Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Էդգար Վարդանյան. «ԲՀԿ-ի ձայների զգալի մասը գնացել է Ռոբերտ Քոչարյանին, ՀԱԿ-ինը՝ ՔՊ-ին»

Հունիս 25,2021 14:00

Արտահերթ ընտրություններից հետո, հունիսի 21-ին Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքում Փաշինյանը հայտարարեց՝ Հայաստանում քաղաքական ճգնաժամը հաղթահարված է։ Մինչ այս ընտրությունները, շատ քաղաքական գործիչներ, վերլուծաբաններ կարծիք էին հայտնում, որ անգամ ընտրություններով այդ ճգնաժամը չի հաղթահարվի, նույնիսկ հետընտրական բացասական զարգացումներ, ցույցեր, բախումներ էին կանխատեսում։

Այսօր ցույցեր եւ բախումներ չկան, զարգացումներ կան՝ մի շարք ընտրատեղամասերում վերահաշվարկ է կատարվում, որոշ կուսակցությունների եւ դաշինքների քվեները տեղ-տեղ ավելանում են, տեղ-տեղ՝ պակասում։ «Հայաստան» դաշինքը հայտարարել է, որ դիմելու է Սահմանադրական դատարան, որոշ ուժեր մերժել են Փաշինյանին՝ քաղաքական խորհրդակցություններին հրաժարվում են մասնակցել, որոշներն էլ՝ մասնակցում են։

Այսօր կարելի՞ է ասել, որ քաղաքական ճգնաժամը հաղթահարված է։

Անկախ քաղաքական վերլուծաբան Էդգար Վարդանյանն «Առավոտ»-ի հետ զրույցում ասում է՝ նախ պետք է հասկանալ՝ իսկ ո՞րն է այդ ճգնաժամի բովանդակությունը, հիմքը։ Նրա հետազոտությունները ցույց են տվել, որ տարբեր խաղացողներ, մեկնաբաններ տարբեր կերպ են մեկնաբանել այդ ճգնաժամը, տարբեր բովանդակություն են հաղորդել այդ հասկացությանը, ուստի դա սուբյեկտիվ ընկալում ունի, սուբյեկտիվ դատողություններ են, ուստի հարցը՝ հաղթահարվե՞լ է ճգնաժամը, թե՞ ոչ, կախված է գնահատականից, մեկի համար՝ այո, հաղթահարվել է, մյուսի համար՝ ոչ։

«Խորհրդարանական կառավարման համակարգում քաղաքական ճգնաժամ լինում է այն ժամանակ, երբ խորհրդարանական մեծամասնությունը դադարում է մեծամասնություն լինել եւ հնարավորություն չի լինում ձեւավորել նոր մեծամասնություն, որպեսզի ձեւավորվի նոր կառավարություն։ Նման ճգնաժամերը հաղթահարվում են նոր արտահերթ ընտրություններով։ Մեզ մոտ նման բան չի եղել, դասական առումով ճգնաժամ չի եղել։ Եղել է քաղաքական լարվածություն, տարբեր խաղացողներ այն միտքն են առաջ քաշել, որ կասկածում են, որ Փաշինյանն ունի այն լեգիտիմությունը, որն ուներ մինչ պատերազմը։ Փաստացի իշխանությունները գնացին արտահերթ ընտրությունների, որպեսզի այդ հարցը ստանա պատասխան։ Եւ արդյունքում «Քաղաքացիական պայմանագրի»-ի համոզիչ հաղթանակը ցույց է տալիս, որ կառավարությունն ու Փաշինյանն ունեն հանրային լայն աջակցություն, ընտրողների մեծամասնությունը վստահում է կառավարությանը։ Եթե լեգիտիմությունն էր հարցականի տակ, դա այլեւս չի կարող հարցականի տակ դրված լինել»,-ասում է պարոն Վարդանյանը։

Նա նշում է՝ քանի որ քաղհասարակության տարբեր սուբյեկտներ, մի շարք ընդդիմադիր քաղաքական ուժեր, տարբեր անհատներ, փորձագետներ, նաեւ՝ միջազգային, այդ թվում՝ ԱՊՀ դիտորդներն ընտրությունները գնահատում են որպես ժողովրդավարական, մրցակցային, նշանակում է, որ այդ առումով լեգիտիմության խնդիր չունի իշխանությունը. «Եւ դա հանգեցնելու է լարվածության թուլացմանը, հնարավորություն է ստեղծվելու նոր օրակարգ առաջ քաշելու, նոր լուծումներ գտնելու։ Փաշինյանն արդեն խորհրդակցություններ է իրականացնում»։

Պարոն Վարդանյանը կարծում է՝ հաշվի առնելով, որ դիտորդներն էլ արձանագրել են ժողովրդավարական ընտրություններ, ՔՊ-ն շատ մեծ առավելությամբ է հաղթել, ՍԴ-ն հիմքեր չի կարող գտնել բավարարելու «Հայաստան» դաշինքի դիմումը. «Նրանք հակված են խորհրդարանում հակառեժիմային կարգավիճակի դերում հանդես գալ, նրանք այդպես են փորձելու առաջ քաշել իրենց նպատակները։ Դա չի նշանակում, որ չեն փորձելու փողոցային պայքար իրականացնել։ Նրանց նպատակն է անել ամեն ինչ՝ հարվածել իշխող ուժին, հեղափոխության արժեհամակարգին։ Ես հետազոտել եմ մի շարք քաղաքական գործիչների հռետորաբանությունը՝ ինչպիսի գաղափարներ են առաջ քաշում եւ կարող եմ ասել՝ այսօրվա խորհրդարան անցած ուժերի հռետորաբանությունը աջ ծայրահեղական էր, հիմնված է կոնսպերոլոգիական տեսությունների վրա, ծայրահեղ պահպանողական գաղափարների վրա, նրանք փորձել են եւ փորձելու են շահարկել հանրութան պահպանողական շերտի հույզերը, տրամադրությունները։ Նրանք ռուսամետ կողմնորոշում ունեն»։

Արդյոք ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի գրանցած արդյունքները՝ շեմը չհաղթահարելը սպասելի էր։ Ի պատասխան այս հարցի պարոն Վարդանյանն ասում է՝ ԲՀԿ-ի ձայների զգալի մասը գնացել է Ռոբերտ Քոչարյանին. «Եւ քանի որ Ռոբերտ Քոչարյանն, այսպես ասած, հակահեղափոխական ճամբարի առաջնորդն էր, նա կարողացավ հակահեղափոխական դաշտի ընտրազանգվածի մեծ մասին իր կողմը քաշել, այդ առումով, ԲՀԿ-ն կարծես թե չէր էլ դիմադրում»։ ԲՀԿ-ն նաեւ, ըստ պարոն Վարդանյանի, ի տարբերություն նախկին ընտրությունների ժամանակ իրականացրած քարոզարշավի, այս անգամ կարծես բավականին համեստ քարոզարշավ էր անում։

Արդյոք ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հռետորաբանությունն էլ ազդեց ելքի վրա. պարոն Վարդանյանն ասում է՝ այո, ազդել է։
«Բոլորը հասկանում էին, որ հեղափոխական օրակարգը առաջ էր քաշում նախկինների վերադարձը թույլ չտալը, իսկ դրա իրական հնարավորություն ունեցող միակ ուժը ՔՊ-ն էր, ուստի շատ քաղաքացիներ ընտրեցին ՔՊ-ին, որպեսզի օգնեն այս ուժին հաղթել՝ կանխելով նախկինների հնարավոր վերադարձը եւ կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի հաղթանակը։ Պետք է նկատել, որ ՀԱԿ-ի ընտրազանգվածը շատ գաղափարներով նման է ՔՊ-ի ընտրազանգվածին, առնվազն այն հարցը, որ հավասարաչափ չեն ցանկանում նախկինների վերադարձը, սա իրենց ընդհանրությունն է։

«Շատերի համար, իսկապես, չափազանց կոշտ կարող էին թվալ Լեւոն Տեր-Պետրոսյանի գնահատականները, եւ ինչ-որ տեղ կարող էին վանել նրանց։ Մի կարեւոր գործոն էլ կա՝ մարդիկ հակված էին լավատեսական օրակարգին սատարելու, եւ դեպրեսիվ վիճակից դուրս գալու ցանկություն կար։ Շատերի համար ՔՊ-ի՝ «Ապագա կա» կարգախոսն ավելի գրավիչ էր, իսկ Տեր-Պետրոսյանի ներկայացրած վատատեսական գնահատականերն ու կանխատեսումները մոտիվացնող չէին։ Ինչո՞ւ պետք է մարդիկ քվեարկեին այն քաղաքական ուժին, որն ասում է՝ ամեն ինչ վատ է լինելու, ոչինչ չենք կարող փոխել, ամեն ինչ տանուլ ենք տվել, «Լրջացեք» ու նաեւ գնահատակները հնարավոր է, որ իր դերը խաղացել է եւ ՀԱԿ-ի պոտենցիալ ընտրողների մի հատված այնուամենայնիվ ձեռնպահ է մնացել քվեարկելուց կամ քվեարկել է, ամենայն հավանականությամբ, ՔՊ-ի օգտին։ Բայց հիմնական գործոնն այն էր, որ շատերի մոտ կար գիտակցություն, միայն ՔՊ-ն ունի լայն աջակցություն եւ նա փաստացի կարող է կանխել նախկիների վերադարձը»,-ասաց Էդգար Վարդանյանը։

Նրա դիտարկմամբ՝ կարեւոր է, որ երկարաժամկետ կտրվածքով Հայաստանում ձեւավորվեն 2-3 ուժեղ ժողովրդավարական կուսակցություններ, միմյանց հավասարազոր, որոնք կարող են մրցել մեկը մյուսի հետ, եւ որպեսզի նրանք այլընտրանքներ լինեն. «Կարեւոր է հասնել նրան, որ ընտրություններում ով էլ հաղթի՝ ժողովրդավարությունը կամ ժողովուրդը չպարտվի»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.06.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930