացրել եք Շառլ Ազնավուրին, որը ոչ թե հիացել, այլ ցնցվել է։ Կներկայացնե՞ք այդ պատմությունը։

– Դա 1990-ականների սկիզբն էր։ Հարցազրույց էի վարում մեծանուն շանսոնյեի հետ եւ որպես անակնկալ նրան մատուցեցի Էլվինա Մակարյանի կատարմամբ իր «Մամա» երգը։ Այո, շանսոնյեն ցնցված էր։ Մի հետաքրքիր դետալ էլ. Ազնավուրը մշտապես լրագրողների հետ ֆրանսերենով էր շփվում, բայց երբ շանսոնյեն հրավիրեց տասնամյակներ շարունակ իր պրոդյուսեր Լեւոն Սայանին, որպեսզի նա վարի թարգմանչի դեր, ես խնդրեցի, որ թեկուզ բացառության կարգով երկու հայերս շփվենք մեր մայրենիով, Ազնավուրը չմերժեց…

– Նման մեծության հետ հանդիպումը հիանալի առիթ չէ՞ր, ասենք՝ անակնկալի տեսքով Ազնավուրին նվիրել ձեր երգերի CD-ն։

– Ես նվիրեցի մեկ երգի ձայնագրություն՝ «Իմ Հայաստան»։

– Վերադառնանք ձեր հեղինակային երեկոյին…

– Ի դեպ, «Իմ Հայաստանը» գրել եմ 1991թ. եւ այն 4 հայրենասիրական երգերիս թվում հնչեց երեկոյին։ Փաստորեն 30 տարի անց նոր ծնունդ առան դրանք։ Բնականաբար, հետաքրքիր էր՝ ինչպես կընդունի հանդիսատեսը։ Գուցե շատ բարձր հնչի, բայց հենց հանդիսատեսի փայլուն ընդունելությունից համոզվեցի, որ արվեստում ժամանակ հասկացություն չկա։

– Քովիդը նահանջել է, բայց ոչ վերացել, մյուս կողմից՝ հետպատերազմյան շրջան…

– Հարցը հասկանալի է։ Այս ստեղծագործական երեկոն իմ ըմբոստությունն էր նրան, ինչի միջով անցանք բոլորս։ Երեկոն նախաձեռնելուց առաջ, որի իրականացումը երկար ժամանակ չպահանջեց, արդեն համոզմունք ունեի, որ այս կյանքում ինչ էլ որ լինի, միեւնույն է, հաղթում են բարին ու գեղեցիկը։ Հենց այդ մտքով ոգեւորված ներգրավեցի «Փոքր Մհեր» նախադպրոցական կենտրոնի (տնօրեն՝ Ելենա Չիֆլիկյան) սաներին։ Կենտրոնի հետ սիրով մի քանի տարի է՝ համագործակցում եմ։ Երեկոյիս մասնակցեցին նաեւ Անուշավան Տեր-Ղեւոնդյանի անվան արվեստի դպրոցի, որտեղ ինքս եմ սովորել, սաներից բաղկացած տարբեր անսամբլները, այդ թվում՝ փոքրերի երգչախումբը (ղեկավար՝ Լուսինե Մանչրիկյան), դհոլահարների ճանաչված անսամբլը (ղեկավար՝ Կարեն Գեւորգյան), «Արմենիա» պարային անսամբլը (ղեկավար՝ Հայկ Անտոնյան), դպրոցի նախկին շրջանավարտներ, որոնք այսօր հանրապետական եւ միջազգային մրցույթների բազմակի դափնեկիր են՝ շեփորահար Արա Պապանյանը, սաքսոֆոնահար Գարիկ Ուլիխանյանը, քանոնահարուհի Նինա Վարդապետյանը (Գայանե Աբաջյանի դասարան), սոպրանոներ Անահիտ Արշակյանը, Աննա Փոստոյանը, Դիանա Ասատրյանը, Սերինե-Լյուբա Թադեւոսյանը, Քնար Պետրոսյանը… Իհարկե, շնորհակալական խոսքեր եմ ուզում հղել դպրոցի տնօրինությանը՝ ի դեմս Հրաչ Բադալյանի եւ Նորա Սարգսյանի։ Մի բանի համար շատ եմ ափսոսում. Երեկոն ծրագրել էի ավարտել «Հայաստան» երգով՝ ճանաչված երգիչ Արսեն Ստեփանյանի մեկնաբանմամբ, բայց ինչպես հայտնի է, մեր օպերային երգիչների, նաեւ Արսենի, քովիդի պայմաններում նույնիսկ խիտ հյուրախաղային գրաֆիկը պարզապես թույլ չտվեց։

– Եվ վերջում մի հարց, որը տարիներ շարունակ հետաքրքրում է նույնիսկ ձեր գործընկերներին. ինչո՞ւ ձեր հայտնի Քյոսայան ազգանունը հանկարծ փոխվեց Կեսոյանի։

– Չեմ կարծում, թե ամենակարեւորը տառակապակցությունն է։ Կարեւորը իմաստն է, որը դրվում է ազգանվանդ հիմքում եւ երակներովդ հոսող արյունը, որ ժառանգել ես պապերիցդ։

Զրուցեց ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
25.06.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930