Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում բողոքի ալիք է հասունանում․ հովանավորչությամբ՝ այգին ոչնչացնելու հաշվին պահեստ են կառուցում

Հունիս 25,2021 22:15

Գյումրու Վազգեն Սարգսյանի անվան բանուկ փողոցում՝ Տնտեսագիտական համալսարանի հարևանությամբ գտնվող «Կոմսոմոլի» կամ որ ավելի ճիշտ է «Երիտասարդական» այգում «Դոմուս» առևտրային ցանցը պահեստ է կառուցում։

Սա հարուցել է գյումրեցիներից շատերի զայրույթը, բազմաթիվ մտավորականներ իրենց կարծիքն են հայտնել «ֆեյսբուք» սոցիալական ցանցում հայտնված լուսանկարի տակ՝ Շիրակի դատախազ Գուրգեն Գրիգորյանից պահանջելով քրգործ հարուցել ու ստիպել ապամոնտաժել իրենց իսկ բառերով ասած՝ անֆասոն ու տձև կառույցը։

Գյումրեցիների պնդմամբ, այն կանաչ գոտի է, որի գործառնական նշանակությունը փոխելու իրավունք պարզապես չունեն։ Նրանք պահանջում են ցույց տալ փաստաթղթերը, թե ինչի հիման վրա ու ում հովանավորչությամբ են կանաչ գոտին վերածել պահեստի։

Ըստ գյումրեցիների, այս թեմայով հասարակական լսումներ չեն եղել, իրենց կարծիքը հաշվի չեն առել ու այգու հենց մեջտեղում՝ «Ավետաբեր» կամ որ առավել հայտնի է «Զոյայի» արձանին կպած կառույց են հիմնել։

Ի դեպ, անզեն աչքով էլ կարելի է տեսնել, թե ինչպես է կառուցապատողը խախտել քաղաքաշինական նորմերը․ արձանը, որն իր մեջ ամփոփում է շատերի մանկության ու պատանեկության հիշողությունները, բացարձակապես անտեսվել է (Տես լուսանկարում)։

Ի դեպ, արձանի հեղինակները վաստակավոր քանդակագործ Սամվել Պետրոսյանն ու վաստակավոր ճարտարապետ Ռաֆայել Եղոյանն են։ Արձանի « Ավետաբեր» անվանումը պատահական չէ, այն խորհրդանշում է երիտասարդների իղձերն ու երազանքները։

Ըստ գյումրեցիների, ներկայիս երիտասարդական իշխանությունը, այգու ոչնչացումը թույլ տալով, վերացնում է իրենց իղձերն ու երազանքները։

Այս կարծիքը պատահաբար չի հնչում, բանն այն է, որ Գյումրիում շրջանառվում է վարչապետ Փաշինյանի մտերիմներից մեկի անունը, որը բարձրաստիճան պաշտոնյա է և ում հովանավորչությամբ էլ Գյումրու քաղաքապետարանը տարածքը տրամադրել է «Դոմուս»-ին։

Այգին երկրաշարժից հետո վերածվել էր տնակային թաղամասի, ու այդ տարածքի բնակիչներից մեկը ֆեյսբուքյան քննարկումներում պնդում է, որ քաղաքապետարանը մի քանի քառակուսի մետր տարածք անօթևան բնակիչներին չէր տրամադրում՝ տուն կառուցելու համար՝ պատճառաբանելով, թե կանաչ գոտի է։ Իսկ այժմ, ըստ բնակչի, «փողին մուննաթ, սադի մեջ անգար են սարքում»։

Aravot․am-ը Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ են կառուցում, ո՞ր իրավունքով։

Քաղաքի ճարտարապետն ասաց, որ «Կոմսոմոլ»-ի այգին կանաչ տարածք է եղել երկրաշարժից առաջ, երկրաշարժից հետո վերածվել է տնակային ավանի։ Տարիներ են պահանջվել, մինչև որ տնակային ավանը վերացել է։

Տնակները քանդելուց հետո էլ այն, ըստ ճարտարապետի, վերածվել էր շինաղբի։ Տարածքը, Հենրիկ Գասպարյանի տեղեկացմամբ, կառուցապատման իրավունքով վերցրել էին, սակայն հետո հայտնվել են այլ ներդրողներ, որոնք ծրագիր են ներկայացրել ու այն տրամադրվել է նրանց։

Ըստ ճարտարապետի, խոսքը «Դոմուս»-ի մասին է, որն աշխատատեղեր է ստեղծելու Գյումրիում։ Բացի այդ, ըստ ներդրման ծրագրի, նրանք պարտավոր են տարածքն աղբից ազատել, բնակիչներին բնակարանով ապահովել, այգու մնացած հատվածն էլ բարեկարգել, կանաչապատել։

Հենրիկ Գասպարյանի ասելով, իրենք արձանի հեղինակին առաջարկել են արձանն այլ վայր տեղափոխել։

Նա պնդում է, որ այդ հողատարածքի գործառնական նշանակությունը փոխվել է՝ համաձայնեցվելով բոլոր պատասխանատու գերատեսչությունների հետ և հաստատվել է Գյումրու ավագանու կողմից, կա ավագանու որոշումը։ Թե ավագանու ո՞ր նիստով է հողամասի գործառնական նշանակությունը փոխելու մասին առաջարկն հաստատվել, մեր զրուցակիցը չի հիշում։ Սակայն, պնդում է, որ ամեն ինչ օրինական է։

Մենք փաստաթղթերը ձեռք կբերենք՝ տարբեր գերատեսչություններ տեղեկատվության գրավոր հարցումներ կատարելով։ Այս մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

«Դումուս»-ի կողմից կառուցվող շենքը տիպային կառույց է, ամբողջ աշխարհում կառուցում են այդ տեսակի շենքեր, դա թեթև մետաղական կոնստրուկցիաներով, հավաքովի շենք է»,- ասում է Հենրիկ Գասպարյանը։

Իսկ գյումրեցիները հույս ունեն, որ այն ապամոնտաժելու են։

«Հիմք ընդունելով մայրաքաղաքում ապօրինի կառույցների ակտիվ ապամոնտաժումը, հույս ունենք, որ այս հարցը ևս արդար լուծում կունենա` ի շահ մեր քաղաքի ու քաղաքի բնակչի»,-գրել են գյումրեցի օգտատերերը։

Ճարտարապետի հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930