Լրահոս
Օրվա լրահոսը

Թեւան Պողոսյան. «Մեր թշնամիները, ինչպես ասել եմ, մի օր գալու են Զանգեզուրի, մյուս օրը՝ Սեւանի, հաջորդ օրը՝ Երեւանի հետեւից»

Հունիս 25,2021 18:06

«Արդյո՞ք ԱԺ արտահերթ ընտրությունները պետք է նպաստեին քաղաքական ճգնաժամերի հաղթահարմանը: Միանշանակ՝ ոչ: Հակառակը, ճգնաժամերը խորանալու են: Մեկ անգամ չեմ ասել, որ ամենասխալ բանն է՝ ճգնաժամերի շրջանում գնալ ընտրությունների:

Մեկ անգամ չի նշվել, որ այլեւս Ադրբեջանն է որոշելու, թե Հայաստանում երբ լինեն ընտրություններ եւ ով գա իշխանության: Եվ իրենք ամեն ինչ անելու են, որպեսզի Հայաստանին մեծ վնասներ պատճառեն, գործընթացներն այնպիսի հունով են տանելու, որ Արցախի մասին մոռանանք»,- այսօրվա ասուլիսում ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թեւան Պողոսյանը:

Նրա համոզմամբ՝ այս ընտրություններից հետո Հայաստանի առանց այդ էլ խիստ թույլ դիրքերը ավելի են նվաղել: «Ինչ է պետք անե՞լ: Իմ կարծիքով ամեն օր պետք է Արցախի հիմնախնդրի մասին հիշեցնել: Կառաջարկեի նաեւ, որ Արցախի ազգային ժողովը օր առաջ ընդունի ադրբեջանական օկուպացիայի մասին օրենքը իր բոլոր իրավական եւ քաղաքական հետեւանքներով, ապա նաեւ՝ ապագայում նախաձեռնի Արցախի ճանաչման գործընթացը: Այլ պարագայում մեր թշնամիներն իրենց խնդիրները կարողանալու են տանել առաջ, իրենց ոչ մի ծրագրից հետ չեն կանգնի եւ ինչպես ասել եմ՝ մի օր գալու են Զանգեզուրի, մյուս օրը՝ Սեւանի, հաջորդ օրը՝ Երեւանի հետեւից:

Արցախցին շատ լավ գիտակցում է, որ դավաճանվել է: Տագնապալի լուրեր ենք լսում, չէ՞, որ ադրբեջանցիները վերջին շրջանում այլ երկրների հեռախոսահամարներով զանգում եւ ուզում են Ստեփանակերտի իրենց բնակարանները գնել, լսում ենք, որ բառացիորեն իրենց ասում են, թե ադրբեջանցիները հեսա վերադառնալու են այդ տարածքներ: Արցախցին լավ գիտակցում է, որ եթե տվել են ականապատման քարտեզները, շատ արագ տարածքները կմաքրվեն եւ բնակչությունը կգա: Արցախցին ուրախ էր, որ ութ ամսից ավելի ադրբեջանցիները չէին կարողանում մտնել ականապատված տարածքներ: Իսկ հիմա…»:

Այսօրվա իշխանությունները միջազգային կառույցներին ցույց տվեցին, որ մեզ ինչքան ուզես՝ կարելի է ճնշել: Նրանք չեն գիտակցում իրենց արդեն մեկ անգամ արած գործողության հետեւանքները: Այնպես որ, էլի կճնշեն, կասեն էլի քարտեզներ տվեք: Տեսեք, եթե ի սկզբանե այս խնդիրը բանակցային թեմայի մեջ էր, Մուրադովը ասում էր՝ քարտեզները տվեք եւ բոլորին կվերադարձնեմ, ասել են՝ չկա: Բայց պարզվեց, որ ուրիշների համար քարտեզներ գտնվեցին: Բայց աշխարհը հո անխելք չի: Մեր համար ուրախություն էր մեր 15 տղաների վերադարձը: Բայց աշխարհի համար ուրախությունը դա չէ: Ուրախությունն այն է, որ գտել են թույլ օղակը, հասկացել, որ իրենց երբ պետք լինի, ում ճնշեն, որ հասնեն հաջողության:

Աշխարհի համար հիմա պարզ է, որ հայ ազգը չի ուզում իր հողի համար պայքարել, կռվել: 30 տարի ասում էր Արցախը մերն է, հետո գնում են Ստեփանակերտ, հրապարակի մեջտեղում ասում «Արցախը Հայաստան է եւ վերջ», բայց պարզվեց, որ եթե ամբողջ Արցախն էլ կորցնեին, որեւէ խնդիր չէր լինելու, եթե սա է ընտրության քվեն: Հայաստանը միշտ լինելու է այն թույլ օղակը, որի հաշվին միջազգային հանրությունը այս տարածաշրջանում իր շահերը տանելու է առաջ: Եվ դա մենք թույլ տվեցինք»

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930