Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ:
Նախագահ Սարգսյանն ասել է, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը վերջին տարիներին իր դերակատարումն է ունեցել մեր երկրի քաղաքական կյանքում, ինչը չափազանց գնահատելի է:
Նշվել է, որ «Լուսավոր Հայաստան»-ը մեկն էր այն քաղաքական ուժերից, որ երկրում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար ի սկզբանե պաշտպանեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման գաղափարը, ինչը կարևոր որոշում էր պետության կայունության ու ապագայի տեսանկյունից: Հանրապետության նախագահը հույս է հայտնել, որ թեև արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներով «Լուսավոր Հայաստանը» չի մտնում Ազգային ժողով, այդուհանդերձ, կուսակցությունը ակտիվ գործունեություն կծավալի նաև խորհրդարանից դուրս՝ ի նպաստ երկրի զարգացման ու առաջընթացի:
Խոսելով իրենց առաջիկա ծրագրերի մասին՝ Էդմոն Մարուքյանը մասնավորապես ասել է, որ «Լուսավոր Հայաստան»-ը շարունակելու է ներկայացնել ու պաշտպանել իրենց դավանած արժեքներն ու գաղափարները:
Կարդացեք նաև
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև ներքաղաքական իրավիճակի շուրջ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ