Լրահոս
Օրվա լրահոսը

«Պրոֆեսոր Չարչյանը հասարակ մահկանացու չէ…». Բժշկական հանրության 539 ներկայացուցիչների բաց նամակը

Հունիս 25,2021 23:30

Բժշկական հանրության 539 ներկայացուցիչ պահանջում է ազատ արձակել բժիշկ Արմեն Չարչյանին

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՊԱՐՈՆ Ն․ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՊԱՐՈՆ Ա․ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ ՊԱՐՈՆ ԴԱՎԹՅԱՆԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻՆՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՊԱՐՈՆ ԲԱԴԱՍՅԱՆԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՏԻԿԻՆ ԱՎԱՆԵՍՅԱՆԻՆ

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ ՊԱՐՈՆ ԹԱԹՈՅԱՆԻՆ

 

ԲԱՑ ՆԱՄԱԿ

Ձեզ են դիմում Հայաստանի հանրապետության բժշկական հանրության մի շարք ներկայացուցիչներ:

Մասնագիտական գործունեության բերումով համոզված ենք, որ.

մարդու կյանքը գերակա արժեք պետք է լինի Հայաստանի հանրապետությունում,

մարդու կյանքի որակի բարելավումը նախապայմանն է բոլոր այլ տեսակի բարեկեցությունների:

Մարդու կյանքի պահպանման և նրա որակի բարելավման սուրբ գործին ենք ծառայում մենք: Կարծում ենք, որ ոչ ոք և ոչինչ մեզ չպետք է խանգարի շարունակելու ծառայել այդ նպատակին:

Մեր եղբայր, ընկեր, գործընկեր, ուսուցիչ պրոֆեսոր Չարչյանը կալանավորված է:

Երկար տարիներ տառապում է ծանր ինսուլինակախյալ շաքարային դիաբետով, որի մի շարք ծանր բարդությունների պատճառով.

տեսողական խնդիրների կապակցությամբ վիրահատվել է,

սրտամկանի անոթների ծանր ախտահարումների կապակցությամբ վերջերս իրականացվել է երեք մագիստրալ կորոնալ անոթների ստենտավորում,

երիկամների սուր մեխանիկական անբավարարության կապակցությամբ մի քանի օր առաջ ստացել է ինտենսիվ բուժում, ապա կատարվել է քարափշրում:

Պրոֆեսոր Չարչյանի աշխատասենյակի առջև ամեն օր հիվանդների մեծ հոսք է, ովքեր իրացնելով բժշկին ընտրելու իրենց սահմանադրական իրավունքը, ցանկանում են վիրահատվել հատկապես նրա մոտ:

Վերջին տաս օրվա ընթացքում, երիկամների սուր անբավարարության առանձին նշանների, սրտամկանի շարունակվող իշեմիայի, զարկերակային զգալի գերճնշման ախտանիշային ամոքող բուժումների զուգակցումով պրոֆեսոր Չարչյանը չի դադարեցրել զբաղվել կյանքի իմաստ դարձած իր սուրբ գործով, ամեն օր կատարել է բարդ վիրահատություններ:

Բժշկագիտության պատմությունը ապացուցված է համարում, որ ոչ մի դեղ, ոչ մի վիրահատական գործողություն չի կարող առողջացնել հիվանդին, եթե հիվանդի օրգանիզմը պատրաստ չէ դրան, եթե հիվանդի հոգին ալեկոծված է:

Ոչ մի պաշտոն հավիտենական չէ: Կարևոր է մարդը, հավիտենական են նրա բարի գործերը։

Դուք, Ձեր ընտանիքի անդամները, Ձեր ընկեր-բարեկամները եղել են մեր պացիենտները, մեր պացիենտներն են, լինելու են մեր պացիենտները: Մեզ ոչ ոք, ոչինչ չի խանգարելու բուժել ու առողջացնել Ձեզ:

Հիմա մեր հոգին ալեկոծված է: Մենք դժվարանում ենք կենտրոնացնել մեր միտքը, մեր մատների դողը խանգարում է Մեզ: Բժիշկը բուժում է հոգով: Մեր հոգին խռովված է, մեր հոգին լքում է մեզ: Ենթադրում ենք, որ վաղը-հաջորդ օրերին չենք կարողանալու բուժել հոգով:

Պրոֆեսոր Չարչյանը մեր եղբայրն է, ընկերը, գործընկերը, ուսուցիչը: Նրա մարմինը ու հոգին այսօր օգնության կարիքն ունեն՝ Ձեր օգնության, Մեր օգնության: Մեր հիվանդները մեր օգնության կարիքն ունեն: Օգնեք մեզ, որ մենք օգնենք մեր հիվանդներին:

Քաղաքական կամ քրեաիրավական հարցերը մեր քննելին չեն:

Մենք երաշխավորում ենք, որ քրեաիրավական Ձեր բոլոր վախերը չեն դառնալու իրականություն: Պրոֆեսորը իրավապահ մարմինների առաջին իսկ պահանջով ներկայանալու է: Դուք էլ էք համոզված, որ ոչնչով չի խոչընդոտելու, չի կարող խոչընդոտել ոչ մի քննչական գործողության:

Վերացրեք կալանքը, նպաստեք վերացնելու կալանքը: Պատմությունը Ձեզ բարի խոսքերով կհիշի:

Խնդրում-հորդորում-պահանջում ենք. Վերացրե՛ք կալանքը:

Թո՛ղ պրոֆեսորի հոգին հանդարտվի, հետևաբար նրա մարմինը ևս կբուժվի: Թո՛ղ պրոֆեսորին ընտրած հիվանդը նրա մատներով ու նշտարով ամոքվի:

Թո՛ղ մեր հոգին էլ հանդարտվի, մենք էլ հոգով բուժենք:

Որովհետև վաղը-հաջորդ օրերին՝ ենթադրում ենք, որ կարող է չկարողանանք հավատարիմ մնալ Հիպոկրատի պատգամներին՝ բուժել հոգով և սիրով: Ենթադրում ենք, որ կարող է հագնենք սպիտակ խալաթները ու ալեկոծենք փողոցները: Հետո, երևի շատանանք, շատանանք…

Ոչ մի պաշտոն հավիտենական չէ: Կարևոր է մարդը, հավիտենական են նրա բարի գործերը։

Պաշտոնը հավիտենական չէ: Հավիտենական է մարդը, հավիտենական է պատմությունը:

Հիշե՛ք. պրոֆեսոր Չարչյանը հասարակ մահկանացու չէ, նա մեր եղբայրն է, ընկերը, գործընկերը, ուսուցիչը: Երաշխավորում ենք:

Հ.Գ. Խնդրում ենք․ Մի հանձնարարեք Ձեր ենթականերին կարդալ ու պատասխանել:

Ինքնե՛րդ կարդացեք:

 

Բժշկական հանրության 539 ներկայացուցիչ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Armen says:

    Օրենքը ոչ սովորական մահկանացուների համար չէ՞, իսկ ով պետք է որոշի ոչ սովորական մահկանացուների ցանկը: Լավ է հնչում… Իսկ որևէ մանկավարժ կարո՞ղ է տեղ ունենալ այդ ցանկում:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930