«Բաքուն ձգտում է Սյունիքում եւ Գեղարքունիքում սահմանների սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում որքան հնարավոր է շատ զիջումներ պոկել Երեւանից»,- այսօր Սպուտնիկ Արմենիա մամուլի սրահում կայացած «Ընտրությունները Հայաստանում` հայացք Մոսկվայից», թեմայով Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ ասաց ՌԴ Պետական դումայի միգրացիայի և քաղաքացիության հարցերով հատուկ ներկայացուցիչ, ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը:
Ռուս պատգամավորը Ադրբեջանի քաղաքականությունը որակում է «ոչ ամենախելամիտը», քանի որ հենց ադրբեջանցի զինծառայողներն են թափանցել Հայաստանի տարածք. «Ընդ որում, նրա առաջնորդը, փաստացի, հարձակումներ է գործում Հայաստանի եւ հայ ժողովրդի վրա՝ ցուցաբերելով նեղճակատ ազգայնականություն»:
Խոսելով ճգնաժամը Ռուսաստանի ջանքերով լուծելու մասին՝ Կոնստանտին Զատուլինն ասաց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախընտրում է խնդրի լուծման ավելի մեղմ ձեւ՝ փորձելով ազդել բանակցային գործընթացի բոլոր մասնակիցների վրա:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ