Լրահոս
Օրվա լրահոսը

Թեւան Պողոսյան. «Մեր անվտանգության տերը մենք չենք, մեր սահմանների տերը մենք չենք»

Հունիս 25,2021 18:40

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թեւան Պողոսյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց արտահերթ ընտրություններից հետո Հայաստանին սպասվող ապագայի իր պատկերացումների մասին:

«Մայիսի 12-ից մեր անվտանգությունը հանձնել ենք ադրբեջանցիներին, նրանց քմահաճույքներին: Կուզեն կես կիլոմետր առաջ կգան, կուզեն՝ 10 կիլոմետր: Միեւնույն է, մերոնք չեն կրակում, չեն պաշտպանվում: Իսկ հիմա էլ բանակցում ենք երրորդ երկրի՝ ռուսական կողմի հետ, խնդրում՝ եկեք մեզ պաշտպանեք:

Մեր անվտանգության տերը մենք չենք, մեր սահմանների տերը մենք չենք: Այդպիսի երկրների հետ էլ… միջազգային հանրությունը, իհարկե, կշնորհավորի այսպիսի ընտրության արդյունքները: Նրանք մտածում են «Եթե դուք ձեր ազգային արժանապատվությունը այդքան եք համարում… 88-ին համոզում էիք, որ Շարժումը ձեր ազգային զարթոնքն է, 91-94-ին ասում էիք, թե սա պատմական արդարության խնդիր է, մարդու իրավունքների խնդիր է, հիմա ձեր վարքագծով եւ գործողություններով ցույց եք տալիս, որ այդ ամենը անիմաստ էր: Հակառա՞կը: Ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր: Մեզ էլ հետաքրքրում է նավթը:

Ամեն ինչ մեր ձեռքում է: Ոչ մեկից պետք չէ նեղանալ: Մենք պետք է սովորենք մեր արած գործողությունների ստացած արդյունքը եւ հետեւանքները գնահատել: Ես չգիտեմ, թե ընտրությունների օրը ով ինչ դրդումով է ընտրատեղամաս գնացել. անձնական դաշտում է նեղված եղել, թե այլ բան, ամեն մարդ իր ճանապարհն է անցել: Բայց եթե սովորեինք ապրել մեր ապագա սերնդի ճակատագրով, շատ սիրեինք մեր թոռներին ու կոռներին, ոչ թե մեր անձնականի խնդիրը կդնեինք, այլ մտահոգված կլինեինք նրանցով: Եվ այդ ապագայի համար երեւի այլ ընտրություն կունենայինք: Բայց հիմա ունենք այն, ինչ ունենք: Ես ձեռքերը կախել եւ հանձնվել չեմ պատրաստվում ու խորհուրդ չեմ տալիս որեւէ մեկին: Այլեւս չպետք է ստորագրենք այնպիսի փաստաթուղթ, որ միջազգային հանրությունը հետո մեր աչքը մտցնի: Լավագույն օրինակը հենց Ադրբեջանն է, որ 94 թվականից հետո որեւէ փաստաթուղթ չընդունեց, չստորագրեց: Դրա համար էլ հիմա կարողանում է խոսել: Մենք էլ պետք է ոչ մի փաստաթուղթ չստորագրենք եւ փոխենք մեր խոսույթը, որ Ադրբեջանը օկուպացրել է Արցախի տարածքը: Կամ վերածնվելու ենք ու գնանք առաջ, կամ հակառակը:

Մոնթեն անիմաստ չի ասել, թե Արցախը կորցնելով մենք շրջելու ենք հայոց պատմության վերջին էջը: Այ, հիմա բռնել ենք այդ վերջին էջը: Մեր թշնամիները օգնելու են, որ այդ էջը շուտ շրջենք: Կամ այդ վերջին էջը հակառակ ուղղությամբ ենք պտտելու, կամ կշջջենք մինչեւ վերջ:

Էթնիկ մակարդակի վրա մեր ինքնությունը կպահպանվի: Գլենդելում, Մոսկվայում, աշխարհի այլ քաղաքներում հայ կլինի, յան-ով վերջացող ազգանուն կլինի, հայերեն խոսող կամ գրողներ կլինեն, գուցե քարտեզի վրա էլ մի տարածք կլինի, որի վրա գրված կլինի Հայաստանի Հանրապետություն: Բայց ովքե՞ր են լինելու այդտեղի բնակիչները: Իսկ որ մեր թշնամիները ցանկանում են մեզ այստեղից վերացնել եւ դրա համար անելու են ամեն ինչ, երեւի կասկած չկա»,-ասաց Թեւան Պողոսյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930