Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Սարգսյանն ու եվրոպացի բարձրաստիճան դիվանագետները մտքեր են փոխանակել պատերազմից հետո մեր երկրում և տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, մասնավորապես՝ մարդասիրական, սահմանային խնդիրների շուրջ

Հունիս 25,2021 19:22

Արմեն Սարգսյանն ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Ավստրիայի, Լիտվայի և Ռումինիայի ԱԳ նախարարներին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակում Հայաստանում գտնվող՝ Ավստրիայի եվրոպական և միջազգային հարցերով դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգին, Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսին, Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուին և նրանց ուղեկցող պատվիրակությանը:

Եվրոպացի բարձրաստիճան դիվանագետները նշել են, որ տարածաշրջանային այցի նպատակն է ընդգծել Եվրամիության համար հարավկովկասյան տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների և ԵՄ Արևելյան գործընկերության կարևորությունը։

Արևելյան գործընկերության շրջանակում Հայաստանի հետ արդյունավետ փոխգործակցության առումով դիվանագետները նշել են, որ այս տարվա դեկտեմբերին նախատեսվող՝ Արևելյան գործընկերության գագաթնաժողովին ընդառաջ՝ ցանկանում են տեղեկանալ գագաթնաժողովից Հայաստանի ակնկալիքների մասին: Զրուցակիցները գագաթնաժողովը կարևոր են համարել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խթանման, ինչպես նաև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո քայլերի հստակեցման տեսանկյունից:

Նախագահ Սարգսյանն ու եվրոպացի բարձրաստիճան դիվանագետները մտքեր են փոխանակել պատերազմից հետո մեր երկրում և տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, մասնավորապես՝ մարդասիրական, սահմանային խնդիրների շուրջ: Հյուրերը նշել են, որ Եվրամիության համար կարևոր է տարածաշրջանի կայունությունը, և իրենք ցանկանում են ներդրում ունենալ այդ հարցում:

Նախագահ Սարգսյանը անդրադարձել է Ադրբեջանի կողմից անազատության մեջ պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի հարցին՝ շեշտելով, որ այս հրատապ խնդրի լուծման գործում Հայաստանն ակնկալում է միջազգային գործընկերների աջակցությունը:

Մտքեր են փոխանակվել նաև հունիսի 20-ին Հայաստանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների և դրանցից հետո երկրում ստեղծված իրավիճակի շուրջ: Հույս է հայտնվել, որ ընտրությունները կնպաստեն երկրում լարվածության թուլացմանը և կայունությանը:

Անդրադարձ է եղել նաև տարբեր ուղղություններով Հայաստան-Եվրամիության համագործակցության խորացմանն ու զարգացման հեռանկարներին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930