Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաչյա Աճառյանը Շուշիում

Հունիս 26,2021 12:00

Շուշին 1902թ. օգոստոսին, Բ մաս

Օգոստոսի 11-ին Ս. Պետերբուրգի կոնսերվատորիայի ուսանող Ե. Բաղդասարյանը Խանդամիրյանի թատրոնի դահլիճում համերգ է տվել, որը բաղկացած է եղել երկու մասից՝ «խմբերգներ եւ արեւելեան օրկեստր»: Նշվել է, որ «խմբերգները շատ թոյլ անցան շնորհիւ այն բանի, որ երգեցիկ խումբը լաւ չէր կազմակերպուած, չնայած, որ պ. Բաղդասարեան մի ամիս է շարունակ աշխատում էր փորձեր եւ կրկնութիւններ անել տալով իւր խմբին: Համերգի երկրորդ մասն սպասուածից աւելի լաւ անցաւ: Դահլիճը լիքն էր հասարակութեամբ: Համերգից յետոյ տեղի ունեցան եւրոպական եւ ասիական պարեր»:

Օգոստոսի 14-ին, երեկոյան ժամը 8-ին Շուշի է ժամանել Գանձակի նահանգապետը եւ իջեւանել Մ. Դադյանի հյուրանոցում: Հաջորդ օրը նա այցելել է Ժամհարյանների նոր բացված հիվանդանոցը, որից հետո մեկնել է Խանքենդ (Ստեփանակերտ): Մամուլում նշվել է, որ օգոստոսին Շուշիում, մեկը մյուսին հաջորդելով, կամ միաժամանակ, բազմաթիվ միջոցառումներ, ներկայացումներ ու համերգներ են տեղի ունեցել. «Շուշին այս ամառ մի արտասավոր կերպարանք է ընդունել. մի կողմից հայ թատրոնը, միւս կողմում Մաքսի ցիրկը, յետոյ Կոստանեանի, Բաղդասարեանի եւ Դէմուրեանի կոնցերտները, յետոյ զանազան խնճոյքներ եւ այլն: Նիւթական կրիզիսի պատճառով հասարակ դասակարգին թատրոնը մատչելի չէ դառնում: Միւս կողմից տեսնում ենք, որ ժողովրդի մեծամասնութիւնն սկզբում վազում էր ցիրկ, եւ ահա հայ թատրոնը դատարկւում էր ցիրկը լցուած լինելու պատճառով: Անհաջողութեան մի ուրիշ պատճառն էլ այն է, որ խումբը կանոնաւոր չէ: Եթէ տիկին Սիրանոյշը նոյն դերասանական կազմով եկած լինէր Շուշի, ինչ խումբ ունէր այս տարի Նոր Նախիջեւան գնացած ժամանակ, այն ժամանակ թերեւս աջողութիւն ունենար: Բացի դրանից, ռեպերտուարը շատ անհաջող է, պիէսները մեծ մասամբ մեր կեանքին խորթ երկեր են: Այնպէս որ, բացի տիկ. Սիրանոյշի, պ. Պետրոսեանի եւ Աւետեանի բենեֆիսներից, մնացած ներկայացումներին թատրոնը շատ անգամ մենք դատարկ էինք գտնում»:

Շուշիի Թեմական դպրոցը

Օգոստոսի կեսերին Բենիկ վարդապետը եկամսյա բացակայությունից հետո վերադարձել է Շուշի եւ ստանձնել է Թեմական դպրոցի տեսուչի պաշտոնը: Նշվել է, որ այդ տարվա ուսուցչական կազմի մէջ մտել են երկու նոր ուսուցիչներ՝ Ստեփան Դեմուրյանը, ձայնագրություն առարկայի համար եւ Հրաչյա Աճառյանը, որը Սամվել Գյուլզադյանի փոխարեն դասավանդելու է հայոց լեզու եւ գրականություն առարկան: Հոգաբարձությունը ծերունի Գյուլզադյանին նշանակել է 400 ռ. կենսաթոշակ, որը հաստատվել է Վեհափառ Հայրապետի կողմից: Մամուլում գրվել է, որ «կանոնաւոր ուսումը կսկսուի սեպտեմբերի մէկից: Վերացուած է Լ. Սարգսեանի օրոք աշակերտների համար պատրաստուած գլխարկներին կպցնելիք նշանը: Նորը շատ յարմար է. մէջտեղը արծուի նշան է: Նորոգում են դպրանոցի մի քանի խարխուլ տեղերը: Հայր սուրբն այս տարի աւելի եռանդով է կպել իւր գործին»:

Հրաչյա Աճառյանը Շուշիում, 1904թ.

Այդ տարի, Շուշիում, երիտասարդ Հրաչյա Աճառյանը հանդիպում է իր առաջին սիրուն՝ Արուսյակին, որին սիրահարվում է տեսնելուն պես, դպրոցում ավարտական միջոցառման ժամանակ: Հետագայում, Արուսյակը դառնում է մեծ գիտնականի կյանքի հավատարիմ ընկերն ու ուղեկիցը:

Հրաչյա Աճառյանը եւ Արուսյակը

Հենց Շուշիում էլ սիրահարված Աճառյանը փոքրիկ բանաստեղծություն է ձոնում Արուսյակին.
«Երկնքում շատ աստղեր կան,
Բոլորն էլ փայլուն, սիրուն,
Բայց ամէնքից վեր միայն,
Արուսեակն է փայլփլուն:
Երկիրն էլ շատ կան կոյսեր,
Շատերն են փայլուն, սիրուն,
Բայց ամէնքից վեր միայն
Իմ Արուսեակն է սիրուն»:

1904թ. սիրահարները ամուսնանում են եւ 21 տարի ապրում միասին: Գեղանի Արուսյակը դառնում է Աճառյանի կյանքի անմնացորդ նվիրված կողակիցը, ով ամեն ինչ նվիրաբերում է ամուսնուն, նրա նպատակներն ու ցանկությունները դարձնում իրենը: Նրանց սերը եղել է անկեղծ ու փոխադարձ եւ ոչինչ՝ ոչ առաջին համաշխարհայինը, ոչ ջարդարար թուրքերի նախաձեռնած հայոց կոտորածն ու գաղթերը չեն բաժանում նրանց: Ամուսինները Ղարաբաղից գաղթում են Էնզելի, որտեղ էլ մեծ մանկավարժը 1923թ. ստանում է Խորհրդային Հայաստանի կառավարության հրավերը եւ կնոջ հետ ժամանում Երեւան՝ դասախոսական աշխատանքի անցնելով Երեւանի պետական համալսարանում: Վերջինս էլ դառնում է նրա կյանքի հետագա 30 տարիների արգասաբեր օրրանը: 1925թ. նրանց բաժանեց Արուսյակի մահը եւ գիտնականը նրա հիշատակին նվիրեց իր գլուխգործոցը՝ «Արմատական բառարանը»:

Աճառյանը կնոջ հարազատներին գրել է. «Եվ այսպես խեղճ Արուսյակս մեռավ յուրայիններից հեռու, նույնիսկ չարժանացավ նրանց կարեկցությանը: Ես միայն մնացի, որ գիշեր-ցերեկ անդադար հիշում եմ, ողբում ու ցավում: Այսօր հատկապես շատ դառն հուշերի մեջ էի, վախենում եմ, որ ես էլ կգժվիմ, տանը բոլորովին մենակ եմ»:

Եվ որպեսզի կնոջ կարոտն առնի, զգա ներկայությունը, նրա ամենասիրած շրջազգեստը կախում է պատից եւ ամեն օր դասերից վերադառնալիս զրուցում դրա հետ, պատմում իր անցկացրած դասերի եւ գալիք օրերի անելիքների մասին: Բայց օրերից մի օր գողերը մտնելով նրա տուն եւ ձեռագրերից բացի ոչինչ չգտնելով` տանում են պատից կախված զգեստը: Մեծ գիտնականը շատ է վշտանում, հոգեկան ապրումների մեջ ընկնում այնքան ժամանակ, մինչեւ որ Աբովյան փողոցով անցնելիս Արուսյակի զգեստը պատահաբար տեսնում է մի կնոջ հագին: Անմիջապես կանգնեցնում է նրան, հարցուփորձով իմանում, որ կինն այն գնել էր անծանոթ մի երիտասարդից եւ պահանջում է տեղում հանել զգեստն ու վերադարձնել իրեն: Բարձրացած աղմուկի վրա հավաքվում են մարդիկ, փորձում հանգստացնել պրոֆեսորին, սակայն նա անհողդողդ էր եւ պահանջում էր, որ զգեստն անմիջապես վերադարձնեն: Չի օգնում անգամ ոստիկանական միջամտությունը, եւ միայն այն բանից հետո, երբ ոստիկանատանը Աճառյանը այդ զգեստի համար վճարում է կնոջը եւ թանկագին հիշատակը տուն բերելով` կախում նախկին տեղում, նոր միայն վերագտնում է իր հոգեկան հանգիստը: Բայց զգեստը այլեւս խորթացել էր, դարձել անհարազատ, եւ Աճառյանը օտարացած շրջազգեստը իջեցնում է պատից ու փոխարենը կախում կնոջ յուղաներկ նկարը, իսկ ավելի փոքր լուսանկարը դնում իր գրասեղանին: Այդուհետ նա հաղորդակցվում է լուսանկարների հետ:

Հ. Աճառյանը ուսուցչության տարիներին, մանկավարժությանը զուգընթաց, զբաղվել է նաեւ Շուշիի բարբառի ուսումնասիրությամբ: Այդ նպատակով նա Փարիզից Շուշի է հրավիրել Ա. Մեյեին, եւ վերջինս երկու շաբաթ հյուրընկալվելուց հետո ասել է, որ «Շուշին իսկապես Կովկասի մարգարիտն է»: Երիտասարդ Աճառյանը այնքան էր սիրահարվել Շուշի քաղաքին, որ դասավանդելու տարիներին մերժել է Մեյեի ու Մառի՝ բարձր աշխատավարձով Փարիզում կամ Սանկտ Պետերբուրգում աշխատելու հրավերները: Հարկ է նշել, որ Աճառյանը 1904թ. Շուշիում կազմել, խմբագրել եւ հրատարակել է Պետրոս Դուրյանի երկերի ժողովածուն: Նա իր «Կյանքիս հուշերում» գրքում վերհիշելով 1920 թ. հայերի կոտորածը, գրել է. «Ազգամիջյան կռիվների ժամանակ ադրբեջանցի ազգայնամոլները գիշերային հանկարծակի հարձակում գործեցին հայոց վրա եւ կրակ տվին: Այդ գիշերը ուժեղ քամի էր: Քամին տարածեց հրդեհը, չոր թախթափուշները հեշտությամբ վառվեցին, եւ ամբողջ քաղաքը հրո ճարակ դարձավ… Այդպես դատարկվեց Շուշին եւ մեռավ: Շուշվա կործանման առթիվ վրացական մի թերթ գրել էր. «Կովկասում մի ադամանդ կար. թուրքերը փշրեցին այդ ադամանդը»:

Իսկ 1903թ. Աճառյանը նկարագրել է Շուշիի տները. «Գեղեցիկ էր Շուշի քաղաքը, տները ընդհանրապես քարաշեն են, սպիտակ, խոշոր, տաշած քարերով շինված։ Կտուրը հարթ չէ, այլ ունի եռանկյունաձեւ տախտակյա տանիք, որ պարսկերեն բարբառով կոչվում է թախթափուշ։ Կտուրները ներկված են կարմիր, եւ բարձունքից դիտողը կարմիր, կանաչ եւ սեւ գույների զանազանությամբ, սիրուն տեսարան ունի առաջը»։ Նա անդրադարձել է նաեւ Շուշիի բժիշկներին եւ նշել է, որ նրանց մոտ չգրված օրենք կար՝ ուսուցիչներից փող չվերցնել:

Շուշիում օգոստոսի երկրորդ կեսին եղանակը աստիճանաբար սկսում է փոխվել. «Մօտ երկու շաբաթ է, որ անձրեւ է մաղում երկնքից եւ բաւականին ցրտեր են տեղի ունենում: Եթէ անձրեւները եւ ցրտերը այսպէս շարունակուին, շատ մեծ վնասներ կարող են հասցնել գիւղական բնակչութեանը եւ խաղողի այգիներին: Ամառանոց եկողները ահագին խմբերով հեռանում են քաղաքիցս»:

Եվ վերջում, օգոստոսի 25-ին Ամարասի վանքում թուրք ավազակները սպանում են տեղի ծառային. «Ցերեկւայ պահուն նոյն վանքի ծառաներից մէկը գնում է վանքի այգին, յանկարծ այդտեղ պատահում է դարանամուտ եղած թուրք աւազակների, որոնք իրենց նպատակ էին դրել այգուց խաղող գողանալու: Աւազակները տեսնելով, որ վանքի ծառան արգելք պիտի հանդիսանայ, տեղն ու տեղը սպանում են նրան: Եղեռնագործներն անյայտացել են. վանահայրը դիմել է ուր հարկն է նրանց որոնելու համար»:

Արմեն ԱՍԱՏՐՅԱՆ
Գիտաշխատող

Գլխավոր լուսանկարում՝ Շուշիի ուսուցիչները եւ աշակերտները, 1904թ., աջից նստած երկրորդը Աճառյանն է, նրա կողքին՝ Արուսյակը

«Առավոտ» օրաթերթ
25.06.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930