ԱԺ արտահերթ ընտրություններից հետո, սահմանված ժամկետներում վերահաշվարկ է իրականացվել նաեւ թիվ 23 ընտրատարածքի 4 ընտրատեղամասում, որոնք եղել են տարածքային հանձնաժողովի նախաձեռնությամբ. «Որեւէ դիմում- բողոք որեւէ հարցով չենք ունեցել: Մեր ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա հետեւություն ենք արել, որ այդ տեղամասերում հնարավոր են խնդիրներ լիներ: Թվերի եւ արձանագրությունների անհամապատասխանություններ են եղել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց թիվ 23 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Պապանյանը:
2 օր առաջ վերահաշվարկ է կատարվել թիվ 23/47 ընտրատեղամասում, արդյունքում «Հայաստան» դաշինքի ձայները 90-ով ավելացել են: Իսկ այսօր վերահաշվարկ է կատարվել եւս 3 ընտրատեղամասում՝ թիվ 23/38, 23/46, 23/50. «Անճշտություններ եղել են՝ կտրոնների, դրոշմանիշների եւ ցուցակային մասնակիցների թվի հետ կապված: Փոքր անճշտություններ են եղել՝ մինչեւ 2, 3 նիշի տարբերությունով: Այս ընտրատեղամասերում կուսակցության ձայների որեւէ փոփոխություն չի եղել»,- ասաց Պապանյանն ու հավելեց, որ այս պահի դրությամբ դեռեւս վերահաշվարկի համար դիմած որեւէ դիմում չկա:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ