2008-2018թթ. Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցրած Սերժ Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել BBC-ին՝ հայտարարելով, որ հենց ղարաբաղյան հարցը լուծելու և հաշտության գործընթաց սկսելու ցանկությունն է իրեն ստիպել 2018թ-ից հետո պահել իշխանությունը:
Սարգսյանն ասել է, որ այդ ժամանակ ձևավորվել էին բոլոր նախադրյալները հակամարտության կարգավորման համար, իսկ Հայաստանի նոր իշխանությունները խաթարել են բանակցային գործընթացը և կոպիտ սխալներ թույլ տվել, որոնք դարձել են պատերազմում պարտության պատճառներից մեկը:
Սարգսյանը հերքել է այն թեզը, թե հայկական կողմը ձգձգում էր բանակցությունները, քանի որ ցանկանում էր պահպանել ստատուս քվոն: «Մենք վարում էինք շատ կառուցողական և դինամիկ բանակցություններ: Ոչ մեկ չի կարող մեզ մեղադրել նրանում, որ մենք «ոչ մի թիզ հող» գաղափարն էինք առաջ տանում կամ միտումնավոր ձգձգում էինք գործընթացը»,- ասել է նա:
Ըստ Սարգսյանի՝ գործընթացը պետք է ընթանար հետևյալ կերպ. Ադրբեջանին վերադարձնել հինգ շրջանները՝ առանց հստակ ամսաթվի հանրաքվե անցկացնելու համաձայնության դիմաց, իսկ հետո մյուս երկու շրջանների վերադարձ՝ հանրաքվե անցկացնելու և խաղաղապահներ տեղակայելու դիմաց:
Կարդացեք նաև
«Դուք ոչ մի պարագայում չէիք կարող լսել ինձնից, որ մենք երբեք չենք վերադարձնի այդ տարածքները: 2001թ. ես անգամ խորհրդարանի ամբիոնից հայտարարեցի, որ Աղդամը իմ հայրենիքը չէ… Ես պատրաստ էի կրել դավաճանի խարանը, բայց լուծել հարցը, որպեսզի այսպիսի ճակատագրի չարժանանայինք»,- ասել է Սարգսյանը:
Խոսելով արտահերթ խորհրդարանական ընտրություններում Նիկոլ Փաշինյանի կուսակցության հաղթանակի մասին՝ Սարգսյանն ասել է. «Այո, ես կարծում եմ, որ նա հաղթել է ընտրություններում, բայց այդ հաղթանակի հետ կապված առաջ են գալիս բազմաթիվ հարցեր»: Այդ հարցեր թվում նա նշել է քվեարկությունից մի քանի ամիս առաջ ընտրական օրենսգրքի փոփոխությունը, վարչական ռեսուրսի կիրառումը, իրենց ակտիվիստների խուզարկությունները և նրանց նկատմամբ ճնշումները:
Հարցազրույցն ամբողջությամբ
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ