Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջին տեղում Հանրայինն է, երկրորդում` «Երկիր մեդիան» է, իսկ երրորդ տեղում` «Շանթը». Բորիս Նավասարդյան

Հունիս 25,2021 14:51

«Մեր մշտադիտարկումն անցկացվում է 3 փուլով: Առաջին փուլը պաշտոնական քարոզչությանը նախորդող շրջանն էր, որը սկսեցինք մայիսի 31-ին եւ այդ փուլն ավարտվեց հունիսի 6-ին: Երկրորդ փուլում պաշտոնական քարոզչության շրջանում ԶԼՄ-ների աշխատանքն է ուսումնասիրվել, որն ընդգրկում է հունիսի 7-ից մինչեւ 18-ը: Մենք քանակական մշտադիտարկում չենք իրականացրել, այսպես կոչված, լռության ժամերին` հունիսի 19-ին եւ քվեարկության օրը, բայց հետեւել ենք, թե ինչպես են աշխատում լրատվամիջոցները: Երրորդ փուլը սկսվել է հունիսի 20-ին ժամը 8-ից, որը շարունակվելու է 2 շաբաթ»,- «Մեդիա կենտրոնում» խոսելով ՀՀ ԱԺ ընտրությունների լուսաբանման մշտադիտարկման մասին՝ հայտնեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:

ԵՄԱ նախագահը նշեց, որ փորձելու են ուսումնասիրել, թե ինչպես են ԶԼՄ-ները լուսաբանում նաեւ հետընտրական ժամանակաշրջանը: Բորիս Նավասարդյանը հավելեց, որ դիտարկվել է 7 հեռարձակվող լրատվամիջոց, դրանք են 6 համապետական հեռարձակում ունեցող հեռուստաընկերությունները` Հանրայինը, «Կենտրոնը», «Երկիր մեդիան», «Շանթը», «Արմենիան» եւ ATV-ն: Մշտադիտարկվել է նաեւ Հանրային ռադիոյի աշխատանքը:

Նա ներկայացրեց հիմնական միտումները: Ըստ այդմ, ԵՄԱ նախագահի խոսքով, ընտրությունները լուսաբանելու առումով ակտիվություն է ցուցաբերել Հանրային հեռուստաընկերությունը. «Եվ բոլորից հաճախ էր անդրադառնում ընտրության թեմաներին, եւ եթերային ժամանակով Հ1-ի կողմից լուսաբանումն ավելի ինտենսիվ էր: Մենք համեմատություն ենք արել նախորդ ընտրական ցիկլերի միջեւ, եւ պետք է ասեմ, որ երկրորդ անգամն է, որ Հ1-ը ամենամեծ ակտիվությունն է ցուցաբերում ընտրությունների լուսաբանման առումով: Այդպես էր նաեւ 2018-ին, իսկ դրանից առաջ Հանրայինը զիջում էր մասնավորներին, ինչը առավել ցայտուն է դրսեւորվել 2012-13թթ ընթացքում»:

Բորիս Նավասարդյանը, վերլուծելով իրավիճակը, նշում է վերը նշվածի պատճառը. «2012թ.-ից Հանրայինը մի տեսակ հանվեց քաղաքական քարոզչության տիրույթից եւ ավելի կենտրոնացավ այլ թեմաների վրա, իսկ քարոզչական եւ քաղաքական մրցակցությունը տեղափոխվեց մասնավոր հեռուստաընկերություններ, որոնք ներկայացնում են տարբեր շահեր, բայց մենք հասկանում ենք, որ մինչեւ 2018թ. իշխանությանը մոտ կանգնած քաղաքական ուժերի ազդեցության տակ էին գտնվում հիմնական հեռուստաալիքները: 2018-ից իրավիճակը փոխվեց, եւ շատ մասնավոր հեռուստաալիքներ գտնվում են ընդդիմության ազդեցության տակ, եւ երեւի նաեւ դրանով է պայմանավորված, որ Հ1-ն ակտիվացրեց իր աշխատանքը քաղաքական միջավայրում եւ մասնավորապես ընտրությունների լուսաբանման առումով»:

ԵՄԱ նախագահը նշեց, որ ակտիվությամբ երկրորդ տեղում «Երկիր մեդիան» է, իսկ երրորդ տեղում` «Շանթ» հեռուստաընկերությունը. «Եթե մինչեւ վերջին ընտրությունները «Կենտրոնը» մասնավոր հեռուստաալիքներից ակտիվությամբ մրցակցում էր «Երկիր մեդիայի» հետ` ընտրական թեմային ծավալով եւ անդրադարձների հաճախականությամբ, ներկայումս «Երկիր մեդիան» պահպանեց դիրքերը, իսկ «Կենտրոնը» նվազեցրեց իր հետաքրքրությունը` եւ ծավալով, եւ հաճախականությամբ»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը` Մեդիա կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930