«Չեմ կարծում, թե ՔՊ գրասենյակ այցելելը մեղք է, այն սրբագրելու կարիք նախագահ Հարությունյանը չունի». «Առավոտի» զրուցակիցն է Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը:
– Ի՞նչ է կատարվում Արցախում, թեեւ Արայիկ Հարությունյանը նախօրեին փորձեց բացատրել-սրբագրել ընտրությունների օրը ՔՊ գրասենյակ իր այցելությունը, ապա ՀՀ իշխանությանն ուղղված իր շտապողական շնորհավորանքը, բայց ակնհայտ է, որ դա համոզիչ չէր եւ խնդիրն էլ բազմաշերտ է:
– Չեմ կարծում, թե բազմաշերտ խնդիր կա: Ինձ համար պարզ է մի բան. հազարավոր արցախաբնակներ շուրջ մեկ ամիս Հայաստանում էին, աջակցում էին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Ըստ երեւույթին, այդ մարդիկ հուսախաբվել են եւ իրենց չարացածությունը փորձում են պարպել Ստեփանակերտում: Դա ուղղորդված, կազմակերպված է, կան քաղաքական խմբեր, առանձին անհատներ, որ հրապարակ են գործուղել իրենց «կլոն»-ներին: Դա ապացուցում է, որ նրանք հանրային աջակցություն եւ հեղինակություն չունեն, փորձում են «ինքնաբուխ զայրույթի» տեսարաններ բեմադրել: Եթե Ստեփանակերտի քաղաքապետը մասնակցում է «Հայաստան» դաշինքի եզրափակիչ հանրահավաքին, ապա ի՞նչ արտառոց բան է, որ նախագահ Հարությունյանն էլ այցելում է ընտրապայքարին մասնակցող կուսակցությունների գրասենյակներ: Իսկ Նիկոլ Փաշինյանին շնորհավորանքը մի արարողակարգային ուղերձ է: 2018 թ. դեկտեմբերի 10-ին էլ նախագահ Բակո Սահակյանն է Փաշինյանին իր եւ արցախցիների անունից շնորհավորել համոզիչ հաղթանակի կապակցությամբ: Չեմ կարծում, թե ՔՊ գրասենյակ այցելելը մեղք է, այն սրբագրելու կարիք նախագահ Հարությունյանը չունի:
– Ինչո՞ւ Արայիկ Հարությունյանի դեմ ցասումն Արցախում պոռթկաց հայաստանյան ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակից հետո, որը հայկական պետությունները հասցրեց պարտության, անորոշության ու դեռ մշուշոտ ապագայի:
Կարդացեք նաև
– Դա չափազանցված ընկալում է, նախագահ Հարությունյանի դեմ ցասում չկա: Ցույցերին մասնակցում է առավելագույնը մի քանի հարյուր մարդ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը քվե է տվել ընտրություններին մասնակցած քաղաքացիների կեսից ավելին: Ես հարգում եմ այդ մարդկանց ընտրությունը: Մնացածը վերլուծության, փաստարկման եւ պատասխանատվության թեմա է: Դա իմ խնդիրը չէ:
– Իսկ Ացախում ինչպե՞ս են վերաբերվում Հայաստանում ՔՊ-ի վերարտադրությանը: Հայաստանյան ընտրություններն իրենց ելքով, ըստ էության, նաեւ արցախցիների համար էին փրկօղակ եւ կա նաեւ տեսակետ, որ այսպիսով տեղի է ունենում Արցախի վերջնական հանձնում:
– Ես սոցոլիոգիական հարցում չեմ անցկացրել: Որքան տեղյակ եմ՝ ոչ ոք նման ուսումնասիրություն չունի: Իսկ երբ հստակ հիմնավորումներ չկան, չեմ կարող ասել, թե արցախցիները մերժում են Փաշինյանին կամ նրա աջակից են:
– Ո՞ւմ եւ ի՞նչ կտա այս պահին պաշտոնից Արայիկ Հարությունյանի հրաժարումը: Կա՞ն կարգավորումներ` իշխանության փոխանցման առումով եւ որքա՞ն արդյունավետ կլինի դրանց իրագործումը` ներկայիս իրողությունների համատեքստում:
– Սահմանադրական ֆորմալ կարգավորումներ, իհարկե, կան: Նախագահի հրաժարականի դեպքում քառասունօրյա ժամկետում անցկացվում են արտահերթ ընտրություններ: Հարցն այն է, թե ստեղծված իրավիճակում գործնական հնարավորություն կունենա՞նք: Բայց նախագահ Հարությունյանի հրաժարական պահանջողները Սահմանադրության հետ հաշվի նստել չեն ուզում: Ինտրիգն այստեղ է: Նրանք առաջարկում են ինչ-որ «Կոմիտե» ստեղծել, նրան վերապահել թե օրենսդիր, թե գործադիր իշխանության լիազորություններ: Տպավորություն ունեմ, որ ինչ-որ մեկը պարզապես ձգտում է ռուս խաղաղապահների հովանոցի ներքո լինել Արցախի հայկական մնացած մասի գեներալ-նահանգապետ: Մնացածը պարզ ամբոխահաճություն է: Իհարկե, Արցախում փոփոխությունների անհրաժեշտություն կա: Բայց դրանց պետք է գնալ քայլ առ քայլ: Փոխել Ընտրական օրենսգիրքը, կուսակցությունների մասին նոր օրենք ընդունել, սահմանադրական բարեփոխում իրականացնել: Այսինքն, իրավա-քաղաքական դաշտը նախապատրաստել հերթական ընտրությունների, այլ ոչ թե գնալ պետական ինստիտուտների ապալեգիտիմացման: Դա կործանարար ճանապարհ է, եւ ընթացքը պետք է կասեցվի:
– Վարկած է շրջանառվում, որ իր հրաժարականի պահանջով ցույցերի ետեւում էլ Արայիկ Հարությունյանն է, քանի որ նրան Հայաստանում պաշտոն են խոստացել եւ այդ ամենն արվում է հեռանալու համար «ժողովրդավարական» հող նախապատրաստելու համար: Մյուս կողմից, այս օրերին Արցախի կառավարությունը սկսեց սոցիալական տարբեր խավերի աջակցություն տրամադրել, նաեւ մարդիկ խոսում են, որ Արայիկ Հարությունյանն իր յուրայինների միջոցով է անհատական խրախուսումներով փորձում մեղմել հետագա զարգացումները: Ո՞ր վարկածն է առավել արժանահավատ:
– Կներեք, անհեթեթությունները չեմ մեկնաբանում: Իսկ սոցիալական ծրագրեր Արցախում իրականացվում են անցյալ տարեվերջից: Եվ իրականացվելու են:
– Արցախյան զարգացումների ադրբեջանական արձագանքներին հետեւե՞լ եք, ի՞նչ արձագանք կա:
– Սեպտեմբերի 28-ից ադրբեջանական մամուլ չեմ կարդում, սոցիալական ցանցերի ադրբեջանական սեգմենտին չեմ հետեւում, չեմ կարող օդում ենթադրություններ անել: Բայց վստահ եմ, որ Բաքվում ուշի-ուշով հետեւում են ստեփանակերտյան կլոունադային: Ենթադրում եմ՝ հրճվանքով:
– Ի՞նչ զարգացումների սպասել:
– Կարծում եմ, որ «Հայաստան» դաշինքի կառուցողական կեցվածքի համատեքստում Ստեփանակերտի «ինքնաբուխ բողոքի ալիքը» կմարի մոտակա օրերին:
– Օրերս Ալիեւն ու Էրդողանը Շուշիում քաղաքական եւ տնտեսական փոխհամագործակցության հռչակագիր ստորագրեցին: Էրդողանը չի բացառել Շուշիում կնքված հռչակագրով Ադրբեջանի տարածքում թուրքական զինուժի ռազմակայան ստեղծելու հնարավորությունը եւս: Սա ինչի՞ մասին է խոսում:
– Այդ փաստաթղթի մանրամասնությունները գաղտնի են: Իմ տպավորությամբ, քննարկվում է Ադրբեջանում Թուրքիայի ռազմական ներկայության ֆորմալացման հարցը, բայց Իլհամ Ալիեւը կաշկանդված է Մոսկվայի վերաբերմունքով: Կհամաձայնի՞ Իլհամ Ալիեւը, որ Ադրբեջանում ռուսական մշտական ռազմական ներկայություն լինի: Դժվար է կանխատեսումներ անել:
Զրույցը՝ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
25.06.2021