Բժշկական հանրության մի շարք ներկայացուցիչներ ճերմակ խալաթներով այսօր եկել էին դատախազության առաջ՝ պահանջելու «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանի կալանքից ազատումը։ «Մեր բաց նամակը ստորագրել է բժշկական հանրության 539 ներկայացուցիչ։ Նամակն ուղղված է ՀՀ քաղաքացուն, վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նախագահ Արմեն Սարգսյան, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, վերաքննիչ դատարանին, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին եւ ՄԻՊ Արման Թաթոյանին։ Մասնագիտության բերումով համոզված ենք, որ մարդու կյանքը գերակա արժեք պետք է լինի։ Կարծում ենք, որ որեւէ մեկը չպետք է մեզ խանգարի ծառայել մեր նպատակին։ Մեր եղբայր, ընկեր ու պրոֆեսոր Չարչյանը կալանավորված է։ Երկար տարիներ տառապում է ծանր շաքարային դիաբետով, որի պատճառով վիրահատվել է։ Վերջերս երեք անոթների ստենտավորում է անցել։ Նրա աշխատասենյակի առաջ ամեն օր հիվանդների մեծ հոսք է։ Նրանք ցանկանում են վիրահատվել նրա մոտ»,-լրագրողներին բաց նամակը ներկայացրեց բժշկական համալսարանի դասախոս Սուրեն Սահակյանը։
Նա նշեց, որ վերջին տասը օրում երիկամային սուր անբավարարության նշանների, սրտամկանի իշեմիայի եւ զարկերակային գերճնշման զուգակցմամբ հանդերձ՝ Չարչյանը չի դադարել աշխատել, ամեն օր բարդ վիրահատություններ է արել․ «Ոչ մի պաշտոնյա հավիտենական չէ, կարեւոր է մարդը։ Ում որ մենք դիմում ենք, նրանց ընտանիքի անդամները, ընկերները եղել են մեր պացիենտները եւ մեզ ոչինչ չի խանգարելու բուժել իրենց։ Մեր հիվանդները մեր օգնության կարիքն ունեն, օգնեք մեզ, որ օգնենք իրենց»։ Նամակը ստորագրածները համոզված են, որ Արմեն Չարչյանը չի խոչընդոտի գործի քննությանը, չի խուսափի վարույթն իրականացնող մարմին ներկայանալուց։ Հիշեցնենք, որ «Իզմիրլյան բժշկական կենտրոն»-ի ղեկավար Արմեն Չարչյանը, որը նաեւ «Հայաստան» դաշինքով պատգամավորության թեկնածու է, մեղադրվում է կենտրոնի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերեւույթ հարկադրելու համար, մեղադրանքը չի ընդունում, այն համարում է քաղաքական հետապնդում եւ գտնում է, որ իր մասնակցությամբ հայտնի ձայնագրությունում ուղղորդման տարրեր չկան։
«Հանրության շրջանում տպավորություն է, որ հենց մարդուն կալանավորում են՝ նա լուրջ հիվանդանում է։ Այդպես չէ։ Պրոֆեսոր Չարչյանը լուրջ հիվանդ է, հիմա պառկած է թթվածնային դիմակով։ Մենք քաղաքականության հետ գործ չունենք։ Ես այնպես եմ փորձել անել, որ այստեղ մեծ բազմություն չհավաքվի։ Վախենում եմ՝ հավաքվեն, ու շատ հավաքվեն»,-լրագրողների հետ զրույցում ասաց Սուրեն Սահակյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ