Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս են համագործակցելու խմբակցությունները

Հունիս 25,2021 10:00

Ըստ սահմանադրագետ Վարդան Պողոսյանի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի ունենա նոր խորհրդարանում ձայների 2/3-ը եւ, հետեւաբար, չի կարողանա միայնակ ընդունել սահմանադրական օրենքներ եւ ձեռնարկել Սահմանադրության փոփոխություններ: Եթե իշխանությունը մտադիր է հանդես գալ նման օրենսդրական փոփոխություններով, ապա իշխող ուժը պետք է բանակցի երկու ընդդիմադիր խմբակցությունների հետ:

Ի վերջո, եթե, ասենք, երեք խմբակցություններն էլ համաձայն են, որ Սահմանադրությունը պետք է փոխվի այսպես կամ այնպես, ապա ի՞նչը պետք է խանգարի նրանց համագործակցել կոնկրետ այս հարցում: Զարգացած ժողովրդավարական պետություններում դա սովորական պրակտիկա է, այնտեղ քաղաքական մշակույթը ոչ միայն չի բացառում, այլեւ ինչ-որ տեղ խրախուսում է, որ իշխանական եւ ընդդիմադիր խմբակցությունների մեջ լինեն նորմալ գործնական, անգամ բարեկամական հարաբերություններ: Հայաստանի նախորդ խորհրդարանում նույնպես նման համագործակցությունը հնարավոր էր, եւ դրա պատճառներն առնվազն երկուսն են:

Առաջինն այն է, որ 7-րդ գումարման ԱԺ-ում հայտնված ընդդիմադիր ուժերը ի սկզբանե ընդդիմադիր չէին: Թե՛ «Լուսավոր Հայաստանը» եւ թե՛ ԲՀԿ-ն 2018 թվականի հեղափոխությունից անմիջապես հետո կանգնեցին Փաշինյանի կողքին եւ նույնիսկ որոշ ժամանակ մտել էին կառավարության կազմի մեջ:

Համենայնդեպս հիշեցնեմ, որ Դաշնակցությունը նույնպես կողմ քվեարկեց Փաշինյանի վարչապետ դառնալուն, եւ նույնպես ներկայացված էր կառավարությունում: (Այնուհետեւ դաշնակցական եւ ԲՀԿ-ական նախարարները հեռացվեցին՝ վարչապետի հերթական նյարդային նոպայի ժամանակ): Նախորդ խորհրդարանում համագործակցության երկրորդ պատճառն այն էր, որ ԲՀԿ-ն ղեկավարում է Գագիկ Ծառուկյանը, որը խոշոր գործարար է եւ, հետեւաբար, խոցելի է՝ իշխանությունը ցանկացած պահին կարող է նրա վրա հարկային տեսչություն կամ որեւէ այլ ուժային ուղարկել: ԲՀԿ-ում կային նաեւ այլ մարդիկ, որոնց վրա իշխանությունը լծակներ ուներ եւ նրանցից մեկը՝ Սերգեյ Բագրատյանը, սահուն կերպով անցավ ՔՊ-ի շարքերը:

Այս խորհրդարանում «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքները ի սկզբանե ձեւավորվել են որպես ներկա իշխանության անհաշտ ընդդիմադիրներ, եւ ընտրարշավի ընթացքում ինչ ասես ասում էին Փաշինյանի եւ նրա թիմի հասցեին: Հանուն արդարության պետք է ասել, որ վերջիններս շատ ավելի անզուսպ եւ անդաստիարակ էին իրենց դրսեւորում: Առայժմ ես չեմ պատկերացնում, որ նրանց եւ ՔՊ-ի միջեւ հնարավոր է որեւէ համագործակցություն: Բայց իրավիճակը գուցեեւ փոխվի: Համենայնդեպս, դրական գործոն է երկու նախկին նախագահների բացակայությունը խորհրդարանում. մեկն ի սկզբանե չէր առաջադրվել, մյուսն, ըստ ամենայնի, կհրաժարվի մանդատից: Մնացած ընդդիմադիր պատգամավորները հիմա արդեն պարտավորված չեն կոշտ հռետորաբանություն կիրառել, եւ դա, մասնավորապես, երեւաց «Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդ Արթուր Վանեցյանի այս շաբաթ կազմակերպած ասուլիսից: Այնպես որ՝ ընդդիմադիր դաշինքները հնարավորություն ունեն ժամանակի ընթացքում «արդիականանալու» եւ այլեւս չընկալվելու որպես «նախկինների» ներկայացուցիչներ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Armen says:

    Քաղաքականության մեջ էլ գործում է բումերանգի օրենքը՝ ապագա կունենան այն ուժերը, որոնք հիմնականում կամ գոնե մասամբ պետության շահը վեր կդասեն նեղ քաղաքականից:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930