Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոնց որ պատերազմը դեռ չի ավարտվել, հենց ավարտվի, ինքը կգա». զոհված հերոսի քույր

Հունիս 25,2021 17:07

Արմանենց բակ մտնելիս մեզ դիմավորում է Արմանի մայրը՝ տիկին Քրիստինեն, ու մեզ ուղեկցում հյուրասենյակ։ Նստում ենք բազմոցին, որի կողքին Արմանի փոքրիկ անկյունն է՝ լուսանկարներով, մեդալներով և այն ամենով, ինչ մնացել է նրանից։ Նայում եմ Արմանի լուսանկարին ու հիշում իրեն, որ, չնայած մեկ անգամ էի տեսել, բայց այդպես ժպիտով էլ մնացել էր իմ մեջ։ Երկար լռությունից հետո ասում եմ՝ գիտե՞ք, Արմանը իր ժպիտով է մեջս տպավորվել։

«Բոլորի մեջ է էդպես տպավորվել։ Ասում են՝ իր նկարին նայելիս կարծես դրական էներգիա ստանանք»,- ժպիտով պատմում է Արմանի քույրը՝ Անժելան։

Արման Մաթևոսյանը Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղից էր։ Սովորել էր տեղի դպրոցում, իսկ այն ավարտելուց հետո նպատակ ուներ ընդունվել Պոլիտեխնիկական համալսարան, ճարտարապետ-դիզայներ պիտի դառնար։ Պարել էր սիրում։ Գյուղի պարի համույթում էր պարում։

«Անժ, Արմանի պարի վիդեոները ցույց տուր, տեսեք՝ ինչ լավ էր պարում Արմանս»,- ասում է Արմանի մայրը՝ նշելով, որ Արմանն ամեն ինչի մեջ կար և միևնույն ժամանակ ամեն ինչ կարող էր անել, իր մեծ հետաքրքրասիրությունն էր իրեն ամեն տեղ տանում և հավատը, հավատը, որ ամեն ինչ լավ կլիներ։ Աստծո հետ յուրահատուկ կապ ուներ՝ ասում են։ Հինգերորդ դասարանում երազ էր տեսել, որ Իրանի կողմից լույս էր եկել ու իջել սարի գլխին։ Հետո ինչ-որ ձայն իրեն ասել էր՝ սա քո սրբատեղին է։

«Դրա մասին մեզ տարիներ հետո պատմեց։ Ասում էր՝ էդ երազը տեսնելուց հետո կարծես ինչ-որ մեկն ինձ հետ անընդհատ խոսեր, ասեր՝ ինչ անեմ, որ քայլն է ճիշտ, որը՝ սխալ։ Մի օր տատիին հացի փռում օգնելու ժամանակ, երբ դրսում ուժեղ անձրև էր, ասել էր՝ տատ, սպասի, հեսա կգամ։ Ասում է՝ սպասեցի, տեսնեմ Արմանը, տանիքի մի կտոր առած, վազում էր դեպի սար։ Ասում է՝ եկավ, հարցրի՝ Արման ջան, էս ի՞նչ ես անում։ Ասեց՝ տատ կպատմեմ, բայց ոչ մեկին չասես։ Որոշ ժամանակ անց արդեն բոլորին պատմում էր երազը։ Ասում էր՝ ձայնն ինձ ասել է՝ դու պատմի, հավատացողը կհավատա, չհավատացողը չի հավատա»,- պատմում է Անժելան։

Հետո տատիկին պատմել էր երազը։ Ասում են՝ պարզվել էր, որ երազը տեսնելուց հետո տարիներ շարունակ այդ լույսի տեղում քարեր էր շարել իրար վրա, իսկ այդ տանիքի կտորը տարել ու դրել էր այդ քարերի վրա, որ չթրջվեր այդ տեղը։ Դրանից հետո փայտից խաչ էր սարքել իր համար, որ այդ տեղում դներ։ Արմանի սուրբը այսօր այնտեղ է, կողքին էլ՝ գյուղի խաչը, որ ավելի ուշ կառուցվեց։

Արման Մաթեւոսյանի կառուցած սրբատեղին

«Էս ընթացքում անընդհատ իր ու իր սրբի հետ կապված երազներով ենք ապրում։ Իր մտերիմ ընկերոջ քույրը իր թաղման օրը երազ էր տեսել, թե ինչպես էր ոտքից վիրավոր Արմանը Ծաղկեվանքի դռան դիմաց նստած։ Այդ աղջկան ասել էր՝ մի նեղվի, գնա Անժելային ասա, որ մամայենց ասի, որ երբ իմ սուրբը սարքեն, ես էդ ժամանակ կգամ։ Երկրորդ երազում էլ, որը հորաքույրս էր տեսել, սարից սպիտակ վերնաշապիկով իջել էր ներքև՝ իր նկարը ձեռքին։ Ասել էր՝ ու՞ր եք գնում, ես էստեղ եմ»,- ասում է Անժելան և հավելում, որ սրբի հետ կապված աշխատանքները պիտի սկսվեն, ու իրենք նույնիսկ ուզում են, որ քարերով հավաքած իր այդ սրբատեղին մնա եկեղեցու ներսում։

Արմանը նաև նկարում էր: Նկարչության հանդեպ սիրո մասին տանեցիները վաղուց գիտեին, բայց միայն վերջերս են իր ալբոմները թերթելիս բացահայտել, թե ինչպիսի մանրակրկիտությամբ էր տեսնում ու նկարում իր շուրջը գտնվող ամեն մի մանրուք։

«Տեսեք, մեր տունն է նկարել այ այն դիրքից»,- ցույց տալով դիրքը՝ պատմում է Անժելան: «Այս մի նկարում էլ մեր գյուղն է պատկերված։ Շատ էր սիրում մեր գյուղը։ Երբ միասին դուրս էինք գալիս գյուղով քայլելու, հարցնում էր՝ Անժ, լավա չէ՞, սիրում ես մեր գյուղը չէ՞։ Ես էլ քաղաքն էի սիրում, ասում էի՝ չէ, Արման։ Հենց ասում էի՝ քաղաքն ավելի շատ եմ սիրում, սկսում էր բարկանալ վրաս ու բացատրել, որ գյուղն ուրիշ է։ Ասում էր՝ ի՞նչ ես գտել քաղաքի մեջ, դու պիտի գյուղը սիրես, հլը նայի՝ ինչքան լավ բան կա»,-հավելում է նա։

Եղբոր ալբոմները թերթելիս՝ Անժելան ցույց է տալիս նաև այն հետաքրքիր մակագրությունները, որ եղբայրը թողնում էր անխտիր բոլոր նկարների հետևում։ Ասում է՝ բոլորն էլ Արմանին բնորոշ հումորով և յուրահատկությամբ են գրված․․․ գրել նույնպես սիրում էր և թղթին էր հանձնում այն ամենն, ինչ ապրում ու զգում էր՝ ցավ, ուրախություն և նույնիսկ նեղսրտություն, որն արտահայտելու, ցույց տալու փոխարեն ուղղակի թղթի հետ էր կիսվում։ Ու մինչ Անժելան խոսում էր եղբոր օրագրերի մասին, Արմանի մայրը, 12 թերթանի տետրերի տրցակը ձեռքին, մտավ հյուրասենյակ ու սկսեց խնամքով դասավորել ձեռքում եղած տետրերը։

«Մամ, Արմանի տետրերը տուր՝ ցույց տամ»,- ասաց Անժելան ու ձեռքը մեկնեց, որ վերցնի տետրերը։ «Բայց սրանք իր անձնականն են»,- պատասխանեց մայրն ու մեծ դժվարությամբ մեզ փոխանցեց տետրերը։ Բոլոր տետրերի վերնամասում գրված էր՝ չբացել, խիստ անձնական է, իսկ ավելի ներքևում տետրերը համարակալված էին ըստ գլուխների՝ գլուխ 1, գլուխ 2, գլուխ 2-ի շարունակություն և այլն։

Հարցնում եմ՝ չե՞ք բացել տետրերը։

«Չէ, բացել ենք»,- ասում է Անժելան,-էդ ծանր օրերին հետաքրքիր էր, թե ինչ էր զգացել, ինչ էր գրել։ Ամենաշատը նեղվել էր, որ մի քանի տարի շարունակ իր ծնունդը չէր ստացվել իր ուզածով նշել։ Ամեն տարի ինչ-որ բան խանգարել էր, որ իր ուզածով նշեինք։ Փաստորեն միշտ նեղվել էր, բայց մեզ ոչինչ չէր ասել։ Այնքան մեծ ցավ էր էդ մասին կարդալը, մտածելը, որ իր համար ինչ-որ բան չես արել․․․էլ ոչինչ չեմ կարդում իր օրագրերից, որ ավելի մեղավոր չզգամ՝ իմանալով, որ էլի բաներ կան, որոնք իր համար չենք արել»։

Նեղանալ և նեղացնել բառերն Արմանի համար չէին, իրեն բնորոշ էր լարված մթնոլորտներ ցրելը, դրականը տարածելը, դրականը տեսնելը և դրանց համար ապրելն ու պայքարելը՝ ինչպես ինքն էր ասում։

«Դե իսկ ծաղիկներ նվիրում էր անընդհատ,- նշում է Անժելան,-միշտ զարմանում էինք, թե որտեղից էր ծաղիկներ ճարում, որովհետև ամառ լիներ, թե ձմեռ, պարտադիր ծաղիկներ էր բերում»: Անժելան ցույց է տալիս մի տեսանյութ, որտեղ եղբայրն իր համար ծաղիկներ էր հավաքում ճանապարհից։

«Էս տեսանյութում մի էսպիսի բան եմ ասում՝ էս վիդեոները հատուկ նկարում ենք, որ Արմանը բանակ գնա, հիշենք իրեն։ Հիմա էդ տեսանյութը նայելիս ասում եմ՝ ինչի էդպիսի բան ասեցի»,- պատմում է Անժելան ու գլուխը կախում՝ շարունակելով փորփրել հեռախոսում եղած տեսանյութերն ու լուսանկարները։

«Տեսեք, էս ծաղիկներն էլ է ինքը դրել»,- հանկարծ ասում է Արմանի մայրն ու ցույց տալիս Արմանի անկյան կողքին դրված փարթամ բույսը։

«Հա, ծաղիկներ էլ էր աճեցնում,- ժպիտով ասում է Անժելան,-ու գիտե՞ք, հետաքրքիրն այն է, որ այն մարդու մոտ, ումից վերցրել էր այդ ծաղիկները, դրանք մինչև հիմա մի քանի ճյուղ են տվել ընդամենը, իսկ իրենը այ էսպես աճել է։ Ու ես նկատել եմ՝ էս ծաղիկը պատերազմի ընթացքում էլ ավելի ուժեղ սկսեց աճել»։

Ասում են՝ սեպտեմբերի 27-ի առավոտյան միայն մեկ նախադասություն է ասել՝ պատերազմ է սկսվել։ Իսկ մինչ պատերազմը սկզբում ծառայել է Հոկտեմբերյանի շրջանում՝ այնտեղ ստանալով կրտսեր սերժանտի կոչում, ապա վեց ամիս անց սերժանտի կոչումով տեղափոխվել է Ջրական։ Սկզբում եղել է դիրքի ավագ, ապա՝ որպես լավ ծառայող՝ նորակոչիկների սերժանտ։ Հոկտեմբերի 4-ին էլ տեղափոխվել է Հադրութ, որտեղ էլ հոկտեմբերի 10-ին մղել է վերջին մարտը։

Արմանի մոտ ընկերը՝ Վանիկը, պատմել է, որ հոկտեմբերի 10-ից առաջ 400 հոգու կանգնեցրել են ու հարցրել՝ ով կարող է սա անել, ով կարող է նա անել։ Ասում է՝ ինչ հարցնում էին, ասում էր՝ ես կանեմ, որ տեսնում էր ոչ ոք ձայն չի հանում։ Հրամանատարն էլ ասել էր՝ դե որ դու կարող էս էդքան բան անել, դու եղիր էս խմբի հրամանատար ու առաջադրանքը կատարիր։ Տանեցիներն ասում են՝ իրենք տեղյակ չեն, թե ինչ առաջադրանքի մասին է խոսքը, միայն գիտեն, որ պետք է ինչ-որ բլուր բարձրանային ու առաջ գնային։

«Էդ օրը, երբ մեր մեծ եղբայրը՝ Գևորգը, իմացել էր, որ իրեն նման բարդ առաջադրանք կատարելու հրաման են տվել, ուզում էր խոսել Արմանենց հրամանատարի հետ, որ թույլ չտա՝ երեխեքը նման բան անեն կամ էլ գոնե իր հրամանատարությամբ անեն։ Արմանը չթողեց, որ Գևորգը ինչ-որ մեկի հետ խոսի, ասաց՝ ես ինքս էդ հարցը կլուծեմ, եթե պետք լինի, կփոխվի հրամանատարը, եթե չէ՝ ես կանեմ։ Ու մինչև վերջ ինքը մնաց էդ առաջադրանքի հրամանատարը։ Երբ հասել են բլրի մոտ, էդտեղից Արմանը խումբը բաժանել է երկու մասի։ Խմբին չի թողել բարձրանալ բլուրը, ինքը միայնակ է բարձրացել, ասել է՝ սպասեք, տեսնեմ՝ ինչ է կատարվում, հետո կասեմ՝ առաջ գաք, թե չէ։ Ու երբ տեսել է, որ իր դիմաց թշնամին է, ասել է՝ կեսդ փախեք մի կողմ, մյուս կեսդ՝ մյուս կողմ։ Հենց էդ պահին նռնակը նետել են ու ինքը էդ նռնակի հարվածից զոհվել է։ Ականատեսներն ասում են, որ Արմանն է իրենց կյանքը փրկել»,- պատմում է Անժելան։

Հոկտեմբերի 10-ից հետո Արմանի հետ կապը կորել է։ Գևորգը՝ Արմանի մեծ եղբայրը սկսել է անընդհատ զանգել այն համարին, որով մեկ անգամ պատերազմի ընթացքում խոսել էր Արմանի հետ։ Հոկտեմբերի 30-ին զանգ են ստացել այդ համարից և խոսողը, ով եղել է մեկ այլ գումարտակի զինվոր, ասել է, որ իրենք խմբով ընկել են շրջափակման մեջ։ Զանգողն ասել է, որ ինքը դուրս է եկել շրջափակումից, իսկ մնացածը դեռ շրջափակման մեջ են, բայց դուրս կգան։

«Էդպես հույսով սպասեցինք, որ հեսա դուրս կգան։ Պապաս ու հորեղբայրներս անընդհատ նախարարություն էին գնում, իրենց ասում էին՝ կլուծվի էդ հարցը, կգտնենք իրենց։ Էդպես ժամանակը անցավ, հետո իրենց հրամանատարի օգնությամբ այդ նույն բլրի մոտից գտան 3 մոտ ընկերների մարմինները»,- հիշում է Անժելան։

Ասում է՝ ամանորին արդեն հաստատվել էր, որ Արմանը զոհվել է։ Գյուղում բոլորը գիտեին այդ մասին, գիտեին նաև իրենց հայրն ու հորեղբայրները։ Չգիտեին միայն տան կանայք՝ մայրիկը, ինքը և տատիկը, ով մինչ օրս չի հաշտվում թոռան կորստի հետ, հյուրասենյակ չի մտնում, որ Արմանի նկարներն իր աչքի առաջ դուրս չգան։

«Դեկտեմբերին, երբ դին փաստաթղթերով բերեցին, նույնիսկ այդ ժամանակ բոլորս սպասում էինք, որ ինքը չէր կարող լինել․․․ երևի բոլորի մոտ է էդպես, քանի դեռ իր ծառայությունը չի ավարտվել, սպասում ես, որ հեսա էդ օրը պիտի գա, հեսա հուլիսի 10-ին Արմանը կգա»,- ասում է Անժելան և ժպտում,-Կներեք, երևի շատ եմ խոսում, առաջ ես էսպիսին չէի, կարող էի գալ ու ժամերով չխոսել, բայց հիմա ոնց որ Արմանի հատկությունները ինձ փոխանցված լինեն․․․Մենք հիմա ձայնով էլ ենք իրար նման, կամ էլ շատ խոսելուց ձայնս փոխվել է»։

«Ներքուստ էդ սպասելը ինձ էլ չի թողնում, որ թուլանամ»,-ասում է Արմանի մայրը,-ինձ թվում է՝ ինքը հեսա կգա, ու էդ զգացումը միշտ մեջս կա, որ պիտի չլացեմ, հենց լացում եմ ոնց որ ինքը ասի՝ մի լացի, հերիք է լացես։ Ու ես չեմ պատկերացնում առանց իրեն, մինչև հիմա չեմ պատկերացնում»։

«Ոնց որ պատերազմը դեռ չի ավարտվել, հենց ավարտվի, ինքը կգա․․․ դժվար է, ամեն դեպքում դժվար է»,- ցածրաձայն ասում է Անժելան։

Անի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Լուսանկարները տրամադրել են Արման Մաթևոսյանի հարազատները

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930