Արտահերթ ընտրություններում քվեարկության արդյունքների հաշվարկի ժամանակ տեղի ունեցած սխալների, թերացումների ծավալը եւս մեկ անգամ ամրապնդում է մեր այն եզրահանգումը, որ ընտրությունները ընթացել են բացառիկ արդար, այդ սխալները որեւէ բովանդակային, էական ազդեցություն չեն ունեցել ընտրությունների վերջնական արդյունքների վրա՝ 1 միլիոն 280 հազար մասնակիցների կազմից 2700 սխալմունքը կամ թերացումը չնչին տոկոս է, որպեսզի դրա հիման վրա ԱԺ անցած խմբակցությունների հարաբերակցության վրա ազդի կամ մնացած դաշինքների ու կուսակցությունների ձայների վրա ազդի։ Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված ասուլիսում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։
Ասուլիսի մեկ այլ մասնակից՝ Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն էլ անդրադառնալով թերացումներին, որոնք բացահայտվել են վերահաշվարկի ժամանակ, ասաց՝ առաջին աղմուկը բարձրացվեց 23/47 տեղամասում, որտեղ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները հայտարարեցին, որ վերահաշվարկի արդյունքում իրենց ձայները տասնապատկվել են․ «Իրականությունն այլ է՝ այդ տեղամասում «Հայաստան» դաշինքը հավաքել էր 100 ձայն, տարածքային ընտրական հանձնաժողով մուտքագրման արդյունքում 10 էր, մեկ զրո պակաս էր մուտքագրվել, եւ բնականաբար, ընդհանուր թվերի հանրագումարն էլ խառնվել էր։ Բայց դա չի նշանակում, որ որեւիցե մեկը փորձել էր կեղծել քվեները։ Այդ տեղամասի քաղվածքում հստակ գրված է 100»։
Իոաննիսյանը մեկ այլ օրինակ էլ բերեց՝ 4/3 տեղամասում ՔՊ-ի օգտին արձանագրության մեջ գրված է 409, բայց ԿԸՀ կայքում՝ 49․ «Ակնհայտ է, որ օպերատորը զրոն չի մուտքագրել, սա եւս չի նշանակում, որ փորձել են գողանալ ՔՊ-ի ձայները։ 4/16 տեղամասում 392 պետք է գրված լիներ, բայց գրվել է 39՝ «Հայաստան» դաշինքի ձայները։ 4/2-ում ՔՊ-ի ձայները 390-ն են եղել են, բայց մուտքագրելուց զրոն մոռացել են ու 39-ն են մուտքագրել: Սա վերաբերում է բոլոր ուժերին։ Մեր հաշվարկները վկայում են, որ տեխնիկական վրիպակների պատճառով չի մուտքագրվել ՔՊ-ի մոտ 2000 քվե, «Հայաստան» դաշինքի մոտ 700, առավելագույնը 1000 ձայն։ 35/17-ում աղմուկ բարձրացվեց, որ դաշինքից գողացվել է 258 ձայն, բայց այստեղ էլ խնդիրը մուտքագրման մեջ էր, 258 ձայն արձանագրության մեջ ճիշտ գրված էր, բայց մուտքագրել էին ոչ թե 24 համարին, այլ՝ 23-ին՝ Հայաստանի Եվրոպական կուսակցության դիմաց։ Իսկ 31 ընտրատարածքի բազմաթիվ տեղամասերում առհասարակ ինքնիշխան Հայաստանի քվեները չեն մուտքագրվել»։
Պատռված քվեաթերթիկների մասին էլ Իոաննիսյանն ասաց՝ 3-րդ համարին քվեարկած բազմաթիվ քվեաթերթիկներ եղել են պատռված կամ կիսապատռված․ «Հաշվի առնելով, որ ընտրողին պետք է որ տան քվեաթերթիկ, որը վնասված չէ, եթե ընտրողն ուզում է քվեարկի 3-րդ համարին, ապա այդ չվնասված քվեաթերթիկը կդնի ծրարի մեջ, դժվար թե մոտիվացված լինի պատռելու, բայց կամ այդ ընտրողներին չեն տվել 3-րդ համարի քվեաթերթիկը եւ ընտրողը փորձել է քվեախցից վերցնել կամ ընտրողին պարտադրում էին, որ նա դուրս հանի 3-րդ համարի քվեաթերթիկը եւ նա ստիպված քվեախցիկի արկղից է վերցրել 3-րդ համարի քվեաթերթիկը եւ այն դրել ծրարի մեջ։ Այլ բացատրություն, թե ինչու էին ծրարների մեջ շատ հանդիպում հենց 3-րդ համարի պատռված քվեաթերթիկներ՝ չկան»։
Կարդացեք նաև
Արթուր Սաքունցն էլ պատմեց մեկ այլ ահազանգի մասին՝ Գյումրիում գոյություն չունեցող շենքերում հաշվառված քաղաքացիներ են ընտրության մասնակցել․ «Ճշտել ենք, որ իրապես կան այդպիսի հասցեներ, ու չկան շենքերը, բայց այդ բնակիչներն ապրում են տնակային ավաններում կամ այլ տեղերում նրանց չեն վերահաշվառել իրենց փաստացի բնակության վայրում, բայց որպեսզի համայնքում ունենան հաշվառում, որեւիցե հասցեում պետք է հաշվառեն, ու իրենց նախկին հասցեներում հաշվառումը պահպանվել է։ Ըստ էության, այդ հաշվառման հասցեներով են ներգրավվել ցուցակներում։ Եթե կլինի այնպիսի իրավիճակ, որ այդ ընտրողները երկու տարբեր ցուցակներում ներգրավված լինեն, այսինքն, կրկնակի քվեարկություն լինի, խնդրեմ, մենք այդ հարցն էլ կուսումնասիրենք։ Առայժմ չկա նման ահազանգ»։
Իոաննիսյանն էլ հավելեց՝ ընտրացուցակներում կրկնություն չեն գտել․ «Բայց մեկ թեկնածու ենք գտել, ով տարբեր կուսակցությունների ցուցակում է»։ Թե ով է՝ նա չասաց, անունը չէր հիշում, խոստացավ հետո հրապարակել։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ