Aravot.am-ի տեղեկություններով Արարատի մարզի Հայանիստ համայնքի երկու բնակիչ «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին ձայներ ապահովելու նպատակով նույն դաշինքի ներկայացուցչից՝ Ս․-ից, ընտրակաշառքի գումարներ են ստացել։ Սակայն նրանք չեն կարողացել անհրաժեշտ ձայներն ապահովել, ուստի դաշինքի ներկայացուցիչը հետ է պահանջել գումարը։
Ընտրակաշառքի գումարը ստացել է Արարատի մարզի Հայանիստ համայնքի ղեկավար Բ․ Ս․-ն, որը Հանրապետական կուսակցության անդամ է, ապա Բ․Ս․-ն այդ գումարի մի մասը փոխանցել է Հայանիստի ավագանու անդամ Գ․Մ․-ին՝ նույն նպատակով, վերջինս պարտավորվել է այդ գումարի դիմաց «Պատիվ ունեմ» դաշինքի համար որոշակի քվե ապահովել։ Եւ փաստորեն, «գործն», այսպես ասած՝տապալել են, ու հիմա դաշինքի ներկայացուցիչը նրանցից հետ է պահանջում փոխանցած գումարը։ Մեր տեղեկություններով իրավապահ մարմինները զբաղվում են այս գործով, նյութեր են նախապատրաստվում։
Aravot.am-ի զրույցում «Պատիվ ունեմ» դաշինքի մամուլի խոսնակ Սոս Հակոբյանն ասաց, որ այս դեպքի մասին որեւէ տեղեկություն չունի, եւ հետեւաբար, չի կարող պարզաբանում տալ։ Պարոն Հակոբյանը, սակայն հիշեցրեց․«Ընտրակաշառքների մասին մինչ այս պահը այն դեպքերը, որոնց մասին հանրայնացվել է, հրապարակային խոսվել է, մենք հստակ տեղեկություն ունենք, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Մենք հայտարարել ենք՝ դա քաղաքական հետապնդման արդյունք է եղել, հատկապես վերջին օրերին, ընտրություններից մեկ օր առաջ, ընտրությունների օրը, որը նպատակ է ունեցել ամեն կերպ թեկուզ մեկ քվեն «Պատիվ ունեմ» դաշինքից հանել, զսպել, վախեցնել թե՛ ակտիվիստներին, թե՛ քաղաքացիներին։ Մեր պաշտպանները զբաղվում են, եւ շատ շուտով կտեսնեք՝ իրավական գործընթացները կհանգեցնեն այդ մարդկանց անմեղության հաստատմանը»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ