Այսօր Ալիևը Բաքվում ընդունել է Ռումինիայի արտգործնախարար Բոգդան Աուրեսկուին, Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շելենբերգին, Լիտվայի արտգործնախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսին և ԵՄ պատվիրակությանը:
«Այս պահին մենք գտնվում ենք հետպատերազմական զարգացման վիճակում: Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված է: Այդ կապակցությամբ քննարկելու բան չկա: Նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հռչակագիրը ոչ թե պարզապես կրակի դադարեցման համաձայնագիր է, ինչպես փորձում են ներկայացնել որոշ միջազգային քաղաքական գործիչներ: Յուրաքանչյուրը, ով ծանոթանա այդ փաստաթղթին, կտեսնի, որ խոսքը ոչ միայն կրակի դադարեցման, այլև մի շարք այլ հարցերի մասին է: Մենք պետք է մտածենք հետպատերազմական իրավիճակի մասին»,- ասել է Ալիևը:
Նա նաև նշել է, որ Բաքուն Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո Երևանից դրական պատասխանի է սպասում խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում:
«Ես բազմիցս ասել եմ, որ մենք ցանկանում ենք հետպատերազմական իրավիճակից անցում կատարել Հարավային Կովկասում խաղաղ զարգացման և գործակցության: Ցավոք, մենք երբևէ նման բան չենք լսել Հայաստանի կառավարությունից: Հայաստանի կառավարությունը արհամարհում է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի բանակցություններ սկսելու մասին մեր ցանկացած հայտարարություն: Սակայն չի բացառվում, որ նախընտրական իրավիճակը չէր նպաստում այդպիսի հայտարարություններին: Բայց հիմա՝ Հայաստանում ընտրություններից հետո, մենք դրական արձագանքի հույս ունենք»,- ասել է Ալիևը:
Կարդացեք նաև
Ալիևը նաև հայտարարել է, որ խաղաղության պայմանագրի բացակայությունը նշանակում է Հարավային Կովկասում խաղաղության բացակայություն:
«Եթե մենք չունենք Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր, նշանակում է՝ չկա խաղաղություն: Խաղաղություն չկա ոչ միայն երկու երկրների միջև, այլև Հարավային Կովկասում՝ Մեզ պետք է խաղաղություն և կայուն զարգացում, կանխատեսելիություն, պատերազմի զրոյական ռիսկ, մեզ պատերազմ պետք չէ: Մեզ նախկինում էլ պատերազմ պետք չէր»,- ասել է նա:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ