Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտն ամփոփում է 2017/2021 թթ. ռազմավարական ծրագիրը, վեր հանում բոլոր խնդիրներն ու չարված քայլերը:
Ինստիտուտի պրոռեկտոր Անժելա Նուշիկյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Հիմա մենք զուգահեռաբար աշխատում ենք ռազմավարական նոր ծրագրի վրա, որն ուժի մեջ կմտնի եկող ուսումնական տարվանից: Այն նախագծային տարբերակով արդեն այսօր պատրաստ է, որում նպատակ ենք վերցրել լրացուցիչ եւ շարունակական կրթությունը՝ սպորտը իր հարակից բոլոր ոլորտներով: Օրինակ, մինչեւ այժմ մենք ունեցել ենք մերսման կարճաժամկետ դասընթացներ, բայց արդեն իսկ մեկնարկել են ֆիթնեսի մարզիչների, հրահանգիչների վերապատրաստման դասընթացները: Իսկ սեպտեմբերից նախատեսում ենք ֆուտբոլի եւ առանձին մարզաձեւերի մեկնաբանների պատրաստման կարճաժամկետ ծրագիրը:
Դրա հետ մեկտեղ նաեւ կարեւորում ենք ոչ ֆորմալ եւ ինֆորմալ կրթությունը, որը մեր կրթական ծրագրերի հետ զուգահեռ ուսանողներին տալիս է կյանքի եւ կարիերայի համար հավելյալ հմտություններ եւ գիտելիքներ, որոնք նրանք կկիրառեն հետագա կարիերայի ընթացքում: Այսինքն, դա ֆորմալ կրթությանը զուգահեռ բաղադրիչ է: Ինֆորմալ կրթության շրջանակներում մենք արդեն ունեցել ենք թվային մարքեթինգի երկամսյա դասընթացներ, որում ներգրավված են եղել քառասունից ավելի մեր ուսանողները»:
Անժելա Նուշիկյանը նաեւ տեղեկացրեց, որ հիմա իրենք Մոսկվայից հրավիրված մասնագետի օգնությամբ մեկնարկում են PR մենեջմենթի եւ մարքեթինգի եռօրյա դասընթացները, որոնց ներգրավել են սպորտի մարքեթինգի եւ սպորտի մենեջմենթի մագիստրանտները եւ մարզական լրագրության ֆակուլտետի ուսանողները: Սա հենց այն հավելյալ հմտությունն է, որն ինստիտուտը չի կարողանում տալ ֆորմալ կրթության շրջանակներում: Ընդ որում, դրանց մասնակցել են նաեւ երեք ֆեդերացիաների նախագահներ եւ ներկայացուցիչներ:
Կարդացեք նաև
«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել է ատեստավորման ենթակա ուսուցիչներին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների եւ դասընթացների ցանկը: Երաշխավորված կազմակերպությունների շարքում է նաեւ ՀՖԿՍՊԻ-ն, որտեղ վերապատրաստվելու են հանրակրթական դպրոցների ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչները: Վերապատրաստման դասընթացներում ներառված է լինելու նաեւ ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի բաղադրիչը: Այսինքն, մենք ուսումնասիրում ենք սպորտը եւ հարակից՝ սպասարկող ոլորտները, շուկան, որտեղ մեր մասնակցությունը ունենք, որպեսզի վեր հանենք բոլոր կարիքները, ի հայտ բերենք բացերը, իսկ այստեղ բացերն իսկապես շատ են, ու դրանք լրացնենք կամ վերացնենք մեր մասնագիտական, գիտական ներուժով, նոր ծրագրերով»,- եզրափակեց պրոռեկտոր Անժելա Նուշիկյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ