Aravot.am–ը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանից հետաքրքրվեց, թե կա՞ արդյոք մշակված ծրագիր հայ ծրագրավորողների հոսքը դեպի արտերկիր կանխելու։
Նախարարն ասաց, որ նորագույն տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանն ունի 20 հազար մասնագետ, որը չնչին թիվ է կարիքներն ու պահանջարկը բավարարելու համար։
«Մենք ունենք երեք կարևոր ուղղություն․ առաջին ուղղությունը կրթական է, պատրաստ ենք վերապատրաստել շատ մասնագետներ։ Ոլորտում ունենք 20 հազար մասնագետ, որը չնչին թիվ է այն կարիքների, պահանջարկի բավարարմանը, որը որ այսօր կա։
Երկրորդ ուղղությունը ներգաղթն է, դա վերաբերում է մեր հայրենակիցներին։ Բարեբախտաբար, պիտի ասեմ վերջին շրջանում մենք ուղղակիորեն տեսնում ենք այդ փոփոխությունը, երբ մեծ քանակով հայազգի մասնագետներ գալիս են Հայաստան՝ բարձր տեխնոլոգիական ոլորտում աշխատելու, ձեռնարկություններ ստեղծելու, ինչպես դա արել են 2000-ական թվականներին նույնիսկ, երբ որ մեր երկրում վերածնվում էր բարձր տեխնոլոգիական ոլորտը։
Կարդացեք նաև
Եվ երրորդը, իհարկե, ամեն ինչ պիտի անենք, որ մեր մասնագետները մնան և աշխատեն Հայաստանում։ Եվ դրա համար բազմաթիվ գործիքներ ենք կիրառում, ուղղակիորեն ենք աշխատում մասնագետի հետ, ուղղակիորեն ենք աշխատում մեր ընկերությունների հետ, որովհետև մասնագետին պահելը ոլորտային խնդիր չէ, դա ընդհանուր երկրի անվտանգության, երկրի կայունության, մշակութային միջավայրի, կրթական միջավայրի խնդիր է։
Ինչու են գնում երկրից, ապագայի, հավատի բացակայության պատճառով, ուրեմն պիտի ամեն ինչ անենք ապագան, հավատը, հույսը մեծացնելու․ լավ կրթական համակարգ ստեղծելու, որ մեր երեխաները լավ կրթվեն, լավ մշակութային միջավայր ստեղծենք, որ մենք լավ միջավայրում ապրենք։ Կարծես թե, եթե դրանք լինեն, մենք ամեն ինչ ունենք այստեղ ապրելու և դրսի մասին չմտածելու»,- ասաց նախարարը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ