Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ոչ ոք երաշխիք չունի, որ Արցախի նախագահի հրաժարականի դեպքում կարող ենք անցկացնել նոր ընտրություններ եւ ձեւավորել նոր իշխանություն. Վահրամ Աթանեսյան. «Հայկական ժամանակ»

Հունիս 25,2021 10:25

Քաղաքագետ, Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը կարծում է, որ իրականում Արցախում նախագահի հրաժարականի հանրային պահանջ չկա, ակցիայի նախաձեռնողները փորձում են հայաստանյան պարտությունից չարացածությունը պարպել Ստեփանակերտում:

Վահրամ Աթանեսյան

– Նման տեսակետներ կան, որ եթե հիմա Արայիկ Հարությունյանը հրաժարական տա՝ Արցախում ընտրություններ տեղի չեն ունենա եւ հայկական երկրորդ պետությունը կմնա առանց ղեկավարի: Համամի՞տ եք այս տեսակետների հետ:

– Գիտեք, նման հավանականություն կա, ոչ ոք չի կարող հերքել եւ ոչ ոք չի կարող երաշխավորել, որ այդպես չի լինի: 2017 թվականին Արցախին պարտադրվել է Հրայր Թովմասյանի եւ Ռուբեն Մելիքյանի հեղինակած մի Սահմանադրություն, որը իրավական նոնսենս է: Ըստ այդ Սահմանադրության, եթե նախագահը հրաժարական է տալիս, ավտոմատ պետք է լուծարվի նաեւ պառլամենտը: Պատկերացնո՞ւմ եք այսօրվա իրավիճակում Արցախում ինչ թոհուբոհ կարող է առաջանալ: Այսօր Արցախի ընտրողների 1/3-ը բռնատեղահանված է, Շուշի, Հադրութ, Քաշաթաղ, Քարվաճառի շրջաններ, Ասկերանի գյուղեր, Մարտակերտի շրջանի Թալիշ, Մատաղիս…30 հազարից ավելի բնակիչ այսօր գտնվում է դրսում: Ինչպե՞ս է ապահովվելու այդ մարդկանց ընտրելու իրավունքը. Հայաստանում բացվելու են ընտրատեղամասե՞ր. մեկը ապրում է Դիլիջանում, մեկը՝ Գյումրիում, Երեւանում տարբեր տեղեր ցրված են: Հենց տեղում՝ Արցախում, ունենք սահմանային բնակավայրեր, որոնք ուղղակի առաջնագծի վրա են: Այսինքն` ընտրությունների կազմակերպման բազմաթիվ տեխնիկական խնդիրներ կան, առաջին հերթին:

Երկրորդ, գործող Սահմանադրության պայմաններում նախագահի փոփոխությամբ իրավիճակը չի փոխվելու, փոխվելու է մեկ անձ: Արայիկ Հարությունյանը հրաժարական է տալիս, նրա փոխարեն ընտրվում է Պողոս Պողոսյանը: Դա ոչինչ չի փոխում:

Մենք պետք է ընդունենք նոր իրավիճակին հարիր Սահմանադրություն, մի Սահմանադրություն, որը նման ճգնաժամային իրավիճակների համար հատուկ լուծումներ ունի: Գուցե պետք է կառավարման կոլեգիալ մարմին, գուցե պետք է ամրապնդվի նախագահի ինստիտուտը, գուցե քաղաքական քննարկումները կարող են բերել նրան, որ վերականգնվի վարչապետի պաշտոնը՝ գործադիր իշխանությունը իրականացնի վարչապետը, օրենսդիրը՝ ԱԺ-ն, իսկ նախագահը լինի արբիտր, ինչպես ընդունված է ամբողջ աշխարհում: Հիմա մեր երկրի նախագահը օրվա աշխատանքային 14-15 ժամվա գերակշիռ մեծամասնությունը անցկացնում է սոցիալական, տնտեսական հարցերի լուծումներ գտնելու վրա, բայց դա գործադիրի գործառույթ է: Նախագահից որոշակի դժգոհությունների պատճառը հենց դա է:

Ոչ ոք չի բողոքում, օրինակ, ԱԺ անգործությունից. 33 պատգամավոր նստած բարձր աշխատավարձ են ստանում, բայց ամիսը 2 անգամ 1-2 ժամանոց նիստ են գումարում ընդամենը, եւ փաստացի այն օրենքները, որ ընդունվում են Հայաստանում, որոշակի փոփոխություններով տեղայնացնում են այստեղ:

Նման հարցեր պետք է քննարկվեն այսօր, կառավարման համակարգի օպտիմալացման հարց պետք է քննարկվի, պետք է քննարկվի քաղաքական դաշտի առողջացման հարց:

Թե չէ անձի փոփոխությունից ոչինչ չի փոխվի: Եվ նորից վերադառնալով ամենասկզբին ասեմ, այո, ոչ ոք երաշխիք չունի, որ նախագահի հրաժարականի դեպքում կարող ենք անցկացնել նոր ընտրություններ եւ ձեւավորել նոր իշխանություն: Նման երաշխիք չկա: Այդ երաշխիքները պետք է լինեն միայն գրավոր, ասենք Մինսկի խմբի համանախագահության կողմից երաշխիք Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ պայմանավորվածության, որ մենք գնանք այդ քայլին: Հակառակ պարագայում կզրկվենք Արցախի սուբյեկտայնության վերջին ռեսուրսներից:

– Մի կողմ թողնելով տեխնիկական խոչընդոտները, կարո՞ղ եք մանրամասնել, թե ինչո՞ւ եք կարծում, որ երաշխիք է անհրաժեշտ հրաժարականից առաջ:

– Որովհետեւ Ադրբեջանը կարող է դեմարշ հայտարարել եւ ասել՝ ես չեղարկում եմ բոլոր հարցերի քննարկումները, որովհետեւ Արցախում անցկացնում են «ապօրինի» ընտրություններ: Խոսքն այն մասին չէ, որ գալու են տեղամասերը փակեն: Ո՛չ: Խոսքը այն մասին է, թե այդ ընտրություններն անցկացնելուց հետո մենք միջազգային ի՞նչ ռեակցիա ենք ունենալու, ի՞նչ վերաբերմունք ենք ունենալու, լեգիտիմության ի՞նչ չափ է ունենալու ընտրությունների արդյունքում ձեւավորված իշխանությունը: Ես առաջարկել եմ այսպիսի մի քայլ. եկեք գնանք սահմանադրական փոփոխությունների ճանապարհով, եւ դա կարող է լինել միջազգային արձագանքի ինդիկատոր: Եթե այդ պրոցեսը լինի ընդունելի, ընկալելի, չբարդացնի առանց այն էլ շատ բարդ բանակցային իրավիճակը, ապա կարող ենք գնալ նաեւ ընտրությունների:

– Պարոն Աթանեսյան, նախագահի պաշտոնավարման ժամկետը մի օր լրանալու է: Ի՞նչ երաշխիք կա, որ այս նույն պատճառները, որոնք ըստ ձեզ հիմք են ընտրություններ չնախաձեռնելու համար, այդ ժամանակ չեն լինելու:

– Նախագահը 2020 թվականին է ընտրվել եւ լիազորությունները սպառվելու են 2025-ին: Նա պաշտոնավարել է մեկ տարուց մի քիչ ավելի ժամանակահատված, որի 44 օրը պատերազմ էր եւ հետպատերազմական ճգնաժամային իրավիճակ: Այս ֆորսմաժորային իրավիճակում ի՞նչ կարելի է պահանջել մի նախագահից, որը ԶՈՒ գլխավոր հրամանատար չի եղել, ՊԲ-ն ենթարկվել է ՀՀ Գլխավոր շտաբին եւ քաղաքական ղեկավարությանը: Հիմա ես դատապաշտպան չեմ, բայց դատեք օբյեկտիվորեն, ի՞նչ պետք է աներ այդ մարդը, որ չի արել: Բանը երբեմն հասնում է զավեշտի, ինչ-որ մեկը ելույթ է ունենում եւ ասում է՝ իմ հոր կամ պապի գերեզմանը մնացել է Հադրութում, նախագահը ինչո՞ւ հնարավորություն չի ստեղծում տեղափոխել: Մարդկայնորեն ողբերգություն է, ոչինչ ասել չես կարող, բայց իրական առումով կարելի՞ է նման պահանջ դնել:

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930