Լրահոս
Օրվա լրահոսը

«Առավոտյան ավելի շատ քվեարկություն եղած տեղամասերում առավել բարձր են «Հայաստան» դաշինքի ձայները, առավել ցածր՝ ՔՊ ձայները»․Դանիել Իոաննիսյան

Հունիս 25,2021 17:28

Հունիսի 20-ին խորհրդարանական արտահերթ ընտրությունների օրը Հայաստանի մի շարք մարզերում հոսանքազրկումը ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերի մոտ կասկածի տեղիք է տվել՝ դա արվել է ընտրակեղծիքներ կատարելու համար։

«Անկախ դիտորդ» դաշինքը վերլուծել է եւ համեմատել քվեարկության արդյունքներն ու հոսանքազրկված շրջանների ընտրատեղամասերի արդյունքները՝ արդյոք այդ տեղամասերում եւ հոսանքազրկման տարածաշրջաններում տարբերվում են երեք քաղաքական ուժերի՝ «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքների եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քվեները։

Այսօր «Մեդիա կենտրոնում» Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ներկայացրեց վերլուծությունները։

«Հոսանքազրկված տարածքներում էական չի քվեաթերթիկների տարբերությունը, այնպես որ, դա չի արձանագրում, որ հոսանքազրկմամբ պայմանավորված կեղծիքներ են եղել հաշվարկի ժամանակ»,-ասաց Դանիել Իոաննիսյանը։

Առավոտյան ժամը 8:00-ին մի շարք ընտրատեղամասերում ընտրողների կուտակումներ էին, եւ ինչպես Իոաննիսյանն ասաց, շատերի մոտ հարց էր առաջանում՝ արդյոք հայ ազգը իրոք այդքան վաղ զարթնող ազգ է եւ ինչո՞ւ են այսքան շատ մարդիկ եկել ընտրելու այդ ժամին։

«Այսինքն, ինչ-որ «սպեցիֆիկ» տարածքներում շատ մարդիկ առավոտյան ութին գնում են տեղամաս եւ նաեւ դրա հնարավոր բացատրություն ասում էինք՝ 8-ին ընտրողներին պարտադրել են, որ շուտ գնան ընտրատեղամասեր, որպեսզի մինչեւ քվեարկության ավարտը առավելագույն ժամանակ ունենան մյուս ընտրողներին բերելու։ ԿԸՀ-ն երեք ժամը մեկ ամփոփում է բոլոր տեղամասերի մասնակցությունը, եւ ըստ այդ տվյալների վերլուծության, առավոտյան ժամը 8-11-ին ընտրողների մասնակցությունը եղել է 12.2%։ Այն տեղամասերում, որտեղ մասնակցել է առավել մեծ տոկոսը, վերջում առավել բարձր են արձանագրվել «Հայաստան» դաշինքի ձայները, եւ այդպիսի տեղամասերում առավել ցածր են եղել ՔՊ ձայները։ «Պատիվ ունեմ» դաշինքինը համարյա չի փոխվում տվյալը։ Այն տեղամասերում, որտեղ մասնակցությունն ավելի քիչ է եղել առավոտյան ժամերին՝ ՔՊ-ի ձայներն են շատ եւ «Հայաստան» դաշինքի ձայներն են քիչ։ Այն տեղամասերում, որտեղ առավոտյան մասնակցությունն 9%-ից պակաս է եղել, ՔՊ-ն մոտ 65% է ապահովել, իսկ «Հայաստան» դաշինքը՝ մոտ 15%, փոխարենը այն տեղամասերում, որտեղ մասնակցությունը եղել է  20%-ից ավելին, ինչը նորմալ թիվ չէ, որ ընտրողների 1/5-րդը մինչեւ ժամը 11-ը գա տեղամաս, այդ տեղամասերում «Հայաստան» դաշինքը արձանագրել է 25%-ից ավելի ցուցանիշ, իսկ ՔՊ-ն՝ մոտ 50% ։ Սա, թեեւ, ուղղակի ապացույց չէ եւ դատարանում չի կարող օգտագործվել օրինակ «Հայաստան» դաշինքի դեմ, ամեն դեպքում, սա առնվազն վկայություն է այն բանի, որ առավոտյան եկած ընտրողների կուտակումները, հավանաբար, հենց «Հայաստան» դաշինքի ընտրողներն են եւ այդ ընտրողների վարքն այսպես ասած «ստանդարտ» չէ եւ օրենքի եւ տրամաբանության սահմաններում դժվար է բացատրել»,-ասաց Իոաննիսյանը։

Նրա խոսքով՝ ժամը 11։00-ից հետո նման երեւույթներ գրեթե չեն նկատվել․ «Պատկերը մտահոգիչ է, նման երեւույթ, սովորաբար, լինում է ապօրինի ազդեցության, ընտրակաշառքի դեպքում, երբ նման գործողությունների դիմող անձինք իրենց վերահսկողության տակ գտնվող անձանց հենց առավոտյան են բերում ընտրատեղամասեր, փորձում տեսնել՝ է՞լ ով չեկավ, որ հասցնեն մինչեւ երեկո հասցնել ընտրատեղամաս»։

Դանիել Իոաննիսյանն ասաց, որ գյուղաբնակ վայրերում ՔՊ-ի ձայներն ավելի բարձր են, սակայն գյուղերում մարդիկ վաղ առավոտյան են գնում ընտրատեղամաս, որպեսզի հետո անցնեն իրենց գյուղատնտեսական աշխատանքով, իսկ քաղաքաբնակները կիրակի օրերին գերադասում են առավոտյան մի քիչ երկար քնել։

Առավոտյան ժամերին մոտ 80 հազար ընտրողներն են եղել, բայց այս թիվը ամբողջ հանրապետության ընտրատեղամասերին չի վերաբերում, այլ, ինչպես Իոաննիսյանն ասաց՝ ընդհանուր տեղամասերի մոտ 1/5-րդում եւ ոչ այդքան մարզերում։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Գրաֆիկների լուսանկարները՝ Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան էջից, իսկ գլխավոր լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930