Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից ավելի է մեծացել, քան ղարաբաղյան պատերազմից առաջ էր». թուրքական մամուլը՝ ՀՀ-ում ընտրությունների վերաբերյալ. «Ազգ»

Հունիս 25,2021 12:55

Թուրքական մամուլը, ինչպես և իշխանությունները, ՀՀ խորհրդարանական ընտրություններին մոտենում է Ադրբեջանի նկատմամբ հայկական իշխանությունների դիրքորոշման, Զանգեզուրի «միջանցքի» հանդեպ վերջիններիս մոտեցման տեսանկյունից: Թերեւս դա է պատճառը, որ այս երկու հարցերն էլ գրեթե անխտիր արծարծվում են թուրքական թերթերի ընտրություններին նվիրված բոլոր հոդվածներում:

Հունիսի 23-ի համարում «Հայաստանի ընտրություններն ու Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները» վերնագրով խնդրո առարկա հարցին անդրադարձել է նաեւ «Միլլիեթ»-ը: Այս թերթը իշխանամետ է: Սակայն, երբ խոսքը վերաբերում է Հայաստանին եւ հայերին, թուրքական թերթերը, իշխանամետ թե ընդդիմադիր, իրարից չեն տարբերվում: Պարզապես, այս թերթի հոդվածագիրը պրոֆ. Քեմալ Չիչեքն է:

Ահա թե ինչ է գրել. «Հայաստանյան ընտրությունների վրա իր կնիքը թողեց այն հարցը, թե Հայաստանը ինչ դիրքորոշում կորդեգրի Թուրքիայի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի հանդեպ: Որքան էլ Փաշինյանը հանդես գա Թուրքիայի, Ադրբեջանի դեմ, այնուամենայնիվ, մատնանշել է, որ հավատարիմ է մնալու ղարաբաղյան պատերազմի ավարտին ստորագրված եռակողմ հայտարարությանը: Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը նրան մեղադրեցին ռազմադաշտում պատերազմը տանուլ տալու, իսկ Ղարաբաղը բանակցությունների սեղանին կորցնելու մեջ: Սակայն, ինչպես երեւում է Փաշինյանը քարոզարշավի կրակոտ ելույթներով կարողացել է համոզել հայ հասարակությանը, ասելով. «Պատերազմում պարտության իրական պատասխանատուները բանակին ծանր կացության մեջ գցած նախկին առաջնորդներն են, որոնք խուսափել էին փոխզիջման դիմաց Ադրբեջանին հանձնել հարակից 7 շրջանները: Քոչարյանի եւ Սարգսյանի այս անհաշտ քաղաքականությունը նախադրյալներ ստեղծեց, որ մասնակի կորցնենք Ղարաբաղը»:

Անկախ նրա ազդեցիկ այս ելույթից, քաղաքական դիտորդները դժվար են համարում Փաշինյանի միանձնյա իշխանությունը: Ըստ նրանց՝ ոչ մի պատճառաբանություն չի կարող վարչապետին ազատել պարտության ծանր պատասխանատվությունից: Նվազել էր նրա ժողովրդականությունը հատկապես Երեւանում: Այդ իսկ պատճառով, ինչպես Սարգսյանը, այնպես էլ Քոչարյանը Փաշինյանին մեղադրեցին դավաճանության, նույնիսկ Թուրքիայի եւ Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ:

Դա մի կողմից, իսկ մյուս կողմից ե՛ւ Քոչարյանը, ե՛ւ Սարգսյանը քարոզարշավի ընթացքում հրապարակ իջան Թուրքիային եւ Ադրբեջանին հասցեագրված ատելության արտահայտություններով: Քոչարյանը խոստացավ, որ Ռուսաստանի աջակցությամբ կհզորացնի Հայաստանի բանակն ու պատերազմով հետ կվերցնի Շուշին ու Հադրութը: Ինչպե՞ս: Այս հարցը պատասխան չունի:

Սարգսյանի քարոզարշավն էլ իր բովանդակությամբ առանձնապես չէր տարբերվում Քոչարյանի քարոզարշավից: Սակայն, վերլուծաբանների հավաստմամբ ժողովուրդը դեռ չէր մոռացել նրա օրոք կատարված քաղաքական սպանությունները, գագաթնակետին հասած կոռուպցիան, կաշառակերությունն ու անօրինականությունները:

Որպես Հայաստանին եւ հայկական հարցին տարիներ շարունակ հետեւող մասնագետ կարող եմ ասել, որ ինչ ուժեր էլ իշխանության գան Հայաստանում, իշխանության կազմելու դեպքում պարտավոր են Ռուսաստանի հետ ունենալ լավ հարաբերություններ: Դա նույնիսկ վերաբերում է թավշյա հեղափոխության շնորհիվ եւ Արեւմուտքի աջակցությամբ իշխանության եկած Փաշինյանին: Կասկածից վեր է, որ Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից ավելի է մեծացել, քան ղարաբաղյան պատերազմից առաջ էր: Այդ ճշմարտությունը լավագույնս նկատող Քոչարյանը անտեղի չէր բացականչում, թե Փաշինյանը փչացրել է Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները, այդ իսկ պատճառով էլ պարտվել են: Նա հաճախակի ընդգծում էր, որ ինքը Պուտինի բարեկամն է»:

Հակոբ ՉԱՔՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930