Ժողովրդական երգչուհի, վոկալի ուսուցչուհի, երգարվեստում տարիների վաստակ ունեցող Գոհար Խաչատրյանին Մեծավանի գյուղապետի ԺՊ Արման Վարդանյանն աշխատանքից ազատել է այն բանի համար, որ նա քարոզարշավի ժամանակ իրեն մոտեցած թղթակցի հարցին պատասխանելով՝ իր կարծիքն է հայտնել ներկայիս կառավարության մասին:
Փաշինյանին ու նրա թիմակիցներին նա չի վիրավորել, ընդամենը մի բնորոշում է արել՝ ժողովրդական լեզվով։ «Ներկայիս կառավարությունը,- ասել է Գոհարը թղթակցին,- լեզվից ճարտար է, խելքից՝ անճար»:
Պատմում է Գոհար Խաչատրյանը. «Ես գնացել եմ աշխատանքի, ու գյուղապետը, որն ունի 8-ամյա կրթություն, ինձ ազատեց աշխատանքից: Ասաց՝ էդ ելույթը, որ դու ունեցել ես մեր իշխանության մասին, հիմա գնա, ում որ պաշտպանել ես, ումը որ ձայն ես տվել, նրանից էլ քեզ համար աշխատանք ուզի»: Գոհար Խաչատրյանը չի թաքցնում, որ ձայն է տվել Քոչարյանին:
ՔՊ-ական գյուղապետ Արման Վարդանյանը լարվեց ու բարկացավ, երբ լսեց Գոհար Խաչատրյանի անունը: Նա հերքեց, թե որեւէ «քաղաքական զրույց» է ունեցել երգչուհու հետ: «Նա երեկ ինձ մոտեցել-ասել է՝ բան ունեմ խոսալու, ասել եմ՝ ժամանակ չունեմ էս պահին Ձեզ հետ խոսալու, տեղ եմ գնում, ու գնացել եմ իմ գործերին: Էդքան բան: Ես նրա հետ ոչ մի հարց չեմ քննարկել»,- ասաց գյուղապետը: Այսինքն՝ ընտրության թեմայով ոչինչ չե՞ք ասել: «Սուտ ա ասել, զանգեք-ասեք՝ սուտասան, խի՞ ես սենց բան ասել: Պայմանագիր ունի, ավարտվում է, իր տնօրենի հետ կորոշեն, հարկ համարի՝ կգա-կաշխատի, չի համարի՝ ոչ: Ես ո՞վ եմ, որ իրա տնօրենի փոխարեն հարց որոշեմ»,- ասաց գյուղապետը:
Կարդացեք նաև
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում