Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ընտրությո՞ւն, թե՞ վրեժխնդրություն

Հունիս 25,2021 13:00

Մեծ ասմունքող, ժողովրդական դերասան Վլադիմիր Աբաջյանը մի առիթով ասում է. «Ես ատում եմ դիպլոմավոր անկիրթներին, Սեւակ ու Նարեկացի չիմացող իրավաբան փաստաբաններին, մեր գիրն ու գրականությունը չիմացող» ու այսպես շարունակում էր։ Երբ հիշում եմ նրա մտահոգ դեմքը հիմա, ավելի շատ բան եմ հասկանում, թե ինչ էր ուզում ասել Վարպետը:

Տեսնելով երեքների հեղեղը՝ երեկվանից մտածում եմ, ո՞ր մեղքերիս համար, էս ի՞նչ անարդարության պատուհաս է չոքել մեր դռանը: Ինչպես կարողացավ դատարկ «ապագա կա» -ն վաստակել այսքան քվե։

Ճիշտն ասած, նախընտրական պրոցեսի ողջ ընթացքում այս չարաբաստիկ «ապագա կա»-ն իմ մոտ ասոցացվում էր գլխավոր գերագույնի՝ «ինչ էլ լինի մենք մեզ պարտված չենք համարելու» հայտարարության հետ, նույնքան բովանդակազուրկ, նույնքան վտանգավոր, անորոշ, նենգամիտ։ Վախենում էի, ասում էի՝ Աստված ջան, հեռու տար սա մեզանից, թող չկատարվի։

Փորձենք սթափ դատել, հասկանալ միասին, թե ինչպիսի եւ ինչ գործերի արդյունքում քայլարածներն արժանացան ժողովրդի կայուն վստահությանը։ Արայիկ մեծն «կրթարարը» կրթությունն այնպես բարեփոխեց, որ բոլոր ծնողներիս ճակատին լույս եւ հույս գծագրվեց, Արսեն մեծն «բժշկարարը» առանց պարգեւավճարի այնպես սրտացավ ու կոմպետենտ աշխատեց, որ բոլորի բերանը բաց մնաց, հիվանդներն ու բուժանձնակազմն էլ մնացին նրան պարտք, մեծն «վեհակալը» այնպիսի աշխարհացունց քայլեր կատարեց, առակներով ու սաղմոսներով այնպես խոսեց, որ Աստծուն էլ հասկանալի դարձավ, որ սրանք անփոխարինելի են։ Ողջ ժողովուրդը երկրի ներսում ու դրսում, միջազգային հանրությունն էլ մյուս կողմից, սկսեցին Հայաստանի վարչապետի փառքի մասին շշնջալ։

Իհարկե, նման բան չեղավ, ոչինչ էլ չարեցին, կամ արեցին հակաժողովրդականը, չծառայեցին ժողովրդին, արդարությունը չվերականգնեցին, գողացած փողերը պետական գանձարան չմուծվեց, օլիգարխիան շարունակեց գործել մեծ թափով, տնտեսությունը չզարգացավ, աշխատատեղեր չավելացան, արտագաղթը նոր թափ ստացավ, պատերազմում ծանրագույն պարտություն կրեցինք, երկրի անվտանգությունը վտանգվեց, Արցախի 3/4-ը կորցրեցինք։

Արեցին միայն այն, ինչ իրենց պետք էր։ Նախ լավ հարստացան, նոր մակարդակի նյութեղենությամբ սկսեցին շնչել ու արտաշնչել, ժողովրդի հույսն ու ծարավը իսպառ մոռացան։ Պատերազմի Սուրբ նահատակներին սկսեցին մինուս-պլյուսով հաշվել, ժողովուրդն ով է, որ ասի՝ թուրքը որտեղ պիտի կանգնի կամ չկանգնի, Շուշին դժգույն քաղաք է, ավելորդ խոսացողները ասֆալտին կփռվեք, պատերին կծեփվեք… եւ այլն։
Շատ կարելի է խոսել, բացել բոլոր փակագծերը, բայց դա հետո, սակայն ինչ եղավ, դա օրինաչափություն է, դրանից փախչել չենք կարող։
Երկու խոսքով ուզում եմ անդրադառնալ «ընտրություն» հասկացության իրավական, բարոյական եւ հոգեբանական ասպեկտին, որոնց պարտադիր միաժամանակյա առկայությունը միայն կտա ընտրության լեգիտիմությունը։ Հակառակ դեպքում դա ընտրություն չէ, այլ հաշվեհարդար, վրեժխնդրություն, ռեւանշ, արկածախնդրություն, ինչ ուզում եք կոչեք, միայն ոչ ընտրություն։

Ընտրություն կոչված ռեւանշը սկսվել էր դեռեւս անցյալ տարվա նոյեմբերի 10-ից, երբ քաղաքական ուժերը ակտիվացան, ոմանք կուսակցություններ բացեցին, մյուսները այս կամ այն բեւեռում սկսեցին տեղեր ման գալ, իշխանությունից սկսվեց առնետավազքը, ակտիվացան գողական շրջապատի մարդիկ, ամբողջ հասարակությունը սկսեց եռալ, միայն ոչ այն հարթակներում, որում պետք է եռար, ասենք՝ ծանր պատերազմի եւ դրա հետեւանքների վերացման հարթակ, պատերազմում պարտության պատճառների եւ փաստերի ուսումնասիրության հարթակ, տուժածների խնամքի, զոհվածների եւ գերիների ընտանիքների նկատմամբ սրտացավության հարթակ, եւ այլն, խնդիրների պակաս չկար եւ չկա։

Շարունակվեց այն, ինչ վաղուց էր սկսվել, բոլորը բոլորի վրա թքած ունեին, բոլորից կարեւորը հենց իրենք են, որ կան, մյուսները բոլորը դավաճան են, այսպես շարունակվեց հասարակության բթացման եւ վրեժխնդրության «հաջողված» հեղափոխական եւ հետհեղափոխական գործընթացը, իսկ հասարակությունը, որն արդեն ընտելացել էր այս «հաճույքին», միանգամից խայծը կուլ տվեց՝ շարունակելով ստեղծագործել «փրկչի» կերպարը, նոր՝ ավելի վառ գույներով։

Հասարակությունը ենթարկվեց եւ կուլ գնաց ատելության ամենակուլ էմոցիաներին, ինչպես վարժեցված մազոխիստը կտրվի հերթական դաժանությանն ու ստորությանը։

Հիմա փորձում եք մեղադրել հանրությանը, իզուր, ինչ տվել եք, այն էլ ստանում եք։ Դուք եք հասարակությանը բթացրել, հիմա ինչ եք ուզում նրանից ստանալ։ Սրա տուժողն էլ, հեղինակն էլ մենք ենք, գիտակից անգործներս։

Բանականությունը կարծես լքել է մեզ, իմաստության ու պատասխանատվության փոխարեն միայն փողով ենք չափում։ Մինչեւ ո՞ւր, էլ ճանապարհը չկա, այս իրավիճակում փողն էլ է անզոր։

Հանրությանը չմեղադրեք, մենք ենք պատասխանատվություն կրում ամեն ինչի եւ երկրի ճակատագրի համար։ Ինչ ցանել ենք, այն էլ կհնձենք, սա է անփոփոխ ճանապարհը, բարին սերմանիր, որ բարիք հնձես։

Խաչիկ ՄԱՐՈԶՅԱՆ,
իրավապաշտպան, ԻՀՄԱ նախագահ

Հ.Գ. «Փրկչի» կառավարությունը ոչ միայն չվերացրեց մոլորությունը, այլ այն ավելի խտացրեց եւ երեք տարվա ընթացքում թանձրացրեց ստերով, անորոշությամբ, պոպուլիզմով կերակրելով մեր հասարակությանը: Կրթության «լուսապայծառ» Արայիկ Հարությունյանը խեղեց կրթությունն ինչքան կարողացավ, մյուս «լուսապսակները» օրենքներ ընդունեցին, որ հանրությանն այլասերեն, մյուսները պարգեւավճարները հալալ քրտինքի պես կերան, իսկ «փրկիչը» սաղմոս է ասում: Վերջը՝ բարի:

«Առավոտ» օրաթերթ
24.06.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Armen says:

    Ժամանակին Սերժ Սարգսյանի աֆորիզմը տեղին չեր, իսկ հիմա ինքն է՝ յ ա ի ր ո՞ ք:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930