Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մեր նախարարությունում աշխատում են դաշնակցականներ, նրանց զավակներ, ԲՀԿ-ականների հարազատներ, որոնք իրենց պարտականությունների մեջ չեն թերանում. Ռոմանոս Պետրոսյան

Հունիս 24,2021 17:40

Երեք տասնյակ պարիսպ, շենք-շինություն, կցակառույց ապամոնտաժվել է: Այսօր այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը: Ասաց, որ ահռելի միջոցներ են պետք շուրջ 1650 այդպիսի շենք-շինություն ապամոնտաժելու եւ հեռացնելու համար: Նախարարի պաշտոնակատարի խոսքով, աշխատանքները շարունակելու են, քանի որ այդ ապօրինի շենք շինություններն ուղղակիորեն ազդում են Սեւանի էկոհամակարգի վրա:

Ռոմանոս Պետրոսյանից հետաքրքրվեցին՝ Շրջակա միջավայրի նախարարությունո՞ւմ էլ են սկսվել բռնաճնշումներ աշխատակիցների նկատմամբ, որոնք ընդդիմադիր հայացքներ ունեն, նախարարի պաշտոնակատարն ասաց, որ ինքը հերքում է նման տեղեկատվությունը եւ որ իրենց նախարարությունում աշխատում են «կարկառուն դաշնակցականներ, նրանց զավակները, ԲՀԿ կուսակցության ներկայացուցիչների հարազատներ,  որոնք նորմալ աշխատում են եւ իրենց պարտականությունների մեջ չեն թերանում: Նախընտրական կամ ընտրական գործընթացում մեր նախարարությունում որեւէ մեկը, որեւէ մեկին ոչինչ չի ասել»:

Հարցին, փորձում եք Կոտայքի մարզում համայնքապետերի վրա ճնշումներ գործադրել քաղաքական հայացքների համար, Ռոմանոս Պետրոսյանը պատասխանեց՝ նման բան գոյություն չունի, «որպես Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար՝ իմ քաղաքական գործունեությունը խարսխված է Կոտայքի մարզում իր ենթադրյալ բաղադրիչներով, ես գործում եմ իմ լիազորությունների շրջանակներում»:

Ռոմանոս Պետրոսյանն անդրադարձավ նաեւ այն համայնքապետերին, որոնք նախընտրական քարոզարշավի ընթացքում սատարում էին ընդդիմադիր քաղաքական ուժերին:

«3 տարի շարունակ այդ համայնքապետերի հետ միասին արդյունավետ աշխատել ենք, սուբվենցիոն ծրագրեր ենք ներմուծել, տների ժապավեններ կտրել, իսկ այդ պարագայում կազուս է առաջանում, երբ 3 տարի մենք արդյունավետ աշխատել ենք համայնքապետերի հետ, բայց հիմա նրանք հայտնվում են ընդդիմադիր քաղաքական գործչի ցուցակում, ով քննադատում է մեր 3 տարվա գործունեությունը: Քավ լիցի իրենց ընտրությունն է, բայց կա քաղաքական խելամտության, ողջախոհության կարեւորագույն գործոնը»:

Շրջակա միջավայրի նախարարը խոսեց նաեւ արտահերթ ընտրությունների արդյունքների եւ «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքների կողմից ՍԴ դիմելու մասին:

«Սահմանադրական դատարանի այս կազմի կողմից ես չեմ բացառում որևէ անակնկալ: Ես համոզված եմ եւ վստահեցնում եմ ձեզ, որ չեն կարող Սահմանադրական դատարան ներկայացնել գեթ մեկ փաստարկ, որը իրավական պետության նորմերով ՍԴ-ի գործիքակազմերով կարող է այնպիսի որոշման կայացնել, որ էական ազդեցություն թողնի ընտրությունների վավերականացման վրա»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930