Լրահոս
Օրվա լրահոսը

Հապա նայի՛ր քո ընտրությանը. դու ինդուլգենցիա տվեցիր Փաշինյանին՝ իր երեք տարվա, հիմնականում բացասական, արած-չարածների համար. Մեսրոպ Հարությունյան. «Ալիք մեդիա»

Հունիս 25,2021 12:44

Նամակ հայրենակցիս

«Ալիք մեդիա». Ողջո՛ւյն, սիրելի՛ հայրենակից, որ 53+ տոկոսով իշխանությունը կրկին հանձնեցիր Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կուսակցությանը։

Ի տարբերություն նույն Փաշինյանի սիրո ու հանդուրժողականության մասին կեղծ ու սենտիմենտալ լոզունգների` ես, իսկապես, միանգամայն անկեղծորեն սիրում ու հարգում եմ քեզ։ Ավելին՝ ես հարգում եմ նաեւ քո ընտրությունը, հայրենակի՛ց, թեպետ այն, ըստ էության, ընդդեմ էր. ընդդեմ Քոչարյանի եւ ոչ թե հանուն երկրի զարգացման։ Մյուս կողմի ընտրությունն էլ նույնն էր. մոտ 22 տոկոս մեր հայրենակիցներն ընդդեմ Փաշինյանի իրենց ձայնը տվեցին Քոչարյանին։

Բայց սա չէ իմ թեման, էս մասին վերլուծաբանները շատ բան կգրեն դեռ։

Հայրենակի՛ց բարեկամ, հիշո՞ւմ ես, միջնադարում կաթոլիկ եկեղեցին մեղքերի թողության թուղթ ուներ, ինդուլգենցիա էր կոչվում։ Հապա նայի՛ր քո ընտրությանը. դու ինդուլգենցիա տվեցիր Փաշինյանին՝ իր երեք տարվա, հիմնականում բացասական, արած-չարածների համար։ Եթե դու թվարկես գոնե երեք դրական բան Փաշինյանի իշխանության երեք տարիներից, ես իմ նամակը կչեղարկեմ։

Ես հիմա ուզում եմ հիշեցնել նաեւ, որ կաթոլիկ եկեղեցին մեղքերի թողության թուղթը՝ ինդուլգենցիան, հաճախ տալիս էր նախապես. վերցնում էիր այդ թուղթը եւ կարող էիր գնալ ու սպանել հարեւանիդ. քո մեղքը արդեն ներված էր։

Սիրելի՛ հայրենակից, քո 53+ տոկոսով դու Փաշինյանի ու նրա կառավարության ե՛ւ հին մեղքերը (ավելի արմատական մեկը կգրեր՝ հանցագործությունները) ներեցիր, ե՛ւ ազատորեն նոր մեղքեր (ավելի արմատական մեկը կգրեր՝ երկիրը կործանման տանող մեղքեր) գործելու ինդուլգենցիա տվեցիր։ Ու այսուհետեւ բողոքելու, առավել եւս հայհոյելու իրավունքից ինքդ քեզ զրկել ես։

Արդ՝

Երբ տեսնես, որ կյանքդ վատանում է, գները ահավոր բարձրանում են, եկամուտդ չի ավելանում, իսկ կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այդ պրոբլեմներով զբաղվելու փոխարեն իր ողջ եռանդն ուղղել է այսպես կոչված «նախկինների» դեմ անիմաստ ու անարդյունավետ պայքարին, չհայհոյես. այդ դու էիր, որ քրքջալով ինդուլգենցիա — «չաքուջ» էիր նվիրում նրան, թեպետ թվարկածս տեսել ու մաշկիդ վրա զգացել էիր նախորդ երեք տարիներին։

Երբ քո երկրի սահմանների «դեմարկացիայից» հետո կամ նույնիսկ դրանից էլ առաջ պարզվի, որ դու այլեւս ամառային արոտներ չունես, որովհետեւ սահմանապահ «խաղաղարարը» քեզ չի թողնում հոտդ կամ նախիրդ տանես քո սիրած սարերը, չբողոքես ու չընդվզես. դո՛ւ տվեցիր այդպես վարվելու մանդատը։

Մեսրոպ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930