Հունիսի 23-ին Եվրոպական հանձնաժողովը գործարկել է կորոնավիրուսի ուղղությամբ համագործակցության նոր պորտալը, որը գործընկերների որոնման հնարավորություններ է առաջարկում կորոնավիրուսային համավարակի սոցիալ-տնտեսական ասպեկտներով զբաղվող հետազոտողներին ու հետազոտական նախագծերին ամբողջ աշխարհում:
Նախաձեռնությունը սատարում է ԵՄ-ի «Գլոբալ մոտեցում՝ հետազոտություններին և նորարարություններին» ռազմավարությանը, որն ուղղված է միջազգային հետազոտական և նորարարական գործընկերությունների զարգացմանը՝ հասարակությունները կանաչ, թվային և առողջ դարձնելու համար:
«Գիտական և սոցիալական հետազոտական տվյալների փոխանակման միջոցով գլոբալ համագործակցությունը կարող է օգնել կորոնավիրուսային համավարակի համար լուծումներ գտնելուն: Երբ մենք դուրս գանք այս ճգնաժամից, կորոնավիրուսի վերաբերյալ հետազոտությունների և նորարարությունների գլոբալ համագործակցության պորտալը կդառնա արժեքավոր գործիք, որը մեզ կօգնի հասկանալ խնդրո առարկայի սոցիալ-տնտեսական ասպեկտերն ու դրանց լավագույնս արձագանքելու եղանակները», – ասել է նորարարությունների հետազոտությունների, մշակույթի, կրթության և երիտասարդության հարցերով հանձնակատար Մարիա Գաբրիելը:
Պորտալը բաց է ամբողջ աշխարհի հետազոտական կազմակերպությունների և անհատ հետազոտողների համար՝ նրանց օգնելով.
• Համագործակցել համավարակի սոցիալ-տնտեսական ասպեկտներին վերաբերող հետազոտական նախագծերի շուրջ.
• Ստեղծել գործնական կապերի և գործընկերների որոնման հնարավորություններ.
• Կապ հաստատել այլ հետազոտողների հետ և մեծացնել իրենց գործունեության ազդեցությունը.
• Համակարգել տեղեկատվության փոխանակումը.
• Փոխլրացնել կորոնավիրուսային համավարակին ուղղված այլ առցանց հարթակների հետ սիներգիաները:
Կարդացեք նաև
2020 թ.-ին Հանձնաժողովը գործարկեց մի շարք հատուկ գործողություններ, որոնք կորոնավիրուսի ուսումնասիրմանը 1 միլիարդ եվրո ուղղելու խոստման մաս էին կազմում: Նշված գործողությունները վերաբերում են համաճարակաբանությանը, բռնկումներին պատրաստությանը և արձագանքմանը, ախտորոշման, բուժման և պատվաստման միջոցների մշակմանը, ինչպես նաև այդ հետազոտությունների իրականացումը հնարավոր դարձնող ենթակառուցվածքներին և ռեսուրսներին:
EU NEIGHBOURS east