Քանդակագործ Հայկ Թոքմաջյանը աշխարհահռչակ ռոք երաժիշտներ System of a Down (SOAD) խմբի անդամների խմբաքանդակն է արել: Քանդակը դեռ գիպսային տարբերակով է, բայց առաջիկայում քանդակագործն այն բետոնապատ է դարձնելու:
Հայկ Թոքմաջյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց, որ նախաձեռնությունն իրենն է, որեւէ մեկի պատվերը չէ: «Մտահղացումն այսպիսին էր՝ ստեղծել կոմպոզիցիոն մի էնպիսի աշխատանք, որը մնայուն լինի»,- ասաց նա:
Թոքմաջյանը մոտ 1 տարի առաջ է դիմել Երեւանի քաղաքապետարանին քանդակը մայրաքաղաքում տեղադրելու խնդրանքով: Քաղաքապետարանից ողջունել են առաջարկն ու ասել՝ որեւէ խնդիր չեն տեսնում: Ռոք երաժիշտների քանդակը կտեղադրվի Երեւանի այգիներից մեկում:
Հետաքրքրվեցինք, թե երբ են խմբի տղաներն իմացել, որ իրենց քանդակն է լինելու Երեւանում ու ինչ արձագանք են տվել: «Հենց սկզբից էլ տեղյակ էին: Տղաների հետ կապի մեջ եմ տարբեր սոցիալական հարթակներով: Շատ գոհունակությամբ են ընդունել առաջարկը»,- ասաց Թոքմաջյանը: Նա նաեւ նշեց, որ այս ընթացքում գործի վերաբերյալ բազմաթիվ մասնագիտական կարծիքներ է հասցրել լսել. հիմնականում դրական են: «Իհարկե՝ եղել են նաեւ ոչ այնքան դրական կարծիքներ կամ դիտողություններ, որոնք օգնել են ինձ»,-եզրափակեց քանդակագործը:
Կարդացեք նաև
Աղունիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում