Լրահոս
Օրվա լրահոսը

Ճիշտ կլինի մտածել, թե ինչպես ստացվեց, որ պատերազմից առաջ հզոր բանակ ունեինք, իսկ հետո պարզվեց, որ այնքան էլ հզոր չէր. Հակոբ Ասատրյան. «Օրեր»

Հունիս 25,2021 12:04

Նորանկախ Հայաստանում անցած երեսուն տարիներին երբեք գաղափարական պայքար չի տարվել եւ առավել եւս նման ընտրություն չի կատարվել։ Մշտապես ընթացել է անձերի եւ խմբավորումների պայքար, ավելին՝ ֆետիշացում։ Հիմնականում հաղթանակը ապահովել են դեմագոգիան, պոպուլիզմը եւ ընտրակեղծիքները, եւ իհարկե, վարչական ռեսուրսները, որոնցից զերծ չմնացին նաեւ վերջին ընտրությունները։ Տարբերությունը միայն չափերի մեջ է։

Հաջորդը ժողովրդի անտարբերությունն է։ Հասարակության մի ստվար զանգված այնպիսի հոգեբանական ապրումներ է ունեցել պատերազմից հետո, որ իր կյանքում իշխանափոխությունը կամ նոր ընտրության մասնակցությունը դարձել է երրորդական գործոն։ Ու որքան էլ իշխող ուժը գոռա, թե «Ապագա կա», իրականությունը ցույց տվեց, որ այդ ապագային հավատում է Հայաստանի բնակչության ընդամենը 26 տոկոսը, այսինքն՝ 1\4-ը։ 54 տոկոս ձայն ՔՊ-ն ստացել է ընդամենը ընտրությունների մասնակիցների ընդհանուր թվից։ Մեծամասնության համար այդ ապագան մշուշոտ է ու անորոշ։ Ավելին, միայն վերջին վեց ամիսներին արդեն իսկ Հայաստանից հեռացել է մոտ 80 հազար մարդ։ Եվ ամենաահավորը հենց այդ անտարբերությունն է եւ Հայաստանից գաղթելով քվեարկությունը, որ հնարավորություն է տալիս երկրի կառավարումը տապալած, տարածքներ հանձնած եւ հուսահատության ու արտագաղթի նոր ալիքի դուռը բացած իշխանություններին նորից մնալ ջրի երեսին։

Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ եթե ինքը ընտրվել է, ապա առնվազն Նապոլեոնն է, եւ կարող է մեծամտաբար որոշումներ կայացնել, առանց լուրջ մասնագետների կամ փորձառու դիվանագետների հետ խորհրդակցության, սփյուռքի ու Հայաստանի փորձառու անհատների հետ մտքերի փոխանակության։ Նա չի ընկալում, որ այդ ուժեղ թիմի բացակայությունն ու րոպեական անհավասարակշռված որոշումների ընդունումն էր, որ բերեց այս ողբերգական իրավիճակին։

Համազգային արհեստավարժ կառավարություն կլինի միայն այն դեպքում, երբ նրա անդամները լինեն ոչ թե Գյումրիից Երեւան քայլողները, կամ կուսակցական կիսագրագետ կարիերիստները, այլ տարբեր ժամանակներում աշխատած փորձառու ու հայրենասեր, պրագմատիկ ու գրագետ մարդիկ։ Նրանք կարող են լինել հակառակ բեւեռներից, բայց կարեւորը լծվեն երկիրը կործանումից փրկելու գործին։ Հայրենասեր եմ գրում, քանի որ առանց դրա չես կարող ազնիվ ծառայել քո երկրին ու ժողովրդին։ Ավելին ասեմ, կառավարությունը պետք է գլխավորի ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլ իր թիմակից որեւէ հավասարակշռված եւ փորձառու անհատ։ Ինքը կարող է լինել Ազգային ժողովի նախագահ, քանի որ անցած երեք տարիները ցույց տվեցին, որ Նիկոլ Փաշինյանը զուրկ է կառավարման հմտություններից եւ երկրի համար ճակատագրական պահերին հավասարակշռությունը պահելու ունակությունից։ Նա այդպես էլ ընդդիմադիր գործչից չկարողացավ աճել եւ դառնալ կառավարության ղեկավար, մնաց «ֆեյսբուքի վարչապետ»։ Բայց իհարկե, սա անիրական առաջարկ է, քանի որ Փաշինյանի ամբիցիաներն այնքան մեծ են, որ նա նման քայլի չի կարող գնալ։ Հետեւաբար, հույս ունենալ, որ առաջիկա տարիներին լուրջ փոփոխություններ կլինեն, այնքան էլ իրատեսական չեմ համարում։

Եթե կառավարության ղեկավարը պատերազմի օրերին կառավարման օպերատիվ շտաբ չկարողացավ ստեղծել, չհավաքեց մի սենյակում հին ու նոր փորձառու բոլոր ուժերին, որպեսզի համատեղ երկիրը դուրս բերեն օրհասական իրավիճակից, ապա դժվար է պատկերացնել, թե այս ընտրություններից հետո ինչ նոր ձախավերություններ կարող է թույլ տալ։ Իսկ պատերազմի պարտության մի շարք գլոբալ պատճառների թվում է նաեւ հմուտ կառավարման իսպառ բացակայությունը։ Եվ ամենակարեւորը՝ մեղքի ու զղջման բացակայությունը։

Ավելի ճիշտ կլինի մտածել, թե ինչպես ստացվեց, որ պատերազմից առաջ մենք հզոր բանակ ունեինք, իսկ հետո պարզվեց, որ նա այնքան էլ հզոր չէր։ Թեեւ իրականում բանակը՝ մեր զինվորները հզոր էին, հրամանատարությունն էր անկազմակերպ ու անձեռահաս՝ վերից վար։ Եվ բոլորը՝ Գերագույն գլխավոր հրամանատարից մինչեւ նախարար ու դասակի հրամանատար պետք է ռազմական տրիբունալի առաջ պատասխան տան, թե ինչու այդպես ստացվեց։ Այլապես պատերազմի մասին հյուսվող իրական ու անիրական լեգենդները նոր սերնդին կզրկեն հայրենիքը պաշտպանելու բնական պարտավորությունից։

Պետք է պայքարել եւ ամրապնդել պետականությունը՝ ամեն մեկն իր տեղում եւ իր չափով։ Իշխանությունները գալիս ու գնում են, Հայրենիքը մնում է։

Հակոբ ԱՍԱՏՐՅԱՆ
ՕՐԵՐ եվրոպական ամսագրի խմբագիր

Հոդվածն ամբողջությամբ՝ «ՕՐԵՐ» եվրոպական ամսագրում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930